Երբ մի աչքդ բաց ես քնում…

ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի բուժկետի բժիշկ, բուժծառայության ավագ լեյտենանտ Արմեն Գյուլբեկյանը ծնվել է 1988-ին` Վանաձորում: 2012-ին ավարտելով ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան` ծառայության է անցել Բերդի զորամասում:
-Ինչպե՞ս կատարվեց մասնագիտության ընտրությունը: Ինչպե՞ս որոշեցիք զինվորական բժիշկ դառնալ:
– Ինքնաբուխ որոշում կայացրեցի և դիմեցի ռազմաբժշկական ֆակուլտետ: Բժշկությունն այնպիսի մասնագիտություն է, որ ձգում է: Այնպես է գրավում, որ այլևս չես կարող հեռանալ: Ժամանակի ընթացքում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ավելի ու ավելի է մեծանում: Երևի թե ինձ ավելի շատ բժիշկ եմ համարում, քան զինվորական, թեև երկուսն էլ հավասարապես կարևոր են: Երկու ամենադժվար մասնագիտություններն են, երևի ինչ-որ տեղ նաև անշնորհակալ…
-Ի՞նչ առումով…
– Բժշկությունն այն ոլորտն է, որտեղ մարդիկ պահանջատեր են ու հաճախ չեն պատկերացնում, թե որքան շատ են դժվարությունները: Շատ դեպքերում չեն գիտակցում, թե երբեմն որքան ծանր հոգեվիճակում կարող է լինել բժիշկը:
Նույնը կասեի նաև զինվորականի մասնագիտության մասին: Մարդիկ մտածում են` ապահովված են, աշխատում են իրենց համար` չգիտակցելով այն հսկայական պատասխանատվությունն ու դժվարությունները, որ ունեն զինվորականները: Իրենց վտանգելով, շատ բաներից զրկելով` հող են պաշտպանում: Այս ամենը երբեմն չի ընկալվում ամբողջությամբ: Մեր մասնագիտության մեջ համատեղված են երկու ամենադժվար ու ամենապատասխանատու մասնագիտությունները: Ես նաև զինվորական եմ, բայց առաջին հերթին` բժիշկ:
-Որո՞նք են հիմնական տարբերությունները քաղաքացիական և զինվորական բժիշկների աշխատանքներում:
-Ամեն բժիշկ չի կարող արտակարգ իրավիճակներում աշխատել: Զինվորական բժիշկը ամենասուղ պայմաններում անգամ պետք է իրականացնի իր առաքելությունը` նույնիսկ կրակոցների տակ:
– Իսկ այդ աումով սահմանային և ոչ սահմանային զորամասերի միջև տարբերություններ կա՞ն:
-Կան: Սահմանային զորամասում կարելի է ասել մի աչքդ բաց ես քնում: Չես կարող ասել, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին:
-Միջադեպերի դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում բուժօգնությունը:
-Ըստ կանոնների` այստեղից հասնում ենք դեպքի վայր, առաջին օգնություն ցուցաբերում, տեղափոխում բուժկետ, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալ… Ամեն ինչ արվում է` մարդու կյանքը փրկելու համար:
-Առողջական խնդիրներ ունենալու դեպքում` մարդն ավելի շատ է զգում հոգատարության ու ջերմության կարիք: Բժիշկների և զինվորների միջև կա ՞այդ ջերմությունը, փոխադարձ վստահությունը…
-Այո, բժիշկների և զինվորների միջև հարաբերությունները մի փոքր այլ են` ավելի մտերիմ, ընկերական: Շատ հաճախ բացի բուժական պրոցեսներից, կանչում ենք, զրուցում ենք, եթե կարողանում ենք, օգնում են խորհուրդներով ու խրատներով: Այսինքն` բժշկի հետ ավելի ընկերական են, ազատ շփման, բացվելու հնարավորությունը երևի ավելի մեծ է:
-ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը երկար ճանապարհ է անցել` շարունակաբար կատարելագործվելով: Անշուշտ, այդ ճանապարհին ակնառու փոփոխություններ են գրանցվել: Դուք Ձեր աշխատանքում, Ձեր ծառայության ընթացքում զգացե՞լ եք որևէ փոփոխություն:
-Փոփոխություններ իհարկե, կան և տարեցտարի նկատելի են: Ամենապարզ օրինակը` բուժկետերը վերանորոգվել են: Իսկ հարմարավետ պայմաններում աշխատելը մեծ խթան է: Փոփոխություն կա նաև զինվորական բժիշկների կարևորության ընկալման առումով: Շատ կարևոր է գնահատված լինելը, դա ևս նպաստում է արդյունավետ աշխատանքին: Մասնագիտական գիտելիքները հարստացնելու, փորձ ձեռք բերելու առումով չափազանց կարևոր են գիտաժողովները: Եթե ավելի հաճախ կազմակերպվեին, դրական փոփոխությունն ավելի մեծ կլինի:

Հասմիկ Գյոզալյան

 

 

 

 

 

.