Խաչի զորություն

-Մայրս բուժքույր էր Եղեգնաձորի հիվանդանոցում: Այդ օրերին Զանգեզուրի բուժծառայության աշխատակիցները գիշեր ու զօր հիվանդանոցներում էին. ծանր վիրավորներին առաջին բուժօգնությունից հետո ուղարկում էին Երևան, ում հնարավոր էր բուժել` պահում էին: Մեր ջոկատից էլ եղան վիրավորներ, ու նրանց տեղափոխեցին Եղեգնաձոր:

Հետագայում մայրս` Սվետլանա Մարտիրոսյանը, հիշում է.

-Երբ լսեցի, որ Հորադիզից շտապօգնության մեքենա է մտել հիվանդանոցի բակ, վայրկյան առաջ ուզում էի տեսնել վիրավորին, հարցուփորձ անել տղաներից, քեզնից, ի՞նչ վիճակում եք, առանց այն էլ ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար: Երբ իջա բակ ու շտապելով, համարյա վազելով մոտենում էի մեքենայի մոտ խմբված մարդկանց, հանկարծ ոտքս կպավ մի քարի ու… երբ բերանքսիվայր պետք է ընկնեի, ուղիղ աչքերիս առաջ` գետնին տեսա մի բարակ ոսկյա շղթա` փոքրիկ ու գեղեցիկ խաչով: Կարծես հրաշք կատարվեց: Ալեկոծված հոգիս մեկեն խաղաղվեց: Փառք տվեցի Աստծուն, վերցրի շղթան ու խաչը և արդեն հանդարտ քայլերով մոտեցա մեքենային: Մարդիկ, որոնք տեսել էին, թե ես ինչպես եմ շտապում ու հիմա այդպես հանգիստ քայլում եմ, կարծեցին, թե ընկնելուց ինչ-որ վնասվածք եմ ստացել, ու ընդառաջ եկան ինձ: Ես ձեռքիս պահել էի ոսկյա խաչը ու նրանց հարցնում էի` ո՞վ է կորցրել: Ոչ մի արձագանք չեղավ: Հիվանդանոցում բոլորը գիտեին,որ խաչ եմ գտել, բայց այդպես էլ տերը չհայտնվեց: Խաչը գտնելուց հետո հոգիս խաղաղվեց,- ասես միանգամից վերացան կասկածներն ու տառապանքը, և առանց երկմտելու սպասում էի քո վերադարձին:

-Մինչ օրս մայրս խաչն ու շղթան պահում է որպես մի մասունք, լուսավոր մի հուշ` անցած-գնացած պատերազմական օրերից,- ավարտեց իր պատմությունը Բագրատ Մաթևոսյանը:

Գնել Շահնազարյան