Ռազմական բժշկություն՝ երեկ և այսօր

Հայաստանի Հանրապետությունում ռազմական բժշկության հիմնումը Արցախյան պատերազմի արդյունքն էր: Այն ստեղծվեց նույնքան հախուռն, որքան բանակը: Բայց անգամ այդպես կարողացավ պատվով լուծել մի շարք կարևորագույն խնդիրներ՝ վիրավորների ու հիվանդների բուժում, հակահամաճարակային միջոցառումների իրականացում, ռազմաբժշկական ֆակուլտետի, բազաների և հոսպիտալների կազմավորում և այս ամենի իրավական դաշտի ստեղծում: Իսկ ու՞ր է հասել և ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած այն խաղաղ պայմաններում:
Կամավոր Խաչատրյան
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ

-Ռազմական բժշկությունն ի՞նչ ճանապարհ է անցել Հայաստանում: Ի՞նչ ձեռքբերումներ ու առաջընթացներ են գրանցվել:
– Ռազմաբժշկական վարչությունը ստեղծվել է բանակի հետ միասին` 1992 թվականին: Արցախում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ծառայությունն իրականացվում էր փոքրիկ մի խմբի կողմից` կազմված առողջապահության նախարարության մի քանի քաղաքացիական բժիշկներից: Նրանց հետ միասին եղել են նաև նախկին Խորհրդային Միության ռազմաբժշկական ակադեմիաներում կրթված սպաները: Վերջիններիս միացյալ ջանքերով էլ հետագայում ստեղծվեց ռազմաբժշկական վարչությունը, որն իր փոքրաթիվ ուժերով, համագործակցելով առողջապահության նախարարության հետ, զբաղվում էր վիրավոր ազատամարտիկների բուժմամբ: Նշյալ բուժծառայությունը սկզբում պայմանավորված է եղել միայն համապատասխան վարչությամբ, բայց հետո ստեղծվեցին ռազմաբժշկական զորամասեր, այսինքն զինվորական հոսպիտալներ. Երևանի կայազորային հոսպիտալը, Վանաձորի կայազորային հոսպիտալը, Սիսիանի կայազորային հոսպիտալը, հետագայում կենտրոնական կլինիկական Վարդենիսի զինվորական հոսպիտալը: Եվ այդ հոսպիտալների ուժերով սկսվել է կազմակերպվել վիրավոր ազատամարտիկների, ժամկետային զինծառայողների, սպաների ու նրանց ընտանիքի անդամների բուժումը:
-Կադրերի հարցում ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացվել:
– Երևանի պետական բժշկական համալսարանում 1994-ին հիմնվել է ռազմաբժշկական ֆակուլտետ: Առ այսօր ֆակուլտետը գործում և զարգանում է: Ֆակուլտետի շրջանավարտները կլինիկական օրդինատուրաներ են ավարտում և գործի նշանակվում մեր հոսպիտալներում ու զորամասերում` համալրելով ռազմաբժշկական ծառայության շարքերը:
-Ինչպե՞ս կգնահատեք ռազմական բժշկության ոլորտը Հայաստանում, ի՞նչ չափով է կայացած:
– Ռազմաբժշկական ծառայությունը ժամանակի ընթացքում էական զարգացում է ապրել թե՛ շենքային պայմանների, թե՛ տեխնիկական հագեցվածության և թե՛ անձնակազմի վերապատրաստման առումներով: Այժմ արդեն մեր տրամադրության տակ ունենք տարածաշրջանում մրցունակ համարվող բուժական և ախտորոշիչ սարքավորումներ: Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների հետևանքով երբ սահմանին ունեցանք վիրավորներ, մենք կարողացանք բոլորին էլ ցուցաբերել պատշաճ բուժօգնություն: Մենք արդեն անցել ենք զարգացման որոշակի փուլ, այսօր մեզ ոչ թե պետք են միջոցներ, որ խնդիր լուծենք, դա կա արդեն, այլ մենք ցանկանում ենք խնդիրը լուծել հնարավորինս բարձր մակարդակով: Պետք է փաստել, որ մեր հնարավորություններով այժմ մենք չենք զիջում քաղաքացիական բուժհաստատությունների մեր գործընկերներին: Բոլոր հոսպիտալները համալրված են ժամանակակից սարքավորումներով: Օրինակ` այսօր մենք ձեռք ենք բերել համակարգչային տոմոգրաֆ, որը Հայաստանում երկրորդը չունի: Զինվորի ու սպայի համար մենք փորձում ենք ձեռք բերել միայն լավագույնը: Խնդիր է դրված, որ զինվորական հոսպիտալի տեխնիկական հագեցվածությունը և բուժանձնակազմի պատրաստվածությունն այնքան բարձր մակարդակում լինեն, որ չմտածենք հիվանդին տարբեր հիվանդանոցներ ուղարկելու մասին: Հոսպիտալային օղակի աշխատանքի իմաստն է կարողանալ զինվորին ցուցաբերել պատշաճ բուժօգնություն: Ընդ որում ոչ միայն զինվորականների, այլ նաև քաղաքացիական անձնանց համար: Այսօր քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր նախընտրում են հոսպիտալներում բուժվել, հատկապես մեր կայազորներում: Իհարկե, նորագույն սարքավորում ունենալը դեռ չի նշանակում ունենալ լուրջ բժշկություն: Առաջնահերթությունը տրվում է մասնագետի պատրաստվածությանը: Եթե մենք ձեռք ենք բերում նոր սարքավորում, մինչև դրա տեղադրումը կազմակերպում ենք համապատասխան մասնագետների վերապատրաստում: Բացի դրանից բանակում լուրջ ուշադրություն է հատկացվում կրթական մակարդակի բարձրացմանը, հատկապես բուժծառայողների: Այդ հարցում, բնականաբար, պիտի լինեն միայն լավագույնները, քանի որ ներում չկա սխալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Սպաների ծառայության ընթացքում լինում են 5-7 շաբաթ տևողությամբ վերապատրաստման ծրագրեր, որպեսզի տեղի ունենա բժիշկների փորձի փոխանակում: Մեր լավ մասնագետներին մենք ուղարկում ենք կայազորներ, որտեղ նրանք նորությունները փոխանցում են զորամասային բժիշկներին: Բացի դրանից ունենք նաև միջազգային կապեր և համագործակցություն: Այս պահին հիմնականում համագործակցում ենք Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ: Օրինակ` մեր վիրաբույժներից մեկը մեկնելու է Շանhայ` 2 տարի օրդինատուրա անցնելու: Համագործակցում ենք համարյա բոլոր եվրոպական երկրների հետ: Կան ծրագրեր, ըստ որոնց, կազմակերպվում են եռամսյա կուրսեր Ռուսաստանի տարբեր կլինիկաներում: Այդ առումով մեր բժիշկների պատրաստվածության մակարդակը շատ բարձր է, ընդ որում ոչ միայն խաղաղ պայմանների, այլ նաև արտակարգ իրավիճակների համար:
-Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի հետ ի՞նչ շփումներ կան և համագործակցության ի՞նչ հիմքեր:
– Ուրախալի է, որ Հայաստանում կա նման ասոցիացիա: Ինքս անդամակցում եմ այդ կազմակերպությանը: Անդամագրված բժիշկների մեջ կան այնպիսիք, որոնք գործող բանակի մեջ են և այնպիսիք, որոնք զորացրված են: Տիկին Ռուզաննայի գլխավորությամբ ստեղծված ասոցիացիայի հիմնական նպատակն է ցանկացած միջոցով օժանդակել ռազմաբժշկական ծառայությանը զինված ուժերում: «Զինվորական բժիշկ» կազմակերպության ծրագրերը շատ բազմաբնույթ են` սկսած խորհդրատվությունից մինչև տարբեր տեսակի օժանդակություններ: Ասոցիացիան ունի միջազգային, արտասահմանյան տարբեր հկ-ների հետ կապեր: Այդ ամենը ծառայեցվում է հիվանդների շահերին: Օրինակ` ունենում ենք հիվանդներ, որոնց բուժումը դժվար է կազմակերպել Հայաստանում: Հասարակական կազմակերպությունների միջև եղած համագործակցության արդյուքնում կարողանում ենք նրանց բուժումը կազմակերպել արտերկրում: Ամեն ինչ չէ, որ կարող ես պետական մակարդակով անել: Այս պահին ունենք վիրավոր զինվոր, ով շփման գծում հրազենային վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով վնասվել էր նրա արմունկը: Համապատասխան բուժում կազմակերպելու համար պահանջվում է մեծ գումարների ներդրում: Նման հարցերին փորձ է արվում լուծում տալ միջհասարակական կապերի միջոցով: Հայաստանում դեռ չկան այն միջոցները, որոնք արմնկային հոդի վիրահատման հնարավորություն կտան, այդ պատճառով ծրագրում ենք նրան տեղափոխել և բուժել արտասահմանում: Հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը բանակի թերությունները շտկելու, աշխատանքները բարելավելու առումով շատ կարևոր է: Հասարակության առաջ բանակը բաց է, ինչպես նշել է պաշտպանության նախարարը: Բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն կա: Այնպես որ, մեր համագործակությունը բոլոր հկ-ների հետ իր հունով առաջ է գնում, առավել ևս ռազմական բժիշկների ասոցիացիայի, որը նոր է հիմնադրվել և դեռ շատ անելիքներ ունի:
-Ի՞նչն է խանգարում առավել զարգացած լինելուն: Ի՞նչ արդյունավետ քայլեր են պետք դրանք լուծելու համար:
– Զարգացման ճանապարհին միշտ էլ լինում են խնդիրներ: Բոլոր տեղերում էլ այդպես է: Խնդիրները հիմնականում ֆինանսների հետ են կապված լինում: Մենք ցանկանում ենք ունենալ տարածաշրջանում լավագույն զինվորական հոսպիտալը, ինչպիսին ունեն Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Նրանց հոսպիտալներում բուժում է ստանում նաև էլիտար հանրությունը: Ես նկատի չունեմ հոսպիտալ ստեղծել միայն էլիտար մարդկանց համար: Նկատի ունեմ հոսպիտալի խիստ բարձր հեղինակությունը, այնքան բարձր, որ զինվորի հետ միասին այնտեղ բուժվում է, ասենք, երկրի նախագահը: Ժամանակի ընթացքում մենք դա անպայման ունենալու ենք:
Մեր խնդիրներից է այն, որ հոսպիտալներում ոչ բոլոր պրոֆեսիոնալ բաժիններն ունենք: Օրինակ՝ կարիք կա ժամանակակից բաժանմունքների` կապված սրտային վիրաբուժության, անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության հետ: Նման հիվանդներին կառավարության որոշման համաձայն ուղարկում ենք քաղաքացիական բուժհաստատություններ:
Հայոց բանակի ռազմաբժշկական ծառայությունը կա, զարգանում է և ապագայում էլ ավելի կզարգանա, որովհետև զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Վերջին ժամանակներում պաշտպանության նախարարի հրամանի արդյունքում արդեն կարող ենք վստահորեն փաստել, որ հանրապետությունում չկա մի զորամաս, որտեղ չլինի ժամանակակից, վերանորոգված, զորամասային մակարդակին համապատասխան միջոցներով համալրված բուժկետ: Այդ ամենը նպատակ ունի բանակում պատշաճ մակարդակի վրա պահել բուժծառայությունը: Առաջիկայում սահմանային զորամասերին լաբորատոր միջոցներ ենք հատկացնելու: Ծրագրերը շատ են, և ամեն ինչ արվելու է, որպեսզի լինենք լավագույնների շարքում մեր ծառայությունների մեջ: