ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1941-1942 թթ. Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակի բուժծառայության պետ, գեներալ-գնդապետ Ե.Ի. Սմիրնովն իր “Война и военная медицина” աշխատության մեջ գրել է, որ ռազմական բժշկությունն ունի 3 բաղադրիչ` ռազմական կրթություն, ռազմական գիտություն և ռազմական պրակտիկա:

Սրանք լուրջ ընդհանրացումներ են, որոնց արդիականությունը ներկայումս ոչ ոք չի վիճարկում:

Ինչպիսին կարող է լինել ռազմաբժշկական կրթության, գիտության տեսլականը ՀՀ-ում 2014-2018 թթ. ժամանակահատվածում:
Ռազմաբժշկական կրթությունը և գիտությունը գործառույթային տեսակետից պետք է լինեն միասնական և առաջարկեն ռազմական պրակտիկայի առջև ծառացած խնդիրների լուծումները:
Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո ռազմական բժշկության զարգացումը կարելի է բաժանել երկու փուլի. առաջին՝ երբ բժիշկ-մասնագետը ռազմի դաշտում նաև զինվոր էր, երկրորդ՝ երբ զինադադարից հետո բժիշկն անցավ իր բուն պարտականությունների կատարմանը:
ՀՀ բանակաշինության գործում հրատապ խնդիր դրվեց՝ թե՛ զինված ուժերում գիտականորեն հիմնավորված բուժծառայության կազմակերպումը, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ և դրա արդյունքում առաջացած ռազմաբժշկական առանձնահատուկ գիտական խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների կատարումը: Այդ տարիներին կուտակված փորձի և դեպքերի միջով անցած շատ ռազմական բժիշկ-գիտնականներ լծվեցին գիտահետազոտական աշխատանքների կատարման լուրջ գործին:
Այսօր ռազմական բժշկության ասպարեզում չկա գիտական հետազոտությունների կատարումն ու ռազմաբժշկական կրթությունն իրականացնող համակարգող կառույց:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական դրույթների պահանջով Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացման, ռազմական բժշկության ասպարեզում գիտակրթական համակարգի վերակառուցման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման, ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրման նպատակով է պայմանավորված ԵՊԲՀ-ի կազմում ռազմաբժշկական ֆակուլտետի հենքի վրա ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԲՀ կրկնակի ենթակայության ռազմաբժշկական գիտակրթական կենտրոն ստեղծելը:
Կենտրոնի ստեղծման նպատակները

• ՀՀ զինված ուժերի համար ռազմաբժշկական բարձրագույն կրթությամբ անձանց պատրաuտելը թե կադրի, թե պահեստազորի համար
• բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց համար ինտերնի, ռեզիդենտուրայի /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրերի կազմում և կրթության իրականացում, թե պետական պատվերի շրջանակներում, թե վճարովի հիմունքներով
• ռազմական բժշկության ասպարեզում բժշկակենսաբանական գիտական հետազոտությունների իրականացումը՝ համագործակցելով ռազմադաշտային վիրաբուժության և թերապիայի, թունաբանության, ինչպես նաև առողջապահության կազմակերպման ոլորտում գիտական հետազոտություններ իրականացնող գիտական կազմակերպությունների և անհատ գիտնականների հետ, թե Հայաստանում, թե արտերկրում:

Կենտրոնի խնդիրները

1. Ռազմաբժշկական կրթական ծրագրեր
• բակալավրի, մագիստրոսի, ինտերնի ու ռեզիդենտի /կլինիկական օրդինատորի/ ռազմական բժշկության ասպարեզում կրթության իրականացում
• բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի մասնագիտությամբ ռազմաբժշկական և արտակարգ իրավիճակների բժշկության գծով ըստ մասնագիտությունների շարունակական կրթական ծրագրերի իրականացում:

2.Բժշկակենսաբանական գիտահետազոտական ծրագրեր
• «Միկրոալիքների ազդեցության ուսումնասիրությունը»
• «Գործնականորեն առողջ անձանց օրգանիզմում ջրաաղային փոխանակության ցուցանիշների և էնդոկրին տեղաշարժերի ֆունկցիոնալ փոխկապվածության մաթեմատիկական մոդելավորումը և կենսառիթմերի ուսումնասիրությունը բարձր լեռնային պայմաններում»
• «Զինծառայողների շրջանում բուժ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը խաղաղ պայմաններում»
• «Զինծառայողների օրգանիզմի էնդոկրին և իմուն հարմարվողականության հիմնախնդիրները խաղաղ ու պատերազմական պայմաններում, բուժ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը խաղաղ պայմաններում»
• «Առաջնային բուժօգնության և հոսպիտալային ծառայության կազմակերպման առանձնահատկությունները տեղային պատերազմների ժամանակ»:

3. Համագործակցության ծրագրերի իրականացում
• ռազմական բժշկության ասպարեզում գիտական հետազոտություններ և բուհական, հետբուհական ու շարունակական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների հետ համագործակցության ծրագրերի մշակում և իրականացում:
Կենտրոնի գործունեությունը գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի կազմակերպել հետազոտողների խմբերի միջոցով: