Քրոջ ողբը

Բժիշկ Մուրադ Մուրադյանի հիշատակին

-Դե, խոսի՛ր, ժպտա՛, երգի՛ր, եղբա՛յր ջան, քո անուշ ձայնին մատաղ: Մեր հանդ ու սարերը պահե՞լ են քո քաղցր ձայնը, մեր ջրերը մինչև ե՞րբ են էդպես մորմոքվելու քո երգից: Ընկերներդ, բարեկամներդ քո երգին են սպասում` դու ե՞րբ էիր նրանց այդքան սպասել տվել: Պատմի՛ր, քո մարտերից պատմիր: Էն ոնց էիր պատմում, էն ոնց` ծիծաղով, քաղցր խոսք ու զրույցով: Դու հեչ քաղցած չէի՞ր մնում, դու հեչ ծարավ չէի՞ր մնում, իմ սիրելի`եղբայր: Ինչո՞ւ չէիր ասում, Ինչո՞ւ գոնե մեկ անգամ չբողոքեցիր, որ քո կռիվները մահվան կռիվներ չէին: Ինչո՞ւ: Ես հիմա ո՞ւմ անիծեմ, ո՞վ է մեղավոր, ո՞վ…

Էն ոնց էիր խոսում ընկերներիդ մասին, էն ոնց էիր նրանց սիրում: Ինչ գեղեցիկ երազներով էիր պատմում քո կանաչ-կապույտ հայրենիքի մասին: Դու այն տեսնում էիր քո հոգու աչքերով, տեսնում էիր ու պատմում, պատմում: Իմ եղբայր, ես ո՞նց ապրեմ քո պատկերած հայրենիքում, երբ դու պետք է պատմես, ասես: Սարերը թափուր մնացին, անտեր, երեխեքդ որբ մնացին, անտուն, կինդ քո կարոտից հալվել-մաշվել է: Օրը բացվելու ու փակվելու է առանց քեզ: Դուռը բախելու են` դու չես լինելու, ճաշը եփելու են` դո՛ւ չես ուտելու, երեխադ լացելու է` դու չես օրորելու, չե՛ս սիրելու, չե՛ս սիրվելու, իմ անո՛ւշ եղբայր: Տուր գոնե քո աչքերը, թո՛ղ մեզ քո հոգին, որ ապրենք` քո հոգու աչքերով տեսնենք, սիրենք քո երազած, քո գտած հայրենիքը

Գնել Շահնազարյան