Երկիր դրախտավայր

Քարտեզին նայելով ` հրամանատար Ստեփան Գևորգյանն ասաց.

-Գուցե կան աշխարհում այս բարձրության վրա տեղակայված ստորաբաժանումներ, ռազմակայաններ, սակայն մարտական հենակետեր` դժվար թե…

Ու հիմա Մռավի լեռնագագաթ ենք բարձրանում Արսեն Համբարձումյանի ու Վանիկ Ավագյանի հետ:

Հենակետերի փոքրիկ դիտակետ-պատուհաններից երևում էր մառախուղի մեջ կորած աշխարհը: Այդ պատուհաններից զինվորներ Երանես Կարապետյանը, Կարեն Սիմոնյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հարություն Ղազարյանը նայում էին աշխարհին ու բացատրություններ տալիս: Խոսում էին հանգիստ, ինքնավստահ: Երեկոյի հետ հրաժեշտ ենք տալիս տղաներին, և ոլորապտույտ ճանապարհն իջնում է Թարթառի հովիտ: Գետի գեղատեսիլ ափին մի քանի վրաններ են խփված, ու երեկոների ուրախ աղմուկ-աղաղակ է: Նրանք տաք ջուրն են մտնում և ուրախության ճիչերով վազում են դեպի վրանը, որի կողքին` ծառի շվաքում, նստած են երկու տարեցներ: Երեխաներց մեծը` Կարինեն, 12 տարեկան է, Գեղամը` 11, իսկ Գևորգը` 8: ՙԵրևի թոշակառու տատն ու պապն են, որոնք եկել են թոռնիկների հետ հանգստանալու՚,- անցնում է մտքովս: Մոտենում ենք, հարգալից բարևում: Պապը պահեստի գնդապետ է, ներկայանում է զինվորականին վայել:

-Միքայել Գրիգորյան: Ծնունդով Մարտակերտից ենք, այժմ ապրում ենք Ստեփանակերտում: Կինս` Օֆելյան, բժշկուհի է, աշխատում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Որոշեցինք թոռնիկներիս հետ մի քանի օր անցկացնել այս հրաշք անկյունում:

Զրույցը երկարում է: Երեկոն իր թևերն է փռում հովտում: Պապը մտնում է վրան ու ժպիտը դեմքին մոտենում.ՙԷս իմ ձեռքով քաշած թթօղի է…՚:

-Ազատամարտի օրերին արդեն անցել էի թոշակի, բայց ոնց կարող էի տանը նստել, իմ մասնակցությունը չունենալ,- պատմում է Միքայել պապը: -Ինձ բոլորն էլ ճանաչում են, ասեք Միշա դայի, ու ձեզ շատ բան կպատմեն:

Հետո Միշա դայու խոսքը շարունակում է Օֆելյա տատը.

-Ճիշտն ասած, այստեղ գալն էլ իր նախապատմությունն ունի: Ուզում ենք, որ մեր թոռները տեսնեն, զգան այս տարածքի գեղեցկությունը, հմայքը, որովհետև նրանց հայրը` փեսաս` Վլադիմիր Ղուասյանը, պատերազի ժամանակ Մռավի լեռնագագաթին անհայտ կորավ: Աղջիկս էլ չդիմացավ այդ վշտին: Երեխաների հոգսը մնաց մեզ վրա:

Հետո հայացքը բարձրացնում է լեռներն ի վեր.

-Ինչեր են եղել, ինչեր ենք տեսել: Փառք Աստծո, այս անգամ պատվով դուրս եկանք ու աշխարհին ամոթահար չենք նայի:

Զրուցում ենք Միքայել պապի ու Օֆելյա տատի հետ, ու կյանքը թվում է անվախճան, իսկ հայրենիքը` աշխարհի ամենաբարձր դիտակետից երևացող դրախտավայր երկիր…

Գնել Շահնազարյան