Միշտ կողք կողքի

Բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները, մայիսի 10-ին՝ «Էլլիս Այլընդ» մրցանակաբաշխության ժամանակ, արժանանալով «Էլլիս Այլընդ» պատվո մեդալին, առաջին զույգն էին, որ ամուսիններից երկուսն էլ նույն տարվա մեջ մրցանակ ստացան: Չնայած՝ սա նշանավոր այս զույգի բազմաթիվ «առաջիններից» մեկն է: Բժիշկ Վարդգեսի և Մերի Նաջարյանի պրոֆեսիոնալիզմն ու մարդասիրությունը հայտնի են ոչ միայն Ամերիկայում, այլև Հայաստանում, Արցախում և ամերիկահայ համայնքում: Օրթոպեդ-վիրաբույժ Վարդգես Նաջարյանը և վիրահատարանի բուժքույր Մերի Նաջարյանը 24 տարի առաջ՝ դեռ խորհրդային շրջանում, համատեղ ջանքերով Երևանում ստեղծեցին առաջին «արտոսկոպիկ վիրաբուժության համակարգը»: Վերադառնալով Կալիֆորնիա՝ հրանք հիմնեցին «Հայ բժշկական օգնությունը» (Medical Outreach for Armenians): 1988 թվականի երկրաշարժից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը Նաջարյաններին ուղարկեց Հայաստան՝ ծանր պայմաններում գտնվող երկրաշարժից փրկվածների մասին հոգ տանելու: «Հայ բժշկական օգնությունը» Հայաստանում հիմնեց առաջին ակնաբուժական կենտրոնը, որբ երեխաների խնամքի նախագիծը, ինչպես նաև մանկական սրտի վիրահատության կենտրոնի հիմքերը դրեց: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անընդհատ վտանգելով իրենց կյանքը՝ նրանք աշխատել են խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանք: Ղարաբաղում նրանց պատասխանատվությամբ գործում էր 30 մահճակալից բաղկացած մի հիվանդանոց, որն ուներ 2 ժամանակակից վիրահատարան և արտակարգ իրավիճակների սենյակ:1992 թվականին՝ հակամարտության թեժ օրերին, բժշկական և վիրահատական պարագաներով 53 կոնտեյներներ ուղարկվեցին Ղարաբաղ: Ավելի քան 9.000 քաղաքացիներ և զինվորականներ բուժօգնություն են ստացել արտակարգ իրավիճակների սենյակում: Վազգեն Սարգսյանի խնդրանքով նրանք Երևանի՝ 450 մահճակալ ունեցող զինվորական հոսպիտալը վերածեցին բարձր մակարդակի բժշկական հաստատության: Նրանց աջակցեցին «MAP», «World Vision»-ի «Brother to Brother» միջազգային բարեգործական կազմակերպությունները և ամերիկահայ համայնքը: Միացյալ Նահանգներում «Հայ բժշկական օգնությունը» մի քանի դրամահավաքներ և 6 հեռուստամարաթոն է կազմակերպել: Հայաստանին և Արցախին տրամադրած նվիրատվությունների չափը, լինի դա նյութական օգնություն, թե ծառայություն, գերազանցում է 46 միլիոն դոլարը: Միացյալ Նահանգներում Վարդգես և Մերի Նաջարյանները անվճար բուժօգնություն են ցուցաբերել շատ կարիքավոր հիվանդների: Բժիշկ Նաջարյանը 15 տարի շարունակ տարեկան ավելի քան 2.000 ուսանողի ապահովել է ուսման համար անհրաժեշտ պարագաներով: Մերի Նաջարյանը 15 տարի կամավոր ծառայություններ է մատուցել «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության արյան ամերիկյան կենտրոնին, ինչի համար նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերից ստացել է ոսկե մեդալ: Թերևս դա մեկն էր նրա բազմաթիվ կամավոր ծառայությունների շարքում: Նվիրատվությունների համար նրանց ստացած պատվաբեր մրցանակների թվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» մրցանակը, մի մրցանակ, որը շնորհվել է ընդամնեը 20 ականավոր անհատների, այդ թվում՝ Մայր Թերեզային, ԱՄՆ նախագահ Ջորջ Հ. Վ. Բուշին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին և Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին: 1997 թվականին Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը բժիշկ Նաջարյանին հայկական զինված ուժերի պատվավոր գնդապետի կոչում շնորհեց՝ իբրև գնահատանք նրա մատուցած բժշկական ծառայություններին: Նաջարյանները պատվոգրեր են ստացել նաև ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանից, Ջորջ Հ. Վ. Բուշից, նահանգապետ Ջորջ Դուքմեջյանից, ԱՄՆ սենատոր Փիթ Ուիլսոնից, Կալիֆորնիայի սենատից: Նրանք պարգևատրվել են նաև Խորհրդային Միության Պատվո մեդալով Խորհրդային Միության դեսպան Վ. Դուբինինի կողմից: Ամերիկյան Վիրաբույժների քոլեջի խորհրդի անդամ, Ամերիկայի Օրթոպեդ- վիրաբույժների խորհրդի անդամ, ինչպես նաև Վիրաբույժների միջազգային քոլեջի խորհրդի անդամ բժիշկ Վարդգես Նաջարյանը պարգևատրվել է հայրապետական պատվոգրով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից: Նա ստացել է «Տարվա մարդ» կոչումը՝ Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու, Լոս Անջելեսի Հայ արհեստավարժների միության և Ամերիկահայ քաղաքացիների լիգայի կողմից: Իր կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար մրցանակ է ստացել Կալիֆորնիայի ամերիկահայ բժշկական համայնքի կողմից: Մերի Նաջարյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով: Երևանի պետական համալսարանը նրան պատվավոր դոկտորի աստիճան է շնորհել: Մերի Նաջարյանը Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու կողմից արժանացել է «Տարվա կին»կոչմանը, ինչպես նաև ստացել է հատուկ վկայական՝ Լոս Անջելեսի «Արարատ տան» կողմից: Նաջարյանները, ովքեր ապրում են Կալիֆորնիայի Լա Կանդադա քաղաքում, ունեն 4 զավակ. Արա Նաջարյանը՝ Գլենդելի նախկին քաղաքապետը, ներկայումս՝ քաղաքի խորհրդի անդամ, Արմենը՝ ծրագրավորող, դոկտոր Ռաֆին՝ ԱՄՆ օդային ուժերի փոխգնդապետ, Իրաքյան պատերազմի վետերան և Մարո Յակուբյանը՝ փաստաբան: Նաջարյաններն ունեն 7 թոռ: