ՀՀ ԶՈՒ ԵՎ ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՏԵՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ԵՎ ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՏԵՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

Գալստյան Ս.Գ. բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Նազարյան Ա.Վ. բ/ծ մայոր, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետի տեղակալ,
Վարդանյան Գ.Ռ., բ/ծ փոխգնդապետ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ԲԾԿՄ ամբիոնի պետ,
Աթոյան Կ. բ/ծ գնդապետ, ՀՀ ԱԻՆ բուժվարչության պետ
Մարդկության պատմության ներկա ժամանակաշրջանը տեղային պատերազմների, ռազմական բախումների ու հակամարտությունների, հեղափոխությունների ու հակահեղափոխությունների, կրոնական ֆանատիզմի բռնկումների, ահաբեկչությունների ու հակաահաբեկչական գործողությունների, բնական ու տեխնածին աղետների մի անվերջանալի շղթա է:
Ամբողջ XX դարը և XXI դարասկիզբը համաշխարհային երկու մեծ ու բազմաթիվ տեղային պատերազմների, հին ու նորագույն կայսրությունների փլուզման, նոր մեծ ու փոքր պետությունների առաջացման, ազգային ազատագրական պայքարի, առանձին հերոսամարտերի, նախօրոք պլանավորված և իրականացված ցեղասպանությունների ու ժողովուրդներին իրենց բնօրրաններից տեղահանումների, պետությունների միջև նոր սահմանների հաստատման, ազգերի ինքնորոշման իրավունքի դեկլարացիայի և դրա անտեսման, դաժան ահաբեկչությունների ու հարյուրավոր մարդկային զոհերի պատմություն է:
Բոլոր հին ու նոր պատերազմները միմյանցից տարբերվում են իրենց մասշտաբներով, զինված ուժերի շինարարության սկզբունքներով, ռազմավարության տարբերակների ընտրությամբ ու հաղթանակին հասնելու ուղիների մասին եղած պատկե-րացումներով, զինված ուժերի համալրման ձևերով, կիրառված զենքի և ռազմական տեխնիկայի բնույթով, ռազմական կադրերի պատրաստման նկատմամբ մոտեցումներով, հնարավոր մարտական գործողությունների վարման եղանակներով և այլն:
Ներկայումս աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը բնորոշվում է հակասական միտումներով: Մի կողմից իջել է խոշորամասշտաբ պատերազմների հավանականությունը, մյուս կողմից բավականին բարձր է տեղային հակամարտությունների և պատերազմների վտանգը: Վերջիններիս հիմնական պատճառներն են քաղաքական, տնտեսական, կրոնական, ազգայինէթնիկ հակասությունները, մի շարք պետությունների ձգտումը դրանք լուծել կիրառելով ռազմական ուժ, օգտագործելով զինված պայքարի ավանդական և նոր մեթոդներ, ձևեր և միջոցներ:
Սակայն հարկ է նաև նշել, որ միջազգային հարաբերություններում ռազմաուժային գործոնների պահպանմանը զուգահեռ սկսել են նկատելի դեր կատարել տնտեսական, քաղաքական, գիտատեխնիկական, էկոլոգիական և տեղեկատվական ասպեկտները: Դա դրսևորվում է պետությունների մեծ մասի տնտեսական և քաղաքական դիրքերի ամրապն-դումով, միջազգային քաղաքական, տնտեսական, ֆինանսական և տեղեկատվական պրոցեսների մեխանիզմների ղեկավարման կատարելագործումով: Այդ իսկ պատճառով իրատեսական են դառնում միջազգային հարաբերությունների ապառազմականացումը, ինչպես նաև վիճահարույց միջպետական պրոբլեմների կարգավորումը միջազգային իրավունքի կիրառումով:
Միաժամանակ տարբեր պետությունների միջև վերջին տասնամյակների հակամարտությունների հանգուցալուծումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ ռազմական մեթոդներն արդյունավետ են, եթե դրանք հենվում են հակամարտող կողմերի ռազմական ուժի վրա:
Գիտության և տեխնիկայի արագ զարգացման, ռազմական ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հետևանքով զինված պայքարի միջոցները դարձել են այնքան հզոր, որ պատերազմները` քաղաքացիական բնակչության, պետության տնտեսության և ենթակառուցվածքի սպասվելիք կորուստների, երկրագնդում էկոլոգիական հնարավոր խոշորամասշտաբ աղետի պատճառով, դարձել են իռացիոնալ: Դրա հետ կապված զարգացած երկրների և նրանց դաշնակիցների միջև մեծ պատերազմների հավանականությունը զգալի չափով նվազել է: Նրանց միջև տարաձայնությունները տեղափոխվել են տնտեսական և տեխնոլոգիական մրցակցության հարթություններ, սրվել է պայքարը հեռանկարային նոր շուկաներ ձեռք բերելու և հումքի աղբյուրների համար:
Չնայած աշխարհում առկա դրական միտումներին, ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացման էական գործոն է առաջատար երկրներում ռազմական ուժի կիրառման մտածելակերպի փոփոխությունը: Վերջին ժամանակների ռազմական հակամարտությունների և տեղային պատերազմների հանգուցալուծումը ցույց է տալիս, որ առաջատար երկրների կամ ռազմական բլոկների կողմից ուժի կիրառումը, երբ նպատակը հակամարտող կողմերից մեկին խաղաղություն պարտադրելն է, պահպանվում է:
Անկախություն նվաճելուց հետո ՀՀ ԶՈՒ շինարարությունը ձեռք բերեց խիստ կարևոր նշանակություն: Այն իրենից ներկայացնում է բազմակողմ և բարդ պրոցես: Նրա վրա ազդում են զինված ուժերի շինարարության համար հատկացված կարճատև ժամանակը, վերջիններիս առաջ դրված խնդիրների հատուկ բնույթը, նախկին խորհդային բանակի կադրերի առկայությունը, 194145 Հայրենական Մեծ ու աֆղանական պատերազմներում խորհրդային բանակի փորձը, անձնակազմի հոգեբանական տրամադրվածությունը, Ղարաբաղյան պատերազմում մարտական գործողությունների յուրահատկությունները, ազատամարտիկների և կադրային զինվորականների սիմբիոզը, ՀՀ ժողովրդարագրական վիճակը, շարունակական շրջափակումը, ռազմական գործողությունների թատերաբեմի սահմանափակ լինելն ու դրա աշխարհագրական առանձնահատ-կությունները, ռազմաարդյունաբերական համալիրի ոչ լիարժեք գործունեությունը, կադրային ներուժի միակողմանիությունը, անհրաժեշտ ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների սակավությունն ու դրանց ձեռք բերման ֆինանսական միջոցների սղությունը, մարդկային, և մասնավորապես հայ ժողովրդի մտածելակերպը, պետության զարգացման ու ամրապնդման, անկախության մասին պատկերացումներըև այլն:
Նման պայմաններում ռազմավարական նպատակների իրականացման համար մարտավարական ճիշտ տարբերակի ընտրությունը ձեռք է բերում յուրահատուկ նշանակություն:
Ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանում կանոնավոր բանակ չունենալն ու զինված ուժերի շինարարության ոչ բավարար փորձը, առանձին ջոկատների գործունեության ներդաշնակման դժվարությունները ու մարտական գործողությունների իրականացման ռազմավարության տեսակետի բացակայությունը, ընդհանուր ռազմական հրա-մանատարության բավականին ուշ ձևավորումը, ջոկատների հրամանատարների մոտ մարտական գործողությունների վարման վերաբերյալ մոտեցումների հակասական և ոչ միատեսակ լինելը, անհատի և զենքի ու ռազմական տեխնիկայի դերերի նկատմամբ տարաբնույթ մոտեցումները ստեղծեցին որոշակի դժվարություններ տվյալ փուլում վերջնական ու ճիշտ եզրակացությունների կատարման, ՀՀում ռազմական համակարգի կազմակերպչական կառուցվածքի ստեղծման ու դրա հետագա առաջընթացը խանգարող գործոնների վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ` հաշվի առնելով իրադրության արագընթացությունը, եղել են դժվարություններ ռազմական ամբողջ ոլորտում առկա օրինաչափությունների հայտնաբերման համար:
Հայաստանի Հանրոպետությունում ռազմական մտածելակերպի կազմակերպչական ձևավորման ոչ մեծ փորձի ընդհանրացումը հիմք է տալիս եզրակացնել տեղային պատերազմների ժամանակ զինված ուժերի գործառույթի կազմակերպման ռազմավարության ու մարտավարական հարցերի ոչ բավարար ուսումնասիրման մասին: Տվյալ պրոբլեմի վերաբերյալ վերջին տարիներին հրատարակված գիտական աշխատությունները եզակի են ու նպատակաուղղված բնույթ չունեն: Միաժամանակ դրանցում լիարժեք չեն արտացոլված և ի մի բերված չեն տեղային պատերազմների վերաբերյալ սկզբունքները, ձևավորված ու մշակված չեն միասնական հայացքներ:
Հարկ է նշել, որ տեղային պատերազմների նկատմամբ ռազմական մտածելակերպում գոյություն ունեցող հակասությունները մի կողմից պայմանավորված են պետությունների սոցիալտնտեսական զարգացման մակարդակով, ռազմական գործողությունների թատերաբեմի առանձնահատկություններով, կիրառվող զենքի և օգտագործվող ռազմական տեխնիկայի տեսակով, ռազմական դպրոցի առկայությամբ, իսկ մյուս կողմից տվյալ ազգի (ժողովրդի) հոգեբանական նախատրամադրվածությամբ, անհատի ինքնազոհողության գնալու հավանականությամբ ու ցանկությամբ, զինվորհրամանատար հարաբերություններով և այլն:
Այստեղ կարևորվում է նաև այն հանգամանքը, որ ըստ գրականության տվյալների հեղինակների մեծ մասը իրենց հիմնական ուշադրությունը բևեռել են մեծ և փոքր պետությունների միջև ռազմական ընդհարումներին և պատերազմներինª հաշվի չառնելով փոքր պետությունների միջև ընթացող պատերազմները:
Բավականին լուրջ և հիմնարար պատասխաններ են պահանջվում տեղային պատերազմի վերսկսման դեպքում զինված ուժերի գործունեության ռազմավարության որոշման տեսակետից: Ընդ որում, վերջինիս տեսակետից պետք է հաշվի առնել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, հակամարտող կողմերի երկրներում տիրող հոգեբանական և գաղափարախոսական մթնոլորտը, զինված անձի ու տվյալ ազգի վերաբերմունքն իր հայրենիքի ապագայի նկատմամբ, հնարավոր հայրենասիրական պոռթկումն ու ազգային զարթոնքը, զինված ուժերի կազմակերպման աստիճանը, դրանց հագեց-վածությունը ժամանակակից զենքով ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև այդ զենքն ու ռազմական տեխնիկան կիրառող զինծառայողի պատրաստվածության մակարդակը, մեծ պետությունների վերաբերմունքն ու ձեռնարկվող քայլերը և այլն:
Չնայած մեր զինված ուժերի շինարարության ապագայի հիմնախնդիրների ընդհանուր հստակությանը, ինչպես նաև նրանց կիրառմանը պատերազմի վերսկսման պարագայում և դրանում ՀՀ ներգրավումը, կարելի է նախկին տեղային պատերազմների և ռազմական հակամարտությունների փորձի և ռազմական ոլորտի մասնագետների կարծիքների և հայացքների ուսումնասիրմամբ կանխատեսել առավել հնարավոր տարբերակների և միտումների զարգացումները:
ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ շրջաններում զինադադարի պարբերաբար խախտումները, դիվերսիոնհետախուզական խմբերի ներթափանցման դեպքերը, հարևան երկրի ռազմատենչ հռետորաբանությունը չի բացառում տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը:
Հավանական մարտական գործողությունները տարածաշրջանում կկրեն արտահայտված տեղային պատերազմների բնույթ:
ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ տարածքների խիտ բնակեցումը, արդյունաբերական և տնտեսական ենթակառուցվածքների, պետական, մարզային և համայնքային նշանակության օբյեկտների առկայությունը ենթադրում է տեղային պատերազմում տարբեր գերատեսչությունների և նախարարությունների զինված ստորաբաժանումների ընդգրկում:
Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության», «ՀՀ քաղաքացիական պաշտպանության» և «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու» մասին օրենքների արտակարգ իրավիճակնե-րում, այդ թվում, պատերազմական իրավիճակում, ՀՀ տարածքում ստեղծվում են ՀՀ պետական կառավարման պետական, մարզային և տարածքային մարմիններ (լիազորված մարմիններ), որոնց կողմից կազմակերպվող և իրականացվող միջոցառումներում ընդգրկված են նաև աղետի շրջանում բնակչության տարհանումը ու տեղաբաշխումը, փրկարարական աշխատանքների իրականացումը, ազգաբնակչության բժշկական ապահովումը, վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքները և այլն:
Ըստ հասանելի գրականության տվյալների տեղային պատերազմներում տարբեր ինտենսիվության մարտական գործողությունների բուժապահովման փորձը, հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները ակնհայտ մատնանշում են տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների միջև առկա փոխհամագործակցության խնդիրների մասին:
Կախված մարտական, բժշկական իրավիճակի գործոններից մարտական գործողություններ վարող խմբավորումը կարող է ընդգրկել բացի բանակի կանոնավոր ստորաբաժանումներից նաև ներքին զորքերի, ոստիկանության, ազգային անվտանգության, սահմանապահ զորքերի և այլ ստորաբաժանումներ: Զգալի մեծանում է վերը նշված գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների խնդիրների ծավալը, առաջ են գալիս ոչ հատկանշական խնդիրների լուծման ահհրաժեշտություն:
Ոստիկանության և ներքին զորքերի բուժծառայությունների համար հիմնական է դառնում պետական կարևոր օբյեկտների, բեռների, տարհանված բնակչության շարասյուների, պահպանության ներքո գտնվող օբյեկտների մերձակայքում հակառակորդի դիվերսիոնահանեկչական խմբերի ոչնչացման, ներքին կարգ ու կանոնի պահպանությունն իրականացնող ուժերի բժշկական ապահովման խնդիրը,արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական ծառայությանը՝ խաղաղ բնակչության և փրկարարականվերականգնողական աշխատանքներում ընդգրկված անձնակազմի բուժապահովումը, բանակի բուժծառայությանը՝ մարտական գործողությունների վարող ստորաբաժանումների բուժապահովումը և այլն:
Վերը նշված տարբեր գերատեսչությունների և նախարարությունների զինված ստորաբաժանումների բուժծառայությունները բուժապահովման իրականացման ընթացքում օգտվում էին ինչպես գերատեսչական բուժծառայության հնարավորություններից (առանձին բժշկական ջոկատներ, հատուկ նշանակության բժշկական ջոկատներ, հոսպիտալներ), այնպես էլ առողջապահության նախարարության ընձեռած հնարավորություններից, ընդ որում ինչպես տարածքային տեղակայման սկզբունքներից ելնելով, այնպես էլ կենտրոնական օղակի:
Տարբեր գերատեսչությունների և նախարարությունների զինված ստորաբաժանումների ուժերի ու միջոցների համատեղ կիրառումը տեղային պատերազմներում ի հայտ բերեց մի շարք խնդրահարույց հարցեր, ինչպես զինված ստորաբաժանումների, այնպես էլ նրանց բուժծառայությունների ու քաղաքացիական առողջապահության համակարգի փոխհամագործակցության ոլորտներում:
Դրանք են.
• տարբեր գերատեսչությունների և նախարարությունների զինված ստորաբաժանումների և դրանց բուժծառայությունների համատեղ կիրառման իրավական նորմատիվային հիմքի անկատարությունը,
• միասնական կառավարման համակարգի՝ այդ թվում բուժծառայության, բացակայությունը,
• զորքերի և դրանց կառավարման մարմինների նախապատրաստման և համատեղ գործունեության համահստակեցման նպատակային ծրագրային փաստաթղթերի թերությունները,
• զորքերի և դրանց բուժապահովման մարմինների կիրառման կենտրոնացված ու ապակենտրոնացված պլանավորման բացակայությունը,
• տարածքային սկզբունքից ելնելով համատեղ գործունեության և կառավարման հստակ մշակված պլանների բացակայությունը:
Մեր կարծիքով, վերը նշված խնդիրները պայմանավորված են տարբեր գերատեսչությունների և նախարարությունների ու դրանց բուժծառայությունների կառավարող մարմինների փոխհամագործակցության բովանդակության, ձևերի ու մեթոդների վերաբերյալ հայացքների տարբերությամբ, տարբեր մակարդակներում (պետական, մարզային) նման աշխատանքների իրականացման գործնական փորձի սակավությամբ, ինչպես նաև իրավականնորմատիվային հիմքի անկատարությամբ:
Գրականության աղբյուրների վերլուծությունը ակնհայտ վկայում է, որ այն դեպքերում, երբ համատեղ գործող տարբեր գերատեսչությունների և նախարարությունների զինված ստորաբաժանումները գործել են յուրաքանչյուրը սեփական կառա-վարման մարմնի ղեկավարման ներքո, նրանց գործողությունները կրել են չհամաձայնեցված, չհստակեցված բնույթ, ինչի հետևանքով դրանց արդյունավետությունը եղել է խիստ ցածր, կամ էլ պատերազմը տանուլ է տրվել (Հայրենական Մեծ պատե-րազմի 1-ին փուլ, Չեչենական 1-ին պատերազմ և այլն): Նշված դեպքերում նույն իրավիճակն է տիրել նաև բժշկական ապահովման համակարգում:
Այն դեպքերում, երբ համատեղ գործող տարբեր գերատեսչությունների և նախարարությունների զինված ստորաբաժանումների ղեկավարումն իրականացվել էր միավորյալ կառավարող մարմնի կողմից, և մարտական և բժշկական ապահովման արդյունավետությունը եղել է ակնհայտ ավելի բարձր: Ընդ որում ինչպես զինվորական, այնպես էլ բժշկական կառավարման հիմքում ընկած են եղել բանակի և դրա բժշկական ծառայության կառավարման սկզբունքներն ու մեթոդաբանությունը:
Վերլուծելով վերը նշյալը կարելի է հանգել հետևյալ եզրահանգումներին.
1. զորքերի միավորյալ խմբավորումների բուժապահովումը կարող է արդյունավետ իրականացվել բանակի բուժծառայության և նրա գործունեության սկզբունքների ու մեթոդաբանության հիման վրա,
2. անհրաժեշտ է, տարածքային սկղբունքից ելնելով, նախորոք մանրակրկիտ վերլուծել բժշկամարտավարական իրավիճակի գործոնների համալիրը և ադապտացնել տեղային պատերազմներում ընդրկվող զինված ստորաբաժանումների միավորյալ կառավարող մարմնի ու դրա բուժծառայության գործունեությունը բժշկամարտավարական կոնկրետ պայմաններում գործելուն:
Չնայած ոլորտը կարգավորող վերը նշված օրենսդրական ակտերի, ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթում տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների փոխհամագործակցությունը կանոնակարգող ու համահստակեցնող դրույթները լիարժեք չեն:
Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների վերսկսման դեպքում բուժապահովման ոլորտում որոշիչ կարող են դառնալ հետևյալ խնդիրները.
1. պատերազմի սկզբնական փուլում բուժծառայության գործելը խաղաղ պայմանների ուժերով և միջոցներով ու զորահավաքային ռեսուրսներից արագ օգտվելու դժվարությունը,
2. սանիտարական, այդ թվում օդային, տրանսպորտի սակավությունը,
3. սահմանամերձ շրջաններում մասնագիտացված բուժօգնության ցուցաբերման դժվարությունը, դրա կենտրոնացումը մայրաքաղաքում և հետևաբար մեծ թվով վիրավորների ու հիվանդների դեպի կենտրոնական օղակ տարհանման անհրաժեշ-տությունը,
4. տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների միջև փոխհամագործակցության՝ ինչպես հանրապետական, այնպես էլ տարածքային մակարդակներում, հստակ կանոնակարգված համակարգի ոչ լիարժեք լինելը:
Ըստ այդմ էլ վերը նշված խնդիրների լուծմանը կարելի է հասնել մշակելով հատուկ պայմաններում տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների միջև փոխհամագործակցության հետևյալ հարցերը.
• լիազորված կառավարման մարմնի կազմում բուժծառայության միավորյալ կառավարման ենթակառուցվածքի ստողծում,
• օպերատիվ կառավարման պլանի համաձայն տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների ենթակայության հստակ սահմանում,
• զորքերի միավորյալ խմբավորման բուժծառայության կառավարող մարմնի գործունեության ձևերի և մեթոդների հստակ սահմանում,
• հստակ և անխափան գործող կապի համակարգի ձևավորում,
• բուժապահովման համալիրի միջոցառումների (բուժտարհանման, սանիտարական վերահսկողության, հակահամաճարակային, բժշկական գույքով ապահովման) ծավալի կանխատեսում և հստակ բաշխում միասնական բուժապահովման համակարգում,
• միատեսակ կառավարման, հաշվառման և հաշվետվության փաստաթղթերի սահմանում,
• լիազորված մարմինների տարբեր մակարդակներում (պետական, տարածքային) ընդգրկված տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների փոխհամագործակցության գործնական հմտությունների կատարելագործում (հրամանատարականշտաբային զորավարժություններ, վարժանքներ, զորավար-ժություններ),
• ՀՀ և ԼՂՀ վարչական բաժանման սկզբունքի համաձայն տարբեր գերատեսչությունների և նախարարությունների բուժծառայությունների աշխատանքի ծավալների կանխատեսում և փոխհամագործակցության հստակ պլանավորում: