ԵՊԲՀ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երկիր մոլորակի այս փոքրիկ անկյունը վերջին 24 տարիներին եղել է հանուն ազատության, անկախության ու պետականության մղվող պայքարի ակտիվ մասնակիցն ու նախաձեռնողներից մեկը: Այդ տարիների ընթացքում միակ փարոսը եղել և շարունակվում է մնալ մեր հաղթանակն ու մեր երկրի խաղաղությունը երաշխավորող և ապահովող բանակը: Բանակ, որը, լինելով տարածաշրջանում ամենամարտունակը, տարեցտարի, ամսեամիս բանակաշինության արդի որակական փուլում կատարելագործում, ամրապնդում է իր պատրաստականությունն ու մարտունակությունը: Զինված ուժերի կայացման և հզորացման գործում իր ուրույն դերն ունի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու նրա ռազմաբժշկական ֆակուլտետը:
Ընդհանրապես բուհերում նոր ուսումնական ստորաբաժանման ստեղծումը ամենօրյա բարդ, աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Սակայն, ֆակուլտետը, քայլ առ քայլ ձևավորվելով, ստիպված չէր լինում ամեն ինչ սկսել զրոյից, որովհետև համալսարանում, ի տարբերություն շատ բուհերի, պահպանվել էր հանրապետությունում լավագույն ռազմական ամբիոններից մեկըª ոչ միայն իր նյութատեխնիկական, ուսումնական բազայով, այլ նաև կադրերով:
Մինչև 2011 թ. ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում ռազմաբժշկական կրթությունը իրականացվել է այն տեսքով, ձևերով և մեթոդներով, ինչպես դա սկսվել է 1994 թ.` որպես հիմք ընդունելով նախկին Խորհրդային բանակի ռազմաբժշկական կադրերի պատրաստման ուսումնական ծրագրերը, պլաններն ու գործառույթը: 2011 թ. ‎‎ֆակուլտետում կատարվեցին լուրջ որակական փոփոխություններ:
• 2011 թ. սկսվեց, իսկ 2012 թ. դեկտեմբեր – 2013 թ. հունվար ամիսներին ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Նարիմանյանի նախաձեռնությամբ կատարվեց ֆակուլտետի կառուցվածքի և գործառույթի օպտիմալացումը, որի հիմնական մասը ներկայումս ավարտված է:
• 2013 թ. հունվար-փետրվար ամիսներից ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմը սկսեց ծառայության ընդունվել մրցույթով` համաձայն ՀՀ Կառավարության որոշման ու ԵՊԲՀ-ում ընդունված կարգի: Ակնկալվում է, որ դա էապես կբարձրացնի նրա մտավոր, գիտական ու մանկավարժական ներուժը, ինչպես նաև կուրսանտների պատրաստման մակարդակը: Ներկայումս 4 դասախոս արդեն իսկ ընդունվել են նոր կարգով: Նրանցից 3-ը բ.գ.թ. են, 1-ըª համազորային պատրաստության սպա՝ առանց գիտական աստիճանի:
• Ֆակուլտետի տարածքն առանձնացվեց, ՀՀ ՊՆ նախաձեռնեց դրա հիմնովին վերանորոգման ու կահավորման աշխատանքները:
• Փոփոխությունների ենթարկվեցին ֆակուլտետի մշտական անձնակազմի դրամական ապահովման սկզբունքները, որոնց արդյունքում աշխատավարձերը բարձրացվեցին 60-100.000 դրամի չափով` հավասարեցվելով ՀՀ ԶՈՒ մնացած սպայական կազմի դրամական բավարարման չափերին:
• ՀՀ ՊՆ կողմից պլանավորվեց ԵՊԲՀ-ից հանրակացարանային ծառայության գնումը, որով վերջնականապես լուծվեց կուրսանտների՝ հանրակացարանով ապահովման հիմնախնդիրը, այն ՀՀ Կառավարության կողմից մտցվեց միջնաժամկետ ծրագրերի մեջ:
• Լուրջ աշխատանքներ իրականացվեցին կուրսանտների շրջանում կարգապա¬հու¬թյան և առաջադիմության բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, նրանց վրա տարածվեցին անհարգելի պատճառով բաց թողնված դասաժամերի լրացման՝ ԵՊԲՀ-ի կարգը, որի արդյունքում բացակայությունները կտրուկ նվազեցին, իր հաճախելիության մակարդակով ֆակուլտետը զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Բավականին բարելավվեց կուրսանտների առաջադիմությունը, որի մասին է խոսում հետևյալ փաստը. ցածր կուրսերի առաջադիմությունը բարձրացավ և գրեթե հավասարվեց բարձր կուրսերի առաջադիմությանը, որը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում գոյություն ունեցող պրակտիկան, մի քանի տարի հետո կբերի առաջադիմության մակարդակի կտրուկ բարձրացմանը: Այս ամենը կատարվեց նրա շնորհիվ, որ դադարեցվեց ֆակուլտետից ցածր առաջադիմության պատճառով հեռացված կուրսանտների վերականգնման ոչ ճիշտ պրակտիկանª բանակում 6 ամիս ծառայելուց հետո:
• Կուրսանտների կողմից կատարվող դաշտային պարապմունքների ծրագիրը և իրականացման մեթոդիկան սկզբունքորեն փոխվեցին: Եթե մինչ այդ դասախոսները կուրսանտներին սովորեցնում էին գնդի հարձակման բուժապահովման կազմակերպումը և գործնականում նրանց հետ միասին էլ դա կատարում էին, ապա անցում կատարվեց դասավանդման այլ մեթոդիկայի. դասախոսները կուրսանտներին սովորեցնում էին գնդի հարձակման բուժապահովման կազմակերպումը, իսկ հետո դիտում և վերջում գնահատում նրանց կողմից կատարածը: ԵՊԲՀ-ի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ ԵՊԲՀ-ի ղեկավարությունը մասնակցեց այդ զորավարժությանը, բարձր գնահատեց կատարածը, մի շարք դասախոսներ պարգևատրվեցին:
• Կուրսանտների ուժերով «Եռաբլուր» հուշահամալիրում ստեղծվել է ՌԲՖ պուրակ:
• «Հայկական բանակ» հանդեսում 2011 թ. ամռանը հրատարակվեց ռազմավարական բնույթ կրող հոդված` «Ռամաբժշկական կրթության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ու մարտավարությունը Բոլոնյան գործընթացի շրջանակներում» վերնագրով: Որոշում ընդունվեց սկզբունքորեն փոխել ՌԲՖ-ի ուսումնական պլաններն ու ծրագրերը ՝ հիմքում դնելով Արցախյան ազատամարտի` որպես յուրահատուկ տեղային պատերազմի բուժապահովման փորձը, հաշվի առնելով նախկին խորհրդային բանակի, ՌԴ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բանակների բուժծառայությունների կուտակած փորձը:
• 2012 թ. դեկտեմբեր – 2013 թ. հունվար ամիսներին ուսումնական պլաններն արդեն հաստատվել են ԵՊԲՀ-ի ռեկտորի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կողմից:
• Գիտական աշխատանքների ոլորտում ֆակուլտետն ունեցել է լուրջ նվաճումներ: Օրինակ, 1996-2005 թթ. ընթացքում ռազմադաշտային թերապիայի և մասամբ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոններում կատարված աշխատանքների շնորհ‎իվ պաշտպանվել են 5 դոկտորական և 17 թեկնածուական ատենախոսություններ, գրվել են 15 մենագրություններ, կազմվել են 11 ուսումնամեթոդական մշակումներ, կայացել են 7 գիտագործնական կոնֆերանսեներ. 2001 թ.՝ համաբանակային առաջին գիտագործնական կոնֆերանս, 2004-2005 թթ.՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գիտաժողովները: 2006 թ. դիտվեց անկում, և մինչև 2011 թ. վերջը ֆակուլտետում լուրջ գիտական գործունեություն չի արձանագրվել:
• 2012 թ. հունվար-փետրվար ամիսներին որոշում կայացվեց կազմակերպել գիտաժողով` նվիրված ՀՀ ԶՈՒ ստեղծման 20-ամյակին: Գիտաժողովի կազմակերպումը հանձնարարվեց այն ժամանակվա գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մ. Նարիմանյանին, գիտակազմակերպչական բաժնի պետ, դոցենտ Ս. Քոչարյանին և ՌԲՖ-ի պետին: Գիտաժողովն անցկացվեց բարձր կազմակերպվածությամբ, հանդիսությամբ ու մեծ շուքով, մասնակցեցին Հանրապետության ղեկավար անձինք, բազմաթիվ կրթական և բուժական հաստատությունների ղեկավարներ, գիտնականներ, մարզային հիվանդանոցների գլխավոր բժիշկներ, երկրապահ կամավորական կազմակերպության ղեկավարությունը: Գիտաժողովի ընթացքում ամփոփվեցին զորքերի բուժապահովման արցախյան փորձը, ռազմաբժշկական կրթության ձեռքբերումները, առաջադրվեցին լուծում պահանջող լուրջ հիմնախնդիրներ: Հայրինիքին անձնուրաց նվիրման, մաքառման և մեծ ձեռքբերումների համար մոտ 100 հոգի պարգևատրվեցին Ազգային ժողովի, ՀՀ Վարչապետի, պաշտպանության նախարարության և երկրապահ կամավորական կազմակերպության մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:
• ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ ԵՊԲՀ-ի ՌԲՖ-ը մտցվել է ռազմաբժշկական կադրերի համատեղ պատրաստման ցուցակի մեջ: Ուսուցումը կատարվելու է ռուսերենով, միաժամանակ առաջարկվել է իրականացնել աշխատանքներ կրթությունը նաև անգլերեն լեզվով կատարելու համար:

 

Գերակա խնդիրների մասին
• Անհրաժեշտ է վերսկսել ու նոր որակական մակարդակի բարձրացնել ֆակուլտետում իրականացվող գիտական աշխատանքները: ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Մ. Նարիմանյանի հովանավորությամբ սկսվել են իրականացվել գիտական հետազոտություններ` նվիրված «Պնևմո-23»-ով պատվաստված և թոքաբորբով հիվանդացած զինծառայողների օրգանիզմի հարմարվողականության հիմնախնդիրներին: Ներկայումս սա բավականին լուրջ խնդիր է դարձել ՀՀ զինված ուժերի համար:
• Անհրաժեշտ է շտապ կարգով վերափոխել կուրսանտների շրջանում գաղափարա¬դաստիարակչական աշխատանքների բովանդակությունը, դրանց կատարման մեթոդիկան, մատուցման ձևերը, հասնել տեսանելի արդյունքների:
• Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել նոր մոտեցումներ ներկա ժամանակահատվածում կուրսանտների շրջանում կարգապահության բարձրացման, նրանց հստակ ու անվերապահ զինվորականացման, մասնագիտական նվիրվածության արթնացման, մեր բանակի համազգեստը կրելու պատվին արժանանալու ու հպարտության զգացումի առաջացման համար:
• Այսօր ռազմաբժշկական ֆակուլտետը կարող է լիարժեք լուծել իր առջև դրված խնդիրները` Հանրապետության զինված ուժերի բժշկական ծառայության համար պատրաստել իրենց մասնագիտությանը տիրապետող, մարդկային, մասնագիտական, ռազմական և սպայական բարձր ունակություններ ունեցող բժիշկներ: Պատրաստ է գիտական հետազոտությունների միջոցով բարելավել զորամասային բժշկության որակը, բարձրացնել ցուցաբերվող բուժօգնության մակարդակը արտակարգ իրավիճակներում, մարտական գործողությունների ժամանակ, իր լուրջ ավանդն ունենալ խիզախ սպայի ձևավորման ու հայրենիքին արժանի քաղաքացու դաստիարակմանը: