ԲԺՇԿԻ ԽԱՉԸ

Խմբագրությունն ստացել է բազմաթիվ նամակներ, որոնց հեղինակները Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ, մայոր Էդուարդ Արզումանյանի՝ արդեն ապաքինված հիվանդներն են և նրա ծառայակից ընկերներն ու գործընկերները: Նրանք երախտագիտության խոսք են հղում բժշկին և շնորհավորում Էդուարդ Արզումանյանի ծննդյան 35-ամյակը: Սիրով միանում ենք շնորհավորանքին:

-Պարոն Արզումանյան, այս զրույցը մենք նախաձեռնել ենք Ձեր բազմաթիվ հիվանդների խնդրանքով, ովքեր ցանկանում են մանրամասներ իմանալ Ձեր կենսագրությունից, աշխատանքային գործունեությունից…

-Ես ծնվել ու ապրել եմ մեծ գերդաստանում: Ինձ ոչ ոք չի սովորեցրել սիրել մարդուն, չի խրատել, ներողամտության ու հանդուրժողականության քարոզ չի կարդացել գլխիս, ես սովորել եմ իմ ընտանիքի ավագներից, նրանք իրենց վարքով, իրենց կյանքով մերձավորի հանդեպ սիրո, մարդկանց օգնելու, հանուն ուրիշի զրկանքներ կրելու օրինակ են տվել կրտսերներին: Տատս հիվանդ էր, ոտքերը ցավում էին, ցավը խլել էր տատիս ուրախությունը: Դա շատ էր ազդում ինձ վրա, շատ էի տխրում ու դեռևս մանկության տարիներից որոշել էի բժիշկ դառնալ, որ բուժեմ տատիս: Այո՛, երբ մեծացա, հասկացա, որ ինձ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան հիվանդ, ցավատանջ մարդուն ապաքինված ու ուրախ տեսնելը:

-Մի պահ նախանձեցի Ձեզ: Շատ գեղեցիկ ու վեհ հնչեց: …Դժվա՞ր է` անընդհատ ցավի կողքին…

-Ո՞ւմ պատմեմ, թե ինչ ծանր, գերլարված ամիսներ ապրեցի ատիպիկ թոքաբորբի տարածման ժամանակ, ինչ հուզումներ՝ այն մի քանի հարյուր հիվանդ զինվորների համար, որոնց ծնողները բանակ էին ուղարկել իրենց որդիներին ու մեզ էին վստահել ամենաթանկը, որ ունեն: Ընտանիքս ուղարկել էի կնոջս ծնողների տուն, որ կարողանամ օր ու գիշեր հոսպիտալում մնալ, որ ոչ մի խանգարող հանգամանք ինձ չկտրի գործից: Ո՞ւմ պատմեմ, ինչպե՞ս նկարագրեմ այն երջանկությունը, երբ վերջին հիվանդ զինվորը դուրս գրվեց հոսպիտալից: Եվ հանգիստ շունչ քաշեցինք՝ ոչ մի մահ չունեցանք: Բոլորը գիտեն, որ, ըստ վիճակագրության, նույնիսկ միջին ծանրության թոքաբորբից աշխարհում մարդիկ են մահանում, իսկ մենք «բախվել էինք» ծանր ընթացքով թոքաբորբի հետ… ու հաղթեցինք:

-Ի՞նչ է պետք ռազմական բժշկին, որ իրեն հատուցված զգա, ոգևորվի, խանդավառվի, պատրաստ լինի սխրանքի:

-Իմ մայրը ռուս է, բայց ինձնից լավ է խոսում հայերեն: Սիրում է Հայաստանը, հորս ազգականներին, սովորել է հայկական ավանդույթները, նիստուկացը: Գիտեք՝ ինչու, որովհետև նրան սիրել են Հայաստանում: Ընտանիքի առաջին հարսն է եղել, հորս հարազատները գրկաբաց են ընդունել նրան, սեր ու ջերմություն են տվել, ու մայրս, բնականաբար, սիրով է պատասխանել այդ սիրուն:

-Հասկացա… պետք է սիրել բժշկին:

-Այո՛, նյութական խթանների բացակայությանը կարելի է դիմանալ, եթե կան բարոյական խթաններ, մարդը այդպիսին է, նրան ներշնչանք է պետք, գլուխը շոյող է պետք, այլապես կկոտրվի: Հայրենասիրությունը սեր է հայրենակցիդ հանդեպ: Ու այդ սերը պիտի փոխադարձ լինի:

-Բժշկի հանդեպ մեր սերը պակասեց այն ժամանակ, երբ խաթարվեցին բժշկի հանդեպ մեր ավանդական պատկերացումները, երբ բժիշկն սկսեց հիվանդի հետ առևտուր անել:

-Ես ռազմաբժշկական ֆակուլտետն եմ ավարտել: Ես երկու երդում եմ տվել՝ Հիպոկրատի և զինվորական, ես Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտում սովորել եմ այն տարիներին, երբ բուհը մասնագիտական գիտելիքներ տալուց զատ քո արյան մեջ կաթիլ-կաթիլ լցնում էր ակնածանք մասնագիտությանդ հանդեպ: Բայց հետզհետե սոցիալական ծանր պայմանները ստիպեցին որոշ բժիշկների դեմ գնալ մասնագիտական հավատամքին, և դա պատճառ դարձավ, որ հասարակության շրջանում բժշկի կերպարը աղավաղվի, բայց մենք պիտի կարողանանք թացը զատել չորից և մարդկանց արժանին հատուցել:

-Փաստորեն, Դուք երևանցի եք, բայց աշխատում եք Ստեփանակերտի հոսպիտալում:

-Դա իմ ընտրությունն է: Արդեն 8 տարի՝ ապրում, աշխատում եմ ծննդավայրիցս հեռու: Ավարտել եմ նաև օրդինատուրան: Երեք տարի ծառայել եմ զորամասում: Թերևս դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին: Ես հնարավորություն ունեցա անմիջականորեն շփվելու զինվորի հետ, փորձելու ուժերս, գիտելիքներս… Ես մասնագիտական մեծ դպրոց անցա, շատ բան սովորեցի, բաներ, որ կարող ես սովորել միայն զորամասում, զինվորի կողքին, գործնական աշխատանքում: Բացի դրանից… ես բարեբախտություն ունեցա վայելելու Գորիսի կոլորիտը՝ մարդկանց, բնությունը: Գորիսում անշահախնդիր նվիրում կա, որը շատ ներդաշնակ է իմ հոգուն, մի կենսունակ ու չմարող լույս…

-Մի պատմություն հիշեցի: Նոյեմբերյանցի բժիշկ Կոլյա Նասիբյանը երբեք չէր հանգցնում իր տան լույսը, որ մարդիկ մտածեն՝ բժիշկը արթուն է, ու չերկմտեն, դիմեն իրեն, օրվա որ ժամն էլ լինի: Ի՜նչ հուզիչ պատկեր է՝ լույս վառել մարդկանց համար:

-Բժշկի խաչն է: Բժիշկը միշտ արթուն է, բժիշկը պատրաստ է մոռանալու ամեն ինչ՝ հանուն հիվանդի: Ես իմ կյանքը այլ կերպ չեմ պատկերացնում:

-Ստեփանակերտի զինվորական հոսպիտալը համալրվա՞ծ է համապատասխան բուժսարքավորումներով:

-Այո՛, ունենք բոլոր անհրաժեշտ բուժսարքավորումները, սակայն աշխարհը զարգանում է մեծ թափով. այն, ինչ այսօր ընդունելի է, վաղը կարող է ժամանակավրեպ լինել, ուստի մենք պիտի հետ չմնանք բժշկության զարգացման համաշխարհային առաջընթացից:

-Երևի այսքանով էլ ավարտենք մեր զրույցը:

-Ուզում եմ մի բան ավելացնել: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը եկել էր մեր հոսպիտալ: Նա այնպես ոգևորեց մեզ, նրա խոսքը, ջերմությունը, երախտագիտությունը, նվիրումը այնքան վարակիչ էին: Նա մեզ նոր շունչ ու եռանդ տվեց, խանդավառեց, ոգևորեց: Ասեմ նաև, որ մեծ սպասելիքներ ունենք նորաստեղծ «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից. հուսով, որ մենք կհամախմբվենք, կհասկանանք մեր խնդիրները, կլսենք միմյանց… կոգևորենք իրար, խնդիրների լուծման նոր մոտեցումներ կգտնենք ու կփորձենք ավելի արդյունավետ աշխատել:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ