ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՆՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ռազմաբժշկական կրթության բարեփոխումները զինված ուժերի բուժապահովման գերակա խնդիրներից են, քանի որ կադրերի պատրաստման ոչ կատարյալ համակարգն անմիջականորեն ազդում է մասնագետների որակավորման և բուժծառայության գործունեության որակական ցուցանիշների վրա:
Ընդունված է, որ ռազմաբժշկական ծառայությունն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ համալիր` ուղղված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների առողջության պահպանման, զորքերի սոցիալ-բժշկական ապահովման, սանիտարահամաճարակաբանական և էկոլոգիական հսկողության, վիրավորներին և հիվանդներին բուժօգնության ցուցաբերման հիմնախնդիրների լուծմանը:
Ռազմաբժշկական ծառայությունն ունի խիստ որոշակի առանձնահատկություններ իր կադրերի օգտագործման տեսակետից, որոնց պատրաստումը կատարվում է ռազմաբժշկական կրթության համակարգում:
Ռազմաբժշկական կրթության համակարգն ենթադրում է մի այնպիսի փակ շղթայի առկայություն, որը ներառում է ղեկավարող օրգան և ռազմաուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է կադրերի պատրաստում` ըստ հաստատված ուսումնական ծրագրերի և պլանի:
Ներկայումս ՀՀ-ում ռազմաբժշկական կրթությունը շարունակում է իրականացվել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում:
ՀՀ-ը Բոլոնյան հռչակագրի լիրիավ անդամ է. նրա բարձրագույն կրթական համակարգը վերակառուցման ու բարեփոխումների փուլում է, պահանջում է վերաիմաստավորել անցած ողջ ուղին, զինված ուժերի համար որոշել ռազմական, ներառյալ ռազմաբժշկական կրթության իրականացման ռազմավարությունն ու մարտավարությունը` ելնելով արդեն իսկ գոյություն ունեցող կառուցվածքային և գործառույթային սկզբունքներից, հաշվի առնելով պետության տնտեսական և ֆինանսական հնարավորությունները:
ՀՀ-ում ներկայիս բարձրագույն բժշկական կրթական համակարգը ներկայացնում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և ոչ պետական հավատարմագրված ինստիտուտները (վերջինները ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ): ՀՀ բարձրագույն բժշկական կրթական համակարգը Բոլոնյան հռչակագրի շրջանակներում իր կայացման փուլում է, ունի երկաստիճանություն` բակալավրիատ և մագիստրատուրա: ԵՊԲՀ-ն արդեն անցել է բարձրագույն բժշկական կրթության երկփուլանի համակարգի, իսկ ոչ պետական բուհերը դրա ճանապարհին են: Բժշկական պրակտիկայում դեռևս համապատասխան օրենքով որոշակիացված չէ բակալավրի և մագիստրոսի դերը, տեղն ու գործառույթը, ինչը կարող է խոչընդոտ լինել ՀՀ զինված ուժերում նրանց գործունեության համար:
Ռազմաբժշկական կրթությունը ռազմական կրթության բաղկացուցիչ և կարևոր մասն է, որն ունի ինչպես իրեն բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այնպես էլ ներքին միասնականություն:

 

Ռազմաբժշկական կրթությունը նպատակ է հետապնդում
 զինված ուժերի զարգացման, մարտունակության պահպանման կոնկրետ ժամանակահատվածում ապահովել բարձր որակավորմամբ կադրի և պահեստազորի ռազմական բժիշկների պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը,
 մշակել ռազմաբժշկական կրթական համակարգի զարգացման մոտակա, միջանկյալ և հեռակա քաղաքականությունը` ելնելով ռազմական կրթության զարգացման ընդհանուր ուղղվածությունից,
 առաջադրում է ռազմաբժշական գիտամանկավարժական կադրերի պատրաստմանն ուղղված խիստ որոշակիացված նպատակներ, խնդիրներ և դրանց լուծելու համար հնարավորինս ճիշտ հաշվարկված ուղղություններն ու մեթոդները:

Ռազմաբժշկական կրթական համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ է
 հաստատել, որ ռազմաբժշկական կրթությունը զինված ուժերի իրավասությունն է, այն կենտրոնացնել ՀՀ ՊՆ համակարգում՝ իրականացնելով Երևանի պետական բժշկական համալսարանի միջոցով,
 իրականացնել պետական և ոչ պետական բուհերում ռազմաբժշկական կրթություն,
 ոչ պետական բժշկական բուհերի ֆակուլտետների ուսանողները կարող են իրենց ռազմաբժշկական կրթությունը ստանալ ԵՊԲՀ-ում՝ մագիստրատուրայում կամ կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով, որ դրանց բոլոր շրջանավարտներն ունեն պետական նմուշի դիպլոմ,
 ռազմաբժշկական կրթության համակարգը զինված ուժերի կադրային ապահովման տեսակետից դարձնել ճկուն, մշակել դրա ձևերը, տեսակներն ու գործընթացը,
 հստակ սահմանազատել բուհական (բակալավրիատ և մագիստրատուրա) և հետբուհական (կլինիկական օրդինատուրա – ռեզիդենտուրա և հետազոտող) ռազմաբժշկական կրթությունը:
Ռազմաբժշկական կրթական համակարգը` ռազմական և բժշկական կրթության ներկա փուլում պետք է լինի խիստ կենտրոնացված, իրականացնի զինված ուժերի կոնկրետ պատվերը, կադրերի պատրաստման գործընթացը նպատակաուղղված լինի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կադրային ապահովման հիմնախնդիրների լուծմանը` ելնելով Բոլոնյան հռչակագրի անշրջելիությունից, հաշվի առնելով Հանրապետության մարդկային, նյութական, ֆինանսական սուղ ռեսուրսների առկայությունը, նկատի ունենալով հայ ազգի մտավոր ներուժի և հայկական միջավայրի ու մենթալիտետի ինչպես դրական, այնպես էլ բացասական հնարավոր ազդեցությունը: