Տարածաշրջանի մակարդակով մեր և՛ բանակը, և՛ զինվորական բժշկությունը առաջնակարգ դիրքեր են զբաղեցնում: 

Ռազմաբժշկական ծառայություն. գնահատում են մասնագետները

Արտաշես Փարսադանյան

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, գնդապետ,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

– Հայ իրականությունում ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել ռազմական բժշկությունը:

– Ռազմական բժշկությունը հայ իրականությունում գոյություն ունի շատ վաղ ժամանակներից, երբ կազմավորվել են զինված ուժերը, զուգահեռ միշտ եղել են բուժօգնություն ապահովող մասնագետներ: Սկզբնական շրջանում նրանք քրմերի դասից էին, այնուհետև ի հայտ եկան հեքիմները: Իսկ ռազմաբժշկական կառույցը որպես այդպիսին հայկական բանակում առաջին անգամ ի հայտ է եկել նախորդ դարի սկզբին` առաջին հանրապետության ստեղծման ժամանակ: Կար անկախ պետականության, կար սեփական բանակ, հետևաբար և ձևավորվեցին ռազմաբժշկության էլեմենտները. կազմվում էր բուժանձնակազմ, հիմնվում էին լազարեթներ, փոքրիկ հոսպիտալներ: Հետո երբ Հայաստանը խորհրդայնացվեց, հայկական ռազմաբժշկությունն արդեն գործում էր Սովետմիության կանոնավոր զորքերի շրջանակներում: Հայ զինվորական բժիշկները սովետական բանակում միշտ գտնվում էին լավագույնների շարքերում: Հայկական ռազմաբժշկությունը մեծ զարգացում ապրեց հատկապես Հայրենական պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում առաջ եկան պրոֆեսորներ, գիտնականներ, պրակտիկ վիրաբույժներ: Ունեցել ենք գեներալ Բուռնազյան, որը սովետական բանակի գլխավոր մասնագետներից էր, գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի և այլն: Պետք է նշեմ, սակայն, որ հայկական զինվորական բժշկության հիմնական ձևավորումն ու զարգացումը տեղի է ունեցել արցախյան ազատամարտի ժամանակ: Երբ անկախացումից հետո ձևավորվեցին զինված ուժերը, այդ ժամանակ էլ արդեն որպես կայուն կառույց ստեղծվեց ռազմաբժշկական ծառայությունը: Պատերազմի ընթացքում բազմաթիվ հայ նվիրյալ զինվորական բժիշկներ, ովքեր կայացել էին սովետական բանակում, եկան Հայաստան և իրենց ներդրումն ունեցան: Նրանց հետ միասին իրենց ջանքերը ներդրեցին նաև քաղաքացիական բժիշկները, անգամ ինստիտուտների բարձր կուրսերի ուսանողները մտնում էին ջոկատների կազմ և բուժօգնություն ցույց տալիս կռվող տղաներին: Դա ռազմաբժշկական ծառայության սաղմնավորման փուլն էր: 1992-ի հունվարի 28-ին եղավ հրաման, որով ի թիվս այլ վարչությունների, բանակի կազմում ստեղծվեց նաև ռազմաբժշկական վարչությունը:

– Ռազմաբժշկական վարչությունն ի՞նչ ձեռքբերումներ ու առաջըթնաց է ունեցել:

– Հայոց բանակում ռազմաբժշկական ծառայությունը գոյություն ունի արդեն 22 տարի: Իր կայացման ընթացքում անցել է մի քանի փուլ: Այսօր կարելի է ասել, որ արդեն ձևավորված կառույց է: Նույնիսկ կասեի` լավ ձևավորված կառույց, քանի որ հիմքերը դրվել են մեծ աշխատանքների գնով: Բանակի ռազմաբժշկական ծառայությունը պաշտպանության նախարարների և ԶՈւ գլխավոր շտաբի կողմից միշտ ստացել է աջակցություն տարբեր հարցերում. կադրերի պատրաստում, տեխնիկական հագեցում, շենքային պայմանների ապահովում, կանխարգելիչ բժշկության զարգացում և այլն: Հատկապես 2006-2011թթ. ռազմաբժշկությունն ունեցավ թռիչքաձև զարգացում. համալրվեց ակադեմիական կրթություն ունեցող կադրերով, բարելավվեցին շենքային պայմանները, կառուցվեցին նոր հոսպիտալներ: Օրինակ, երբ ես ստանձնում էր վարչության ղեկավարումը, կար արհեստական շնչառության մի քանի սովետական ապարատ, այն էլ` ոչ պիտանի: Ֆրանսիական մի ապարատ էլ կար, բայց դարձյալ լավ չէր աշխատում: Մենք անմիջապես սկսեցինք ոչ թե տեխնիկական վերազինում, այլ վերափոխում: Զրոյից ամեն ինչ վերափոխվեց, հասավ մի կետի, որն այդ ժամանակ համարվում էր գագաթնակետ Հայաստանի դեպքում: Բացի շենքային պայմանների բարելավումից մենք կարողացանք զբաղվել նաև գիտական գործունեությամբ: Մեզ մոտ աշխատում էին գիտությունների 29 թեկնածու, 6 դոկտոր: Նրանցից մի քանիսը իրենց ատենախոսությունները պաշտպանել էին հենց մեզ մոտ: Մեր լավագույն բժիշկները հանդես եկան գյուտարարությամբ, նորագույն բժշկական մեթոդների ներդրմամբ: Մեծ առաջընթաց ունեցանք որդաբուժության բնագավառում: Որդաբուժությունը, իհարկե, նորություն չէ, բայց որդերի բուծման և վերքերի բուժման մեր ներդրած եղանակը եզակի էր: Մեր բժիշկներից Աշոտ Զոհրաբյանն է մշակել այդ մեթոդիկան. տնական ճանճերի միջոցով ստանում ենք նոր խմբի ճիճուներ, որոնք դնում ենք երկարատև չբուժվող վերքերի վրա: Ճիճուները սնվում են քայքայված, ոչ պիտանի հյուսվածքներով՝ մինչև վերքի մաքրվելը: Հենց հասնում են առողջ հյուսվածքներին, դադարեցնում ենք: Սա լիցենզավորված գյուտ է, ստացել է միջազգային ճանաչում: Կարևոր գյուտ է նաև ոսկրային դեֆեկտների վերացման գործում պրոֆեսոր Յուրի Պողոսյանի կողմից ներդրված դիակային փոշիացված ոսկրանյութի օգտագործման մեթոդիկան: Այդ բուժամեթոդը շատ արդյունավետ էր հատկապես պատերազմական շրջանում, երբ հրազենային վնասվածքից առաջացած ոսկրային դեֆեկտները շատ էին հանդիպում:

– Համագործակցության ի՞նչ հիքմեր են դրվել արտասահմանյան գործընկերների հետ:

– Արտաքին կապերի ուղղությունը ևս նշանակալի զարգացում է ապրել: Համագործակցություն է հաստատվել գրեթե բոլոր եվրապական երկրների հետ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ: Մեր միջազգային կապերը ծառայեցրել ենք մեզ համար լավ կադրեր պատրաստելու գործին: Հատկապես կուզեի առանձնացնել համագործակցությունը Գերմանիայի հետ, որն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրվել: Առաջին գերմանացի գեներալը, որը եկել է Հայաստան, եղել է Բանդենկովը: Նրա այցից հետո մեր կապերն ավելի ընդլայնվեցին և հասան բարեկամության մակարդակի: Մեզ հրավիրեցին Գերմանիա: Իմ պաշտոնավարության ժամանակ երբ գնացի Գերմանիա, առաջին խնդիրս էր ուսումնասիրել այնտեղի ուսումնական դաշտը: Ակտիվորեն յուրացրեցինք գերմանական ռազմաբժշկության առավելությունները: Մեր կադրերից շատերը կրթվեցին այնտեղ: Հիմա մեր ռազմաբժշկական վարչության լավագույն կադրերը գրեթե բոլորն էլ ավարտել են գերմանական ռազմաբժշկական հաստատություններ:

– Հետագա զարգացումն ապահովելու համար ի՞նչ խնդիրներ ունի լուծելու մեր բանակի բուժծառայությունը:

– Ես կարևորում եմ տեխնիկական հետագա վերափոխումների շարունակականության ապահովման հարցերը: Հետագա զարգացման համար արմատական քայլեր են պետք հատկապես կադրային հարցերում: Բժշկությունը չի կարող հենվել թերի զարգացած բժիշկների վրա: Ես մի անգամ էլ եմ նշել, որ հայկական բանակը, հայկական ռազմական բժշկությունը չի կարող միջակություն ունենալ, սա այն երկիրը չէ, որտեղ միջակությունով առաջ գնաս ու միջակության ձախողումները կոծկես: Հնարավոր բան չէ: Սա այն ազգն է, որը ամեն ինչի վրա ուշադրություն է դարձնում: Հիմա գիտե՞ք ինչն է անհանգստացնում որակ ապահովելու հարցում. փոխարինող կադրերն արդյո՞ք կարող են իրենց վրա վերցնել եղած ժառանգությունը և առաջ գնալ: Այ սա կարևոր խնդիր է: Փոխարինող կադրը միշտ պետք է պատրաստ լինի, որպեսզի տեղում չդոփի: Բոլոր դեպքերում ես խնդիրն այդպես եմ դնում: Մեր ռազմական բժիշկները պետք է կազմակերպչական մասից դուրս գան, դառնան բուժող բժիշկներ, այլապես մեր կորուստները միշտ շատ կլինեն: Մեզանում բուժական խնդիրն է կարևոր, փոքրաթիվ ժողովուրդ ենք, համալրման խնդիր ունենք:

– Տարածաշրջանի մակարդակով ի՞նչ դիրքեր է զբաղեցնում մեր ռազմաբժշկական ծառայությունը:

– Տարածաշրջանի մակարդակով մեր և՛ բանակը, և՛ զինվորական բժշկությունը առաջնակարգ դիրքեր են զբաղեցնում: Ընդ որում, դա միայն մեր գնահատական չէ: Ես մասնակցել եմ շատ միջազգային ֆորումների, այդ թվում և ՆԱՏՕ-ում անցկացվող, ու միշտ զգացել եմ, որ մեր արտերկրյա գործընկերները ձգտում են ուսումնասիրել մեր փորձը, մեր կառուցվածքային տարրերը, արդյունավետությունը: Պատահական չէ, որ գերմանական և ամերիկյան կողմերը միշտ ներկա են եղել մեր անցկացրած զորավարժություններին: Օրինակ` 2012-ի աշնանը մեծ զորավարժություն անցկացրեցինք, աշխարհի 6 երկրից ներկայացուցիչներ կային: Մենք ցույց տվեցինք, թե ինչպես ենք պատերազմական իրադրությունում մեր վիրավորին առաջնագծից տարհանում մինչև բուժհիմնարկ, որ նա մնա կենդանի, բուժվի և շարք վերադառնա: Իրենք բոլորն էլ ընդունեցին այդ սխեմայի կատարելությունը և փորձեցին իրենց մոտ էլ ներդնել դա:

– Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիայից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

– Ողջունելի է նման հասարակական կազմակերպության ստեղծումը: Կարծում եմ դա մեծ աջակցություն կլինի ռազմական գործող բժշկությանը և արդեն զորացրված զինվորական բժիշկների հետ տարվող աշխատանքներին: Ասոցիացիայի արտասահմանյան կապերը հնարավորթյուն կտան լավ մասնագետներ պատրաստելու: Նրա դերը կարևորում եմ նաև հասարակության հետ կատարվելիք աշխատանքներում: Անելիքներ շատ կան: Ռազմական բժշկության մեջ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Ամեն մի օրը ռազմական բժշկի համար մի սցենար է, որը կարող նրանից կյանք խլել: Ահա այդքան խոր հոգեբանական իրավիճակներ են զարգանում: Շատ ժամանակ դա ճիշտ չի հասկացվում հասարակության կողմից: Ասոցիացիայի խնդիրը կլինի սա պարզաբանել, իրականությունը վերհանել: Արդյունքում հանրությունն ավելի լավ կպատկերացնի, թե ինչ է իրենից ներկայացնում ռազմական բժշկությունը: Ըստ իս` Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած կազմակերպությունը որպես միջնորդ օղակ ավելի կմեծացնի ժողովուրդ-բանակ-ռազմական բժշկություն կապը: Կնպաստի նաև զինվորական և քաղաքացիական բուժծառայությունների կապերի զարգացմանը: