Բարձրորակ կադրեր ռազմաբժշկական ոլորտին

Սերնդափոխությունը համակարգը կենսունակ պահելու հիմնական ճանապարհներից է, բայց ամբողջ խնդիրն է՝ ինչպիսի կադրերով: Ռազմական բժիշկների ի՞նչ սերունդ է այսօր կրթվում և ի՞նչ պայմաններում, կարո՞ղ են նրանք վերցնել կուտակված ողջ փորձը և դեռ առաջ գնալ: Մեր զրուցակիցն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:
– Ռազմաբժշկական ֆակուլտետը 20 տարվա պատմություն ունի: Դա բավակա՞ն է կայանալու համար:
– Հիմնվելով վերջին քսան տարվա ընթացքում ունեցած արդյունքների վրա, համոզված կարող եմ ասել, որ դա բավարար ժամանակաշրջան էր, որպեսզի զինվորական բժշկությունն էականորեն կայանար: Արդեն կարող ենք փաստել, որ ռազմաբժշկությունը դարձել է ակադեմիական առարկա, հետբուհական շրջանում մասնագետի պատրաստման ծրագիր և բժշկի շարունակական կատարելագործման ծրագիր: Այսպիսով ռազմական բժշկությունը 20 տարվա ընթացքում կայացել է որպես նախադիպլոմային, մասնագիտական և շարունակական կրթության թե առարկա, թե ծրագիր և թե միջոց: Կայացվածության աստիճանի որոշման թերևս 2 սանդղակ կա. առաջին` պահանջներ, որոնք մեզ անհրաժեշտ են, երկրորդ` համեմատություն այլ երկրների հետ: Ըստ իս` նշյալ երկու կետերով էլ համապատասխանում ենք միջազգային ստանդարտներին և ծառայում մեր կարիքներին: Այդ առումով մեծ կարևորություն ունի առաջիկա կոնֆերանսը, որին ներկա են գտնվելու զինվորական բժիշկներ արտերկրից: Դա որոշակի փորձով հարստանալու և համեմատվելու լավ հնարավորություն կտա: Տեղի կունենա փորձի փոխանակում: Չմոռանանք, որ մեր կուտակած փորձը բավականին յուրօրինակ է: Չէ՞ որ ռազմաբժշկության ֆակուլտետը ստեղծվել է ոչ թե խաղաղ պայմաններում, այլ ռազմական գործողությունների ժամանակ, մեր անվտանգության ու անկախության պահանջով: Հետո նոր զարգացել է որպես գիտություն և դարձել ակադեմիական ոլորտի բաղադրիչ:

– Ինչո՞վ է տարբերվում զինվորական բժիշկը քաղաքացիական բժիշկից:
– Զինվորական բժիշկը քաղաքացիական բժշկից տարբերվում է նրանով, որ բացի Հիպոկրատի երդումից նա տալիս է նաև զինվորական երդում: Նրա պատասխանատվության բաժինն ավելանում է մի քանի այլ պահանջներով ևս: Տարբերվում է այն բանով, որ ապրում է բանակի կանոններով, օրենքներով, պայմաններով: Զինվորական բժշկի գիտելիքներն ավելի հագեցած պետք է լինեն մարդուն բուժօգնություն ցուցաբերելու ամենատարբեր հարցերում. համաճարակներ, հրազենային վնասվածքներ և այլն, այսինքն այն, ինչ հանդիպում է պատերազմի դաշտում և հոսպիտալում: Ռազմաբժշկության զարգացման հեռանկարի համար ողջունելի է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեղծումը: Կազմակերպությունը կկարողանա զինվորական բժիշկներին համախմբել, նրանց շահերը պաշտպանել, ցանկություններին աջակցել, ապահովել նրանց շարունակական կրթությունը:

– Ի՞նչ աշխատանքներ է կատարում ֆակուլտետը գիտական, մասնագիտական բարձր մակարդակ ապահովելու և պահպանելու համար:
– Բոլորովին վերջերս մենք ՀՀ Պաշտպանության նախարարի հետ ստորագրել ենք պայմանագիր, որը նախատեսում է բժշկական համալսարանի շրջանակներում ստեղծել ռազմական բժշկության կրթա-գիտական կենտրոն: Ներկայումս մեր մասնագիտության և ոչ մի ճյուղ չի կարող զարգանալ առանց լուրջ հետազոտական հիմքի: Այսինքն՝ եթե իրականացնում ենք մասնագիտական զարգացման որևէ կրթական ծրագիր, ապա դա պետք է հիմնված լինի փաստերի վրա: Իսկ փաստերը պետք է ստացվեն հետազոտության արդյունքում. այսինքն՝ հետազոտության պլանավորում, անցկացում, հետազոտական տվյալների վերլուծություն: Այդ ամենի պակասը կա, և այն լրացնելու ենք վերոնշյալ կենտրոնի ստեղծմամբ: Մոտակա ամիսներին արդեն կսկսվեն կազմակերպչական և շինարարական աշխատանքները:

– Ի՞նչ վարկանիշ ունի ռազմաբժշկական ֆակուլտետը որպես կադրեր պատրաստող կարևորագույն հաստատություն:
– Ֆակուլտետի վարկանիշը` ձևավորված ջանադիր աշխատանքի արդյունքների հիման վրա, բավականին բարձր է: Ասեմ ավելին, վարկանիշը ձևավորվում է նաև ուսումնական պրոցեսի գնահատման միջոցով: Այդ առումով կարող եմ առանց չափազանցության ասել, որ դեկանատն ու ամբիոններն ապահովում են որակի բարձր մակարդակ և հետզհետե ավելի լավացնում: 11 տարի եղել եմ ավարտական քննությունենրի նախագահ կամ փոխնախագահ, գրեթե միշտ գոհ եմ եղել շրջանավարտների գիտելիքներից:
Մենք ունենք լուրջ փորձ, լուրջ փաստեր, լավ անձնակազմ, և համոզված եմ` ունենք անհրաժեշտ մտավոր հնարավորություններ, որպեսզի կարողանանք այդ փորձը քննարկել, գնահատել և հետագա խնդիրների լուծման մեջ օգտագործել: Ռազմաբժշկության ֆակուլտետը մեկուսացված չի գործում: Ֆակուլտետի աշխատակիցներն իրենց ձեռքբերումները ներդնում են նաև այլ ֆակուլտետների գործունեության մեջ: Նրանք բոլորը աշխատում են միասին, ու դա ևս մեկ ապացույց է, որ ռազմաբժշկության ֆակուլտետը պետք է լինի համալսարանի կազմում, որպեսզի միմյանց հարստացնեն փորձով և մասնագիտական հմտություններով:

– Արտերկրի մասնագետների հետ շփվելիս մեր ուսանողները, բժիշկները առավելապես ինչի՞ կարիք են զգում:
– Անկեղծ ասած՝ լեզվի խնդիր կա, անգլերենի և ռուսերենի: Դրա համար մենք օտար լեզուն՝ որպես պարտադիր առարկա, ներդրել ենք կրթական ծրագրում: Բժիշկը պետք է շատ լուրջ գրականությամբ միշտ աշխատի, միշտ պետք է լինի փոփոխությունների կենտրոնում, իսկ դրա համար անհրաժեշտ է տիրապետել օտար լեզվի: Եթե լեզվիմացությունը լիարժեք չէ, ապա ինֆորմացիան կարող է համեմատաբար պակաս լինել, տեղեկացվածության մակարդակը` ցածր: Մասնագիտական առաջնակարգ գրականության ձեռքբերման հարցում լուրջ մասնակցություն ունեն դեկանատն ու «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Ֆակուլտետի ուսանողների մտավոր ունակությունները լավն են, նրանք միշտ աչքի են ընկնում կարգապահությամբ, պատասխանատվության զգացումով և արտաքին պատշաճ տեսքով: Դա էլ շատ մեծ նշանակություն ունի, տեսքը պիտի համապատասխանի ընտրած մասնագիտությանը, որովհետև դա հիվանդի մեջ վստահություն է առաջացնում: Մի խոսքով` եղածը մոբիլիզացվում է և զարգանում:

– Եթե վաղը պատերազմ լինի, ձեր շրջանավարտները պատրաստ կլինե՞ն մեկնել ճակատ:
– Մեր համալսարանի պատրաստած կադրերը դաստիարակվում են նաև հայրենասիրական գաղափարներով, դա ակնհայտ զգացվում է: Եվ ես կարծում եմ, որ «գիտելիք + հայրենասիրություն» բանաձևը հանգեցնելու է շատ լուրջ արդյունքի: Աստված չանի, եթե հանկարծ վաղը ռազմական գործողությունները վերսկսկվեն, մեր բժիշկները կլինեն այնքան պատրաստ, որքան պատրաստ կլինի բանակն ամբողջությամբ: Դա շատ մեծ գնահատական է, քանի որ բանակում զինվորական ուժը և բժշկական ապահովումը պատրաստվածության տեսանկյունից նույն բարձր մակարդակի վրա են գտնվում: Դա ոչ միայն կարևոր, այլ նաև ճակատագրական նշանակություն ունի մեզ համար: Ուրեմն փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են այդ ամենը, հասկացել նշանակությունը, ովքեր իրականացրել, իրականացնում և դեռ իրականացնելու են ազգօգուտ այդ գործունեությունը: