Զինվորը՝ հանրության և բանակի միջև

Որևէ համակարգի ենթակառուցվածքի մասին խոսելիս նախ պետք է տեսնել ամբողջ համակարգը: ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունը բարձր հիմքերի վրա է. այդպես փաստում են ոլորտի պատասխանատուները և մասնագետները: Պարզ է, որ այդ բնագավառի զարգացումը չի կարող ամբողջից դուրս լինել: Բայց արդյո՞ք դա միայն պաշտպանական համակարգի խնդիրն է, թե՞ նաև հանրային ուշադրության: Դա հասկանալու համար պետք է նախ հասկանալ, թե ինչ մակարդակի վրա է բանակի և հանրության կապն ընդհանրապես: Զրուցում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի հետ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում բանակի և հասարակության կապը բացի զինծառայող-ծնող հարաբերություններից:
– ՀՀ զինված ուժերում տարիների ընթացքում ծրագրվել և կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք առավել սերտացնում են կապը հասարակության բոլոր շերտերի հետ: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է շուրջ 130 հասարակական և երիտասարդական կազմակերպությունների հետ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամեն տարի կազմակերպվում են հանդիպումներ գիտության և մշակույթի գործիչների, բուհերի ուսանողների, Սփյուռքից հայրենիք ժամանած երիտասարդների, հասարակական տարբեր կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պարբերաբար կազմակերպվում են նաև ՊՆ-ի հետ համագործակցող ՀԿ-ների ներկայացուցիչների, ուսանողների և դպրոցականների այցեր ԶՈւ զորամասեր: Նշեմ նաև, որ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերը, ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը կցագրված են ուսումնական հաստատություններին, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում դպրոցականների և ուսանողների հետ: Ի վերջո` զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությամբ, զինված ուժերում իրականացվող միջոցառումների և իրադարձությունների լուսաբանմամբ, զորամասեր լրագրողական այցերի միջոցով ենք նաև ապահովում բանակ-հասարակություն կապը: Զինվորների մասին բոլոր հրապարակումները հպարտություն և պարծանք են առաջացնում ծնողների սրտում` դրանով էլ ավելի ամրապնդելով բանակ-հասարակություն կապը:

– Բանակի հանդեպ վստահությունը շատ կարևոր է և բանակի, և հասարակության համար: Ի՞նչ է արվում այդ վստահությունը շահելու համար:
– Չեմ կարծում, որ մեր երկրում կգտնվի մեկը, ով չի վստահում բանակին: Իհարկե, հնարավոր է գտնել մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով չեն վստահում որևէ կառույցի կամ որևէ պաշտոնյայի, բայց չի գտնվի մեկը, ով չի վստահում հայ զինվորին: Հայ զինվորը մեր երկրի վաղվա լուսավոր օրն է: Հայ զինվորը հասարակության վստահությունը շահում է ամեն վայրկյան, ամեն րոպե` պահպանելով խաղաղությունը, ապահովելով մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը:

– Հայրենասիրական լոզունգներով կարելի՞ է ծնողին ստիպել իր զավակին հանգիստ ուղարկել բանակ, արդյո՞ք չունենք այդ ուղղությամբ ավելի հիմնարար աշխատանքների կարիք: Ի՞նչ է արվում:
– Իհարկե ոչ, նման լոզունգներն առավել կիրառելի են թերևս պատերազմական իրավիճակներում: Մեր աշխատանքներն ուղղված են երիտասարդների հայրենաճանաչությանը և սեփական հայրենիք ունենալու արժեքի գիտակցության արմատավորմանը, ճանաչողական արշավների ու հանդիպումների կազմակերպմանը, փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարին:
– Բանակի հետ կապված ո՞ր հարցերն են ամենաշատը մտահոգում մարդկանց՝ արտաքին վտանգից բացի: Ի՞նչ լուծում է տրվում դրանց:
– Դժբախտաբար, վերջին տարիներին բանակի հետ կապված մտահոգող հարցերի գերակշռող մասը վերաբերում է զինակոչիկների առողջական խնդիրներին, որոնք, որպես կանոն, ի հայտ են գալիս զորակոչի շրջանում: Չեմ ուզում ասել, որ հետպատերազմական շրջանում ծնված պատանիների հիվանդությունների քանակը շատացել է, բայցևայնպես` առողջական խնդիրներն առկա են: Դրանք որոշ չափով լուծվում են հենց նորակոչիկի` զինծառայության անցնելուց հետո: Հրամանատարները, ձեռքի տակ ունենալով նորակոչիկի անձնական գործը, զրուցում են զինծառայողների հետ, ծնողներից ճշտում առողջական խնդիրները: Սա շատ արդյունավետ մեթոդ է, քանի որ շատերը չեն բարձրաձայնում իրենց անհանգստացնող երևույթները, առողջական խնդիրները` երբեմն չկարևորելով դրանք: Ծնողի հետ զրույցը համադրելով բժշկական եզրակացության հետ՝ հրամանատարներն ավելի հստակ են պատկերացնում երիտասարդի հետ հետագայում աշխատելու մեթոդները: Սա անհատական և հետևողական մոտեցում է հավասարապես բոլորի հանդեպ:
– Բարձրացված խնդիրները բարեփոխումների հիմք դառնու՞մ են: Ի՞նչ օրինակ կբերեք:
– ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների հիմքը ոչ այլ ինչ է, քան սեփական խնդիրների վերհանումը, դրանց առաջացման պատճառների բացահայտումն ու իսպառ վերացումը: Բարեփոխումների ընթացքը սկսվել է մի քանի տարի առաջ, հսկայածավալ աշխատանք է կատարվել, սակայն դեռ շատ անելիքներ կան:

– Հանրության վերաբերմունքը ի մի բերելով՝ ինչպե՞ս կգնահատեք բանակի վարկանիշը:
– Զինված ուժերի նկատմամբ հասարակության վերաբերմունքի ճշտման նպատակով պարբերաբար անցկացնում ենք սոցիոլոգիական ուսումնասիրություններ: Մշտապես դիտարկում ենք տեղեկատվական հոսքերը, հետևում հասարակական լայն քննարկումներին, անձնական հանդիպումների ժամանակ վերհանում բանակի վերաբերյալ հասարակության գնահատականը: Եվ հենց այն, որ ՀՀ զինված ուժերն այսօր համարվում է մեր պետության ամենակայացած, ամենակազմակերպված և աշխատող կառույցը, իրականում ամենաբարձր գնահատականն է:

– Մեր ռազմաբժշկական ծառայությունը բարձր հիմքերի վրա է դրված: Ինչի՞ արդյունք է դա:
– Մեր ռազմական բժշկությունը սաղմնավորվեց ռազմի դաշտում: Եթե խաղաղ պայմաններում բժիշկների անգամ ամենաբարդ գործողություններն ընկալվում են որպես սովորական երևույթներ, ապա պատերազմի դաշտում բժշկի վիրաբուժական յուրաքանչյուր միջամտություն չես կարող այլ կերպ, քան աստվածային մարդասիրություն ու հրաշագործություն բնորոշել: Ազատամարտի տարիներին բժիշկներն ու բուժքույրերն էլ կամավորականներ էին: Նրանք բժշկի ճերմակ խալաթը փոխարինեցին զինվորական համազգեստով, երբեմն էլ նշտարի փոխարեն զենք վերցրին: Անցնելով պատերազմի թոհուբոհի միջով, անցնելով կազմավորման ու կայացման դժվարին ուղին, հարստացնելով ու կատարելագործելով մասնագիտական ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև ձեռք բերելով բժշկական արդիական սարքավորումներ ու բարելավելով շենքային պայմանները` մեր բանակի բուժծառայողները ըստ արժանվույն կատարում են իրենց մասնագիտական ու ծառայողական պարտականությունները:
Ոչ միայն բուժել, ապաքինել ու շարք վերադարձնել, այլև թույլ չտալ, որ հիվանդ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացին զորակոչվի ծառայության. սա այսօր մեր բուժծառայողներին առաջադրված կարևորագույն խնդիրներից մեկն է, որը սերտորեն առնչվում է զորքերի մարտունակության ամրապնդմանն ու հետագա բարձրացմանը: Այս առումով պատահական չէ, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այսօր ռազմական բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող զինվոր է` հանուն առողջության, հանուն խաղաղության: