Մեր ռազմական բժշկությունը զարգանում է ժամանակին համընթաց

Ռազմաբժշկական ծառայություն. գնահատում են մասնագետները

Բենիկ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական

-Ի՞նչ ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը Հայաստանում:
-Հայաստանի Հանրապետության ռազմական բժշկության պատմությունը սկսվում է բանակի հետ: 1992 թ. ՀՀ Նախագահի հրամանով ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և նրա կառույցում ռազմաբժշկական ծառայությունը, որը մի տարի անց վերակազմավորվել է վարչության: Եվ ի պատիվ մեր ժողովրդի, մեր քաղաքական, պետական անկախությունը կերտող բոլոր այրերի, պետք է ասեմ, որ այս ընթացքում մեր հայկական բանակը կայացել, զարգացել, դարձել ժամանակակից և հանդիսանում է հանրապետության անկախացման շրջանի ամենամեծ ձեռքբերումնից մեկը: Բնականաբար նույն բարձր մակարդակում է նաև ռազմաբժշկական ծառայությունը, որը լիարժեքորեն կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները: Բայց, անշուշտ, կյանքը քարացած չէ: Ե՛վ կյանքն է զարգացում ապրում, և բնականաբար բանակը, խնդիրները փոխվում են, և դրան համապատասխան դինամիկ կերպով տրամաբանական զարգացում է ապրում ռազմաբժշկական ծառայությունը: Բավական է ասել, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ստեղծվել են երկու հոսպիտալներ Երևանում և կայազորային հոսպիտալներ՝ Սիսիանում, Ջրականում (Ջաբրայիլ), Վարդենիսում,Վանաձորում և Բերդում: 1993-ին ստեղծվել է ՀՀ զինված ուժերի հակահամաճարակային և սանիտարական ծառայությունը: Եվ պետք է ասեմ, որ ռազմաբժշկական ծառայությունը իր առջև դրած խնդիրները պատվով է կատարել, չենք ունեցել համաճարակային բռնկումներ, բացառությամբ մալարիայի փոքր դեպքերի Հորադիզում 1993-1994 թթ. և թոքախտի սահմանափակ դեպքերի, որոնք ներմուծվել էին քաղաքացիական ոլորտից: Վիրավորների 72-75 տոկոսը լիարժեք բուժօգնություն է ստացել և վերադարձրել ճակատ: Դա գերազանց ցուցանիշ է և հպարտանալու առիթ է տալիս: 1993-1995 թվականներին գլխավորել եմ ռազմաբժշկական վարչությունը, որը պատերազմի տարիներին ստանձնել էր պարտականությունների ու խնդիրների հսկայական բեռ: Մեր վարչության ուսերին էր ծանրացել հոսպիտալների կազմավորման, դեղորայքի տրամադրման, վիրավորների բուժսպասարկման օպերատիվ կազմակերպման, քաղաքացիական հիվանդանոցներում վիրավորների հոսպիտալացման, համաճարակների կանխարգելման և բազում այլ խնդիրներ: Վարչությունը սերտորեն համագործակցում էր թե՛առողջապահության նախարարության, թե՛ այլ պետական և արտասահմանյամ կազմակերպությունների հետ, ինչն օգնում էր ավելի արդյունավետ բաշխել ուժերն ու արագ արձագանքել: Առողջապահության նախարարության հետ համագործակցել ենք, համատեղ ծրագրեր ենք մշակել, համատեղ պրակտիկ գործունեություն ենք ապահովել, որովհետև այն ժամանակ մինչև հոսպիտալների ձևավորումը քաղաքացիական հիվանդանոցներն էին վիրավորներին ընդունում և պրակտիկ բուժում իրականացնում: Մենք այդ ընթացքում ապահովել ենք սնունդն ու դեղորայքը: Քաղաքացիական բուժաշխատողների՝ այդ ժամանակ կատարած մեծ գործն անհնար է ուրանալ: Խաղաղ պայմաններում էլ ռազմական բժշկությունը շարունակում է իր փուլային զարգացումը: Այն հիմնականում կենտրոնանում է կանխարգելիչ և սանիտարա-հիգիենիկ միջացառումների կազմակերպման վրա, նաև զարգացնում իր նեղ մասնագետական և գիտական ճյուղը: 1994 թ-ից Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը, որը պրակտիկ ռազմական բժիշկներ ու գիտնականներ է պատրաստում՝ հենվելով ռազմական բժշկության կանխարգելիչ ուղղվածության, պատերազմի ընթացքում կուտակած պրակտիկ հմտությունների, ռազմական հիգիենայի և բուժական գործունեության մեր սեփական և միջազգային փորձի վրա:
– Քաղաքացիական պայմաններում մարդը բժշկի և հիվանդանոցի ընտրության հնարավորություն ունի, զինվորականը՝ ոչ: Արդյո՞ք մրցակցության բացակայությունը չի ստիպի տեղում դոփել:
-Բացարձակ: Նախ՝ ռազմական և քաղաքացիական բժշկական ծառայությունները սերտորեն համագործակցում են: Մի շարք նեղ մասնագիտական ծառայություններ հավասարապես սպասարկում են երկու համակարգերին: Այնուհետև հանրապետության առողջապահության համակարգի հեռանկարային զարգացումը տեսնում ենք երկու ծառայություների մի շարք մասնագիտացված ուղղությունների ինտեգրման մեջ: Որովհետև մեր երկիրը մեծ չէ՝ բնակչության և բանակի կազմի առումով, և զինվորների ու նրանց ընտանիքի անդամների բուժման գործն առավել օպտիմալ ու հարմար պայմաններում իրականացնելու համար ուժերի միավորումը շատ կարևոր է: Այդ նպատակով իրականացվում են համապատասխան մասնագետների պատրաստման, միջազգային կենտրոններում նրանց վերապատրաստման, փորձի փոխանակման համատեղ աշխատանքներ, այդ ամենը՝ ներդաշնակ համահունչ ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացնելու:
-Շատ կարևոր է զինվորների առողջության պահպանումը բանակում: Ի՞նչ վիճակում է այդ գործի կազմակերպումը:
-Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հիմնականում քաղաքացիական և ռազմական առողջապահական համակարգերի համագործակցությամբ կարողանում ենք կառավարելի պահել և համաճարակային մեծ խնդիրներ չունենալ: Ճիշտ է՝ պատահում է, օրինակ, ջրծաղկի բռնկում, որը անկառավարելի ինֆեկցիա է և հիմնականում քաղաքացիական միջավայրից է անցնում զինվորականներին: Իսկ այն վերացնել չենք կարող, քանի որ շփումը զինվորի ու նրա հարազատների հետ չենք կարող արգելել: Երբեմն տարածում են ստանում նաև սեզոնային ինֆեկցիաները՝ վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունները, որոնք անցյալ տարի թոքաբորբային բարդություններ տվեցին: Ռազմական բժշկության ծառայությունը առողջապահության քաղաքացիական համակարգի մասնակցությամբ պատվով կատարեց իր վրա դրված խնդիրը և այն հաղթահարեց մինիմալ կորուստներով: Մեծ թվով թոքաբորբով զինվորներ են եղել և ունեցել ենք երկու կորուստ: Իհարկե, լավ կլիներ, որ ոչ մի կորուստ չունենայինք, յուրաքանչյուր կորուստ մեծ ցավ է, ողբերգություն թե՛ բանակի, թե՛ հարազատների համար, բայց այդպիսի քանակի դեպքում երկու կորուստը միջին ցուցանիշներից շատ ցածր է: Պետք է ասեմ, որ հիմնականում նեղ մասնագիտական ծառայությունները ձևավորված են, ունենք բարձր որակավորմամբ նեղ մասնագետներ: Զորամասային առաջնային օղակներում և տարածքային հոսպիտալներում զբաղվում են ընդհանուր, պրոֆիլակտիկ բնույթի, ոչ նեղ մասնագիտական բուժում պահանջող պաթոլոգիաների բուժմամբ: Առանձին դեպքերում, եթե հարկ է լինում, դիմում են քաղաքացիական բուժկենտրոնների օգնությանը: Երբեմն, եթե պատահում են նեղ մասնագիտական մոտեցումներ պահանջող դեպքեր, կա՛մ համատեղ լուծումներ ենք գտնում, կա՛մ տեղափոխում ենք քաղաքացիական մասնագիտացված կենտրոններ բուժումը կազմակերպելու համար: Ընդհանուր առմամբ ռազմական բժշկության՝ խնդիրների արձագանքման և բուժման մակարդակը բավական բարձր է: Եթե հաշվի առնենք մեր բանակի թվակազմը, խնդիրները, բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժումը ու համակարգի արդյունավետությունը համեմատենք ավելի հարուստ, ավելի մեծ կադրային, ֆինանսական հնարավորություններ ունեցող երկրների ռազմաբժշկական ոլորտի հետ, կհամոզվենք, որ մեր ռազմական բժշկությունը ոչ միայն չի զիջում, այլև զարգանում է ժամանակակից պահանջներին համապատասխան:
– Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան ի՞նչ կարող է փոխել այս ոլորտում, ի՞նչ ակնկալիքներ կան ասոցիացիայից:
-Ողջունում եմ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի և նրա հանդեսի կազմավորումը: Առհասարակ հասարակական կազմակերպությունները կոչված են համապատասխան պետական կառույցներից իրենց վրա վերցնել մի շարք ֆունկցիաներ, ինչը հեշտացնում է խնդիրների լուծումը, ավելի բաց է դարձնում համակարգի աշխատանքները և նպաստում քաղաքացիական հասարակարգի ձևավորմանը: Եթե այս տեսանկյունից էլ նայենք Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի ձևավորմանը, այն կրկնակի կարևոր է դառնում: Ասոցիացիան ավելի կընդլայնի համագործակցության դաշտը, ավելի բաց կդարձնի համակարգը նաև արտասահմանյան կազմակերպությունների համար, իսկ այսօրվա պայմաններում, որքան համագործակցության դաշտը մեծ ու բաց լինի, այնքան արդյունավետությունը առավել նշանակալի կլինի: Մյուս կողմից դա առանձնահատուկ ասոցիացիա է, իսկ նրա հանդեսը հարթակ է, որը մասնագիտական, կազմակերպչական, գիտական և այլ խնդիրների բաց քննարկման և իրազեկման լայն հնարավորություն է ստեղծում:
Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիային և նրա հանդեսին բարի երթ եմ ցանկանում: