ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ՕՂԱԿԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ներկայացնում ենք  Գայանե Պողոսյանի հարցազրույցը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ ԿԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ծնվել է 1971 թ., Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: ՀՀ զինված ուժերում ծառայությունն սկսել է 1998 թվականից` որպես Վանաձորի հոսպիտալի վիրաբույժ-օրդինատոր, ապա Երևանի կենտրոնական պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի պետ: Նրա ղեկավարած առանձին բժշկական ջոկատը ճանաչվել է լավագույն բժշկական զորամասը: Երկու եւ կես տարի ղեկավարել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալը, և երկու տարի անընդմեջ նրա ղեկավարած հոսպիտալը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հոսպիտալը: ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը ղեկավարում է 2013 թվականից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

-Պարոն Խաչատրյան, յուրաքանչյուր կադրային փոփոխություն, այն էլ՝ ռազմաբժշկական վարչության նման մեծ ու կարևոր կառույցի ղեկավարի, ենթադրում է, որ նոր ուժերի, նոր մոտեցումների անհրաժեշտություն կար: Որո՞նք էին ռազմաբժշկական ծառայության այն օղակները, որոնք բարեփոխվելու կարիք ունեին, որտե՞ղ չլուծված խնդիրներ կային:

-Զինված ուժերի բուժծառայությունը զարգացման ու կատարելագործման երկար ճանապարհ է անցել, և տարբեր ժամանակահատվածներում իրավիճակից ելնելով շեշտադրվել ու լուծվել են տարբեր խնդիրներ: Այս հանգրվանում մեր գործունեությունը առաջին հերթին նպատակաուղղված է զորամասային օղակի բուժծառայության բարելավման գործին: Երկրորդը ռազմաբժշկական բոլոր օղակները մարտական պատրաստության մակարդակի բարձրացումն է: Մենք խնդիր ունենք ամրագրելու, այսպես ասած, ռազմական մոտեցումներն ու մտածելակերպը և ներդնելու ռազմաբժշկական փորձը կառույցի բոլոր օղակներում: Հրատապ ծրագրերի մեջ են ապահովման նորմատիվների փոփոխությունն ու ընդհանուր հագեցվածության բարելավումը: Պետք է բարձրացնել ինչպես ռազմաբժշկական կրթության, այնպես էլ բուժանձնակազմի պատրաստման որակը:

-Գոնե իմ ծառայության ընթացքում չի եղել մի դեպք, որ հարցազրույցների ժամանակ բուժծառայության ղեկավարները չխոսեն զորամասային օղակը բարելավելու անհրաժեշտության մասին: Բայց, կարծես թե, խնդիրը մինչ օրս չի լուծվել:

-Զորամասային օղակի բուժծառայության գործունեությունը բարելավվել է մշտապես: Եթե մենք այսօր խոսում ենք զորամասային օղակը կատարելագործելու մասին, չի նշանակում, որ ասենք հինգ տարի առաջվա խնդիրները առկա են նաև այսօր: Զորամասային օղակի բժշկությունը միշտ մեր ուշադրության և հոգածության կենտրոնում է, որովհետև զինվորին ամենամոտ կանգնած բժշկական օղակն է և մեծ դերակատարում ունի զինվորի առողջության պահպանման հարցում: Մենք մշտապես զարգացնելու և կատարելագործելու ենք զորամասային օղակի բուժծառայությունը, գտնելու ենք առավել արդյունավետ խթաններ:

Վերջերս մի շարք զորամասերի համար գնել ենք ախտորոշման միջոցներ` անալիզատորներ, սրտի ԷՍԳ, ինֆորմատիվ սարքեր:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ զորամասերը, որոնք տեխնիկապես հագեցվել են:

-Դրանք առաջնագծի, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերն են, բացառությամբ այն զորամասերի, որոնք շրջակա հոսպիտալների կողքին են: Զորամասային օղակի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են, որպեսզի հիվանդության ախտորոշումը և առաջին բուժօգնության որակը լինեն հնարավորինս բարձր:

-Նորից ձմեռ է գալիս, ու ես չեմ կարող չհիշել 2013թ.-ի դժվար ու սառնաշունչ ձմեռը: Հոսպիտալներում ասեղ գցելու տեղ չկար: Թոքաբորբից զինվոր մահացավ:

-Անցած ձմռանն, իրոք, աննախադեպ ցուրտ էր: Դրան գումարվեց հիվանդության հարուցիչի «ակտիվությունը»: Ոչ միայն հոսպիտալներն էին լեցուն հիվանդներով, այլև քաղաքացիական հիվանդանոցները: Մահվան ելքով դեպքեր գրանցվեցին նաև քաղաքացիական կյանքում: Այո՛, մենք ունեցանք մեկ մահ: Եթե ուսումնասիրենք համաշխարհային վիճակագրությունը, ապա հիվանդների թվի համեմատությամբ, մենք կարող էինք ունենալ 10 մահ: Բայց մեր բժիշկների, հիրավի, անձնազոհ աշխատանքի շնորհիվ կարողացանք նվազագույն կորուստներով դուրս գալ փորձությունից: Մեր բժիշկները օր ու գիշեր հոսպիտալում էին, նրանց ծառայությունն, իրոք, սխրանք էր այդ օրերին:

-Այս տարի ունենք հիվանդության հետևանքով մահվան 3 դեպք (անցյալ տարի` 5 դեպք): Հնարավոր չէ՞ր փրկել մեր երեք զինվորներին:

-Հարցը շատ ուղիղ է դրված, ու ես շատ ուղիղ կպատասխանեմ` ո՛չ, հնարավոր չէր: Աշխարհի ո՛չ մի երկրում, ո՛չ մի բժիշկ նրանց չէր կարող փրկել: Մեկի մասին արդեն խոսեցի. զինվորը կրուպոզ թոքաբորբ էր տանում՝ ատիպիկ ընթացքով: Այս հիվանդությունից համաշխարհային տվյալներով 8-11 տոկոս մահացություն է արձանագրվում: Մահացած մյուս երկու զինվորի մոտ ախտորոշվել էր մենինգոկոկցեմիա: Համաշխարհային պրակտիկան գուժում է համարյա 100 տոկոս մահացություն:

-Այսինքն՝ այս հիվանդությունն ունեցողները անպայման մահանո՞ւմ են:

-Գրեթե, այո՛: Հիվանդությունը զարգանում է կայծակնային ընթացքով: Մենք երկու զինվորին էլ կորցրինք 8-10 ժամվա ընթացքում:

-Զինվորները պատվաստվե՞լ էին մենինգոկոկցեմիայի դեմ:

-Իհարկե: Ոչ մի պատվաստում չի կարող 100 տոկոսանոց արդյունք երաշխավորել: Ես հասկանում եմ` Դուք խոսակցությունն ուր եք տանում. բոլոր տեսակի փորձաքննությունները ապացուցել են` բժշկական սխալ չի եղել: Մեր բժիշկները ամենայն գրագիտությամբ են գործել, արել են հնարավոր ամեն բան:

-Նույն մենինգոկոկցեմիա հիվանդությունից անցյալ տարի զինվոր մահացավ: Եթե այս հիվանդությունը 100 տոկոս մահացություն է ցուցում, ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել և քննություն ընթանում:

-Կա համապատասխան հրաման, ըստ որի` 37,5 և բարձր ջերմություն ունենալու դեպքում նորակոչիկները պիտի հոսպիտալացվեն: Բժիշկը զինվորին դեղ էր տվել, ջերմությունն իջել էր, և զինվորը չէր հոսպիտալացվել: Բժիշկը չէր կատարել հրամանը: Եթե ասածս քրեական գործի քննությամբ հաստատվի, ապա բժիշկը հրամանը չկատարելու համար կենթարկվի պատասխանատվության: Կարծում եմ, մահվան ելքը պայմանավորված չէր դրանով….

-Դուք համաձա՞յն եք այն կարծիքին, որ ռազմաբժշկական ծառայության տարբեր օղակները անհամաչափ են զարգանում:

-Այո՛, խնդիրը կա, և մենք փորձում ենք մեղմել անհամաչափությունը: Կատարել ենք բազմակողմանի ուսումնասիրություններ և կայացրել ենք համապատասխան որոշումներ: Օրինակ՝ կադրերի պատրաստումը դարձրել ենք ավելի նպատակային ու տրամաբանված, որպեսզի վիրաբուժության ասպարեզում արձանագրված ձեռքբերումներից հետ չմնա, ասենք՝ հոգեբուժությունը, կամ բուժծառայության որևէ այլ ոլորտ: 50 տոկոսով փոխվել է ձեռքբերվող դեղորայքի անվանացանկը, այսինքն` գնումները այդ ասպարեզում դարձել են ավելի նպատակային և արդյունավետ: Այժմ գնումները կատարվում են հոսպիտալներից ներկայացված հայտերի հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ գնումներից և դեֆիցիտից:

-Խոսքը դեղերի՞ն է վերաբերում:

-Նաև սարքավորումներին:

-Պարոն Խաչատրյան, կան լավ ու վատ դեղեր, արդյունավետ և ոչ այնքան արդյունավետ: Տվյալ հիվանդությունը կարող է բուժվել թանկ, կողմնակի վատ ազդեցություններ չունեցող և էժան դեղերով: Ո՞վ է որոշում բանակում օգտագործվող դեղերի անվանացանկը: Ես կարծում եմ` մեր զինվորը արժանի է լավագույն դեղերով բուժվելու:

-Անկասկած, և՛ մեր զինվորները, և՛ մեր սպաները արժանի են լավագույն դեղերով բուժվելու: Դեղերի գնումը կատարվում է օրենքի պահանջներին համապատասխան, մրցութային կարգով: Անկեղծորեն պիտի ասեմ, որ Ձեր մտահոգությունը անհիմն չէ: Մենք խնդիրը ներկայացրինք պաշտպանության նախարարին, նա դիմեց Կառավարություն, և անցյալ փետրվարին մենք հնարավորություն ունեցանք ձեռք բերելու բրենդային դեղորայք: Կարծում եմ` այս ձմռանը նույնպես որոշակի քանակությամբ բրենդային դեղորայք կտրամադրվի բանակին:

-Պարոն Խաչատրյան, լավ բժիշկը պետք է լավ վճարվի: Որքան էլ պնդենք, թե զինծառայողների աշխատավարձը բարձր է, փաստը մնում է փաստ, որ քաղաքացիական բուժհիմնարկում պահանջված բժիշկը կարող է անհամեմատ մեծ գումարներ վաստակել, քան նույն որակի զինվորական բժիշկը: Բոլորն էլ ցանկանում են բարեկեցիկ ապրել, անհոգ ու գեղեցիկ կյանք ապահովել իրենց ընտանիքների համար: Եվ բոլորը չէ, որ կարող են հրաժարվել քաղաքացիական բուժհիմնարկներում աշխատելու և լավ վաստակելու հնարավորությունից և մնալ բանակում` հանուն հայրենիքի, հանուն զինվորի: Կարծում եմ, ժամանակն է, որ մենք առավել պրագմատիկ լինենք և որակյալ բժշկին բանակում պահելու իրական երաշխիքներ ստեղծենք:

-Մեր հոսպիտալներին հնարավորություն է տրվել իրենց մահճակալային ֆոնդի 10 տոկոսի չափով սպասարկել քաղաքացիներին:

-Որոնք վճարում են միայն ծախսված միջոցների համար, իսկ բժշկի աշխատավարձը դրանից չի փոխվում: Հավելավճար չի տրվում:

-Համապատասխան ծառայությունները ուսումնասիրում են խնդիրը, որպեսզի սահմանվի կարգ, ըստ որի՝ զինվորական հոսպիտալներում քաղաքացիական բնակչության համար կգործեն քաղաքացիական կլինիկաների չափորոշիչները, ինչը հավելավճար կապահովի զինվորական բժշկի համար: ՈՒստի մենք ջանում ենք զինվորական հոսպիտալները դարձնել մրցունակ, որպեսզի ավելի մեծ թվով հիվանդներ ցանկանան բուժվել մեր հոսպիտալներում:

-Այո՛, դա հարցի լուծում կլինի: Մանավանդ` կայազորային հոսպիտալները շատ ավելի մրցունակ են, քան քաղաքացիական բուժհիմնարկները, բարձրորակ տեխնիկայով են հագեցած ու հմուտ զինվորական բժիշկներ ունեն:

-Այո՛, կայազորային հոսպիտալները շատ մրցունակ են և սպասարկում են մերձակա տարածքների բնակչությանը:

-Իսկ կենտրոնական հոսպիտա՞լը և Երևանի կայազորային հոսպիտա՞լը:

-Նրանք չեն զիջում մայրաքաղաքային կլինիկաներին: Մենք վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում ինչպես կենտրոնական, այնպես էլ Երևանի կայազորային հոսպիտալում: Ընթացքի մեջ են կայազորային հոսպիտալի թերապևտիկ և ախտորոշման բաժանմունքները և վարչական հատվածը, կենտրոնական հոսպիտալի թերապևտիկ, դիմածնոտային, գինեկոլոգիական, թռիչքային, ատամնաբուժական բաժանմունքների վերանորոգման աշխատանքները: Օրինակ՝ կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիան, նեյրովիրաբուժության, կրծքի վիրաբուժության և այլ բաժանմունքներ ոչնչով չեն զիջում հանրապետության լավագույն կլինիկաների համապատասխան բաժանմունքներին:

Սիսիանի հոսպիտալի վերանորոգումը մոտ օրերս կավարտենք:

-Իսկ զորամասայի՞ն օղակում… Կա՞ն չնորոգված և արդի չափանիշներին չհամապատասխանող բուժկետեր:

-Ո՛չ: Զորամասերի բոլոր բուժկետերը նորոգված են և հագեցած են անհրաժեշտ բուժսարքավորումներով:

-Որքանո՞վ են մրցունակ ռազմաբժշկական ֆակուլտետի կադրերը:

-Ուրախությամբ պետք է ասեմ, որ վերջին տարիներին ռազմաբժշկական ֆակուլտետի դիմորդները բուհ են ընդունվում ավելի բարձր միավորներով, քան մյուս ֆակուլտետների դիմորդները, ռազմաբժշկական ֆակուլտետի առաջադիմությունը բարձր է բուհի մյուս ֆակուլտետների համեմատությամբ: Բայց դա մեզ չի հանգստացնում, և ռազմաբժշկական ֆակուլտետում կրթությունը առավել արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ են ներդրվում: Ավելացնեմ, որ մենք կրթության բնագավառում համագործակցում ենք մի շարք եվրոպական երկրների հետ` Հունաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, իրականացնում ենք ինչպես մասնագիտական վերապատրաստում, այնպես էլ երկարաժամկետ կրթություն: Ամեն տարի 70-80 զինվորական բուժծառայողներ են վերապատրաստվում Հայաստանի լավագույն քաղաքացիական կլինիկաներում, ընդ որում` վերապատրաստվում է նաև միջին բուժանձնակազմը:

-Պարոն Խաչատրյան, այս մասին շատ է խոսվել, բայց կցանկանայի մեկ անգամ ևս տեղեկացնեինք մեր ընթերցողներին զինակոչիկների կանխարգելիչ պատվաստումների կարգը փոխելու մասին:

-Քանի որ կանխարգելիչ պատվաստումները ունեն իմունային համակարգն ընկճող հատկություն, առավել նպատակահարմար է, որ կանխարգելիչ պատվաստումները կատարվեն նախազորակոչային շրջանում, քաղաքացիական բուժհիմնարկներում` բժիշկների հսկողությամբ, ինչը և արվել է ընթացիկ զորակոչից առաջ:

-Փաստորեն, խնդիրները կապված չեն եղել պատվաստանյութերի որակի հետ:

-Ամենևին:

-Ինչո՞վ էին պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները և կադրային շարժերը ինչպես ռազմաբժշկական ծառայության վարչական ապարատում, այնպես էլ հոսպիտալային օղակում:

-Ռազմաբժշկական վարչությունում և ենթակա զորամասերում իրականացվեցին կառուցվածքային փոփոխություններ, կատարվեց հաստիքների օպտիմալացում: Ուժեղացվեց մատակարարման բաժինը: Հաստիքներն ու կառուցվածքը բոլոր զորամասերում նույնացվեցին: Հոսպիտալային օղակում նեղ մասնագետների մի շարք նոր հաստիքներ ավելացան:

-Որքանո՞վ է արդյունավետ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» համագործակցությունը:

-«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը համախմբում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բժիշկներին և սերտ համագործակցում է ռազմաբժշկական վարչության հետ: Ասոցիացիան բանակի ռազմական բժշկությանը աջակցող մեծ ուժ է, որի հավակնոտ և հույժ կարևոր ծրագրերի իրագործումը էապես կբարձրացնի ռազմական բուժսպասարկման որակը: Ռազմական բժշկության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը դրա վառ ապացույցն է:

-Թույլ տվեք շնորհավորել Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ամբողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալ ամուր առողջություն, եռանդ, բեղուն աշխատանք՝ հանուն մեր բանակի մարտունակության և զինվորի առողջության:

-Շնորհակալություն: Ես նույնպես շնորհավորում եմ զինվորական բժիշկների մասնագիտական տոնը: Ցանկանում եմ, որ մեր բժիշկները պատվով կրեն զինվորական բժշկի վեհ կոչումը, հպարտանան իրենց հայրենանվեր աշխատանքով: Առողջություն և երջանկություն բոլորիդ ընտանիքներին: