Կամո Շաբոյան

” ՈԳԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ “

 

Զրույց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ավագ դասախոս փոխգնդապետ Կամո Շաբոյանի հետ։

 

-Պարոն Շաբոյան, մի ձեռքում՝ սուր, մյուսում՝ գրիչ խորհրդանշական պատկերը ծանոթ է մեզ վաղնջական ժամանակներից, նույնիսկ սուրն ու խաչը կարելի է հաշտեցնել, բայց զենքն ու վիրահատական նշտարը, իմ պատկերացմամբ, ոչ մի կերպ չեն համատեղվում։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դուք ե՛ւ կռվել եք, ե՛ւ վիրահատել վիրավորներին՝ կյանքեր եք խլել ու կյանքեր եք փրկել։

-Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է այրվում հողը, որին նախապապերիդ աճյունն է խառնված, Դուք նայե՞լ եք մարտադաշտում մեռնող զինվորի աչքերին, ուր ապրելու տենչ կա, վրեժի կոչ, հայրենիքը փրկելու հրաման… Երբ առաջին անգամ իմ զենքը կրակեց, ու ես հասկացա, որ այդ կրակոցը խլեց ինչ-որ մեկի կյանքը, հոգումս ինչ-որ սոսկալի բան կատարվեց (բառերով չես բացատրի)։ Ես բժշկից ռազմիկ դարձա։ Դրժեցի Հիպոկրատի երդումը ու նոր երդումով զինվորագրվեցի հայրենիքին։

-Պատերազմի ամենաթեժ օրերին մոսկովյան հեռուստատեսությունը ցուցադրեց կադրեր, թե ինչպես է հայ բժիշկը վիրահատում ադրբեջանցի ռազմագերիներին, ընդ որում՝ երկու թրքուհու։ Այդ բժիշկը Դուք էիք։ Անկեղծ ասած, Ձեր արարքը զարմացրեց ինձ։ Ռազմադաշտում թշնամին պետք է մեռնի, սա պատերազմի օրենքն է։ Այդ երկու թրքուհիները, հավանաբար, ապաքինվելուց հետո որդիներ են ծնել, որոնք անհրաժեշտության դեպքում զենքը կուղղեն մեր հայրենիքի վրա։

-Ինձ համար հակառակորդը թշնամի է, քանի դեռ զենք ունի ձեռքին։ Երբ նա անզեն է, վիրավոր՝ հիվանդ է բոլոր հիվանդների նման, ու ես չեմ կարող  անօգնական թողնել նրան, չեմ կարող անտարբեր նայել մարդկային ցավին։ Ես շատ ռազմագերիների եմ վիրահատել։ Գուցե նրանցից ոմանք հենց իմ զենքի գնդակից էին վիրավորվել։ Հիմա էլ, եթե որեւէ ադրբեջանցու պետք լինի բժշկական օգնություն ցույց տալ, ես ամեն ինչ կանեմ, որ փրկեմ մարդու կյանքը։

-Ադրբեջանցիները վերջերս մեզ հանձնեցին պատահմամբ մոլորված եւ իրենց հողում հայտնված երիտասարդ հովվի դիակը…

-Ես ադրբեջանցի չեմ, ես հայ եմ…

-Իսկ ո՞վ է ադրբեջանցին։ Ո՞վ էր նա պատերազմի ժամանակ, ո՞վ է այսօր։

-Ես ադրբեջանցիների հետ մանկուց եմ շփվել։ Իմ ծննդավայր Վարդենիսում բազմաթիվ ադրբեջանական գյուղեր կային։ Ես մի քանի դեպք պատմեմ, եզրահանգումը թողնեմ Ձեզ։ Ես ու ընկերս գնացել էինք Կիրովաբադ՝ մասնակցելու ըմբշամարտի մրցույթին։  Մարտից առաջ մեզ մոտեցավ տեղաբնակ ադրբեջանցիների մի մեծ խումբ ու սպառնաց, որ եթե մենք տանուլ չտանք մարտը, ապա Կիրովաբադից Վարդենիս չենք վերադառնա։ Սա հաղթանակի հասնելու ադրբեջանական մեթոդ է՝ ստորությամբ, սպառնալիքով, զարտուղի ճանապարհով, քանի որ ազնիվ, բաց մարտում նրանք  դատապարտված են պարտության։ Իհարկե, մենք հաղթեցինք այդ մարտում եւ վերադարձանք Վարդենիս։

Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ մեզ տարել էին մասնակցելու զինվորական ավանի կառուցման աշխատանքներին։ Երեք հայ էինք եւ 17 ադրբեջանցի։ Ես 4-ական աղյուս գրկած մոտենում էի պատշարին, մեկ էլ ադրբեջանցիներից մեկը (անունն Աբդուլլա էր) ճամփաս կտրեց ու ասաց. <Եթե ես քարերը չորս-չորս եմ տանում, դու պետք է  վեց-վեց տանես, քանի որ ես ավելի հին ծառայող եմ>։ Ես, բնականաբար, ընդդիմացա եւ վայրկյան անց 17 ադրբեջանցի հարձակվեցին մեր երեքհոգանոց խմբի վրա։ Մի քանի րոպեից ադրբեջանցիների խումբը բառացիորեն փախավ <մարտադաշտից>։ Հայը արյուն տեսնելիս գազազում է, ադրբեջանցին՝ վախենում։ Ադրբեջանցի զինվորներից մեկին արյունլվա արեցինք, մյուսները փախան։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց. մենք հայերի փոքրիկ խմբով զորամասի <վլաստը> վերցրինք մեր ձեռքը։

Արցախյան պատերազմում էլ նույնն էր։ Շատ բախտորոշ ճակատամարտեր կարող էին այլ ելք ունենալ, եթե ադրբեջանցիները չփախչեին։ Նրանք խուճապի մեջ էին ընկնում ու, զենքը թողած, նահանջում էին։ Մենք ադրբեջանցիների զենքով ենք հաղթել Արցախյան պատերազմում։ Մի անգամ Մոնթեին ասացին, որ ադրբեջանական նոր տանկեր են հայտնվել մարտադաշտում, Մոնթեն շատ ուրախացավ, ասես էդ տանկերը հատուկ մեզ համար էին ճակատ բերել։

-Այնպես եք պատմում, որ ես սկսում եմ չվախենալ պատերազմից։

-Իսկ ես վախենում եմ պատերազմից։ Ես Արցախյան պատերազմի ժամանակ ընկերներ եմ կորցրել։ Պայքարել եմ վիրավորների կյանքի համար ու չեմ կարողացել փրկել նրանց։ Ես տեսել եմ վիշտ, ցավ, կորուստ, մարդկային խեղված ճակատագրեր։ Մեկ տարում 536 վիրահատություն եմ կատարել դաշտային պայմաններում։ Ու վախենում եմ։ Ու չեմ ուզում այդ ամենը կրկնվի։

-Ասում են՝ արտասահմանցի բժիշկներն ապշել էին, թե հայ մասնագետներն ինչպիսի անհավանական վիրահատություններ են կատարում մարտադաշտում։ Ո՞րն է եղել Ձեր ամենածանր վիրահատությունը։

-Կարիք չկա, որ մանրամասներ պատմեմ, վերապրեմ սոսկալի մղձավանջը։ Ես բժշկական ինստիտուտը նոր էի ավարտել, երիտասարդ էի, անփորձ, բայց… գերազանցում էի ինքս ինձ, ինչ-որ գերբնական ուժ էի ստանում։ Այ, հիմա մի դեպք հիշեցի։ Կին էր՝ Ռոզա անունով, դիպուկահար էր։ Գնդակը կպել էր սրտին, անշարժացել սրտի գագաթում։ Գնդակը հեռացրինք, ապրեց։ Չլսված բան էր, տրամաբանությունից դուրս։ Ապրեց, որովհետեւ ես շատ էի ուզում, որ ապրեր։ Որովհետեւ սիրտս, հոգիս, կյանքս էի դրել այդ վիրահատության մեջ։

-Ճակատագիրը բարեհաճ է եղել նրա հանդեպ։

-Ես չեմ հավատում ճակատագրին, ճակատագրապաշտությունը բնորոշ է թույլերին։ Ես մարդուն եմ հավատում, մարդու ուժին, բարությանը, սիրուն, կամքին։ Ես հաճախ եմ նայել մահվան աչքերին։ Եվ կարեւոր չէ՝ մահը եկել է քե՞զ տանելու, կողքիդ կռվող ընկերո՞ջը, թե՞ վիրահատասեղանին պառկած հիվանդին… Ես ինքս ինձ եմ հավատում, երբ հաղթում եմ մահին։  Ես իմ ժողովրդին եմ հավատում, երբ հանուն հայրենի հողի անհավասար կռվում հաղթում է ե՛ւ մարդկային ռեսուրսով, ե՛ւ զենքով իրեն բազմապատիկ գերազանցող թշնամուն։

-Պարոն Շաբոյան, պատերազմից շատ խոսեցինք։ Մի փոքր պատմեք Ձեր մասին։ Ի՞նչ արմատներ ունեք, ո՞ւմ եք շարունակում Ձեր նախնիներից, ի՞նչ հիշողություններ ունեք մանկությունից։

-Ծագումով մշեցի եմ։ Շարունակում եմ Գյուլաբ պապիս։ Նա կոշկակար էր։ Հողի պես արդար, լույսի պես շիտակ մարդ էր։ Օրը 20 ժամ աշխատում էր (ես նրան եմ քաշել), ոսկի ձեռքեր ուներ։ Արտասովոր մարդ էր։ Նայում էր լուսնին, Նոյ նահապետն է՝ ասում էր ու խոսում էր լուսնի հետ։ Մի անգամ, երբ էլի ինքն իր խորքերն էր գնացել, լսեցի, թե ինչպես է օրհնություն խնդրում Աստծուց. <Թող պետության գործը հաջողի, թող մեծավորի գործը հաջողի>։ Մեծավորի, այսինքն՝ իշխանավորի։ Ա՛յ պապ, ասացի, քեզ պե՞տք են իշխանավորն ու պետությունը։ Ասաց՝ ես երկրի մասին եմ մտածում։ Ուժեղ երկիրը հազար բարեկամ կունենա, թույլ երկիրը՝ հազար թշնամի։ Կոշկակար պապս էր ասում։ Մանկությո՞ւնս… Իմ խաղալիքներն ընդհանուր էին ամբողջ թաղի համար։ Ես այդպես էլ չհասկացա □իմ ու քոնի□ տարբերությունը։ Մանկությունս անհավասար պայքար էր հանուն ազատության…

-Շատ վերամբարձ չհնչեց՝ մանկության համար…

-Մինչ օրս իմ հոգում հիվանդագին ձգտում կա դեպի ազատությունը։ Ես ատում եմ հորիզոնը, որ սահմանում է տարածությունն իմ առաջ, ատում եմ կաղապարները, պայմանականությունները։ Հայրս ցանկանում էր, որ ես իր ուզած մասնագիտությունն ընտրեմ: Բայց ինձ չկարողացավ համոզել։ Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ ես բուժակի գործ սովորեցի ուսումնական զորամասում։ Ու քանի որ ոչ ոք չէր հասցրել բժիշկ դառնալու խորհուրդ տալ ինձ, զորացրվելուց հետո ընդունվեցի բժշկական ինստիտուտ։ Հետո շատ սիրեցի մասնագիտությունս։ Վիրաբուժությունը իսկական տղամարդու մասնագիտություն է։ Կան գծեր, որոնք ընդհանուր են վիրաբույժների համար եւ պայմանավորված են մասնագիտական առանձնահատկությամբ. վիրաբույժները համարձակ են, կտրուկ, ճշգրիտ, պատասխանատու, պրագմատիկ։ Նրանք հաղթող տեսակ են, որովհետեւ յուրաքանչյուր վիրահատություն յուրատեսակ ճակատամարտ է։

-Եվ ո՞րն է զենքդ։

-Վճռականությունդ, պատվախնդրությունդ, կամքդ, հավատդ։ Ես տասնմեկ տարի է ռազմադաշտային վիրաբուժություն եմ դասավանդում ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում, մասնագիտական հմտություններից բացի (թերեւս առաջին հերթին) նրանց սովորեցնում եմ վիրաբույժի բարոյական կոդեքսը։ Ցանկացած ռազմական մասնագիտության մեջ կարեւորը ոգին է։ Ռազմական վիրաբույժի համար՝ ոգի գումարած  մասնագիտական արժանապատվությունը։ Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում իր բանակի հզորացման համար, բայց արի ու տես, որ զինվորի ոգին չի բարձրանում, կերպարը չի փոխվում։ Ամենահզոր զենքն ու զինտեխնիկան համարձակություն ու ինքնավստահություն չեն ներշնչում, որովհետեւ պարտության ախտանիշը շատ կենսունակ է։ Մեր բանակն այսքան արագ չէր զարգանա, այսքան մեծ տեմպերով չէր հզորանա, եթե չլիներ Արցախյան պատերազմը։ Թվում է՝ պատերազմը իր տնտեսական հետեւանքներով պիտի կասեցներ մեր բանակի զարգացումը, բայց հաղթողի հոգեբանությունը փլուզեց բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները։

-Այս լուսանկարում Ձեր մանկահասակ որդին զենք է բռնել, զինվորի համազգեստ է կրում, զինվորակա՞ն է դառնալու։

-Ցավոտ տեղիս դիպաք։ Ես որդի չունեմ, նկարում իմ աղջիկն է։ Բայց ես պիտի տղա ունենամ։ Թող Աստված  որոշի՝ արժե, որ իմ նման մի տղամարդ էլ աշխարհ գա։ Եթե արժե, ուրեմն՝ երազանքս կկատարվի։ Մի հզոր տղա կունենամ, ու նա անպայման զինվորական կդառնա։ Ես ծնված օրվանից որդուս կպատմեմ պատերազմի, բանակի, զինվորի մասին։ Մեր հաղթանակի մասին։ Հրամանատարներիս՝ Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Վոլոդյա Կարապետյանի, Ջիվան Աբրահամյանի, Մարտակերտի Նորիկի մասին: Հզոր հայորդիների մասին, որոնք ազատագրեցին Արցախը, որոնք այսօր սահման են պահում, որոնք նստած են ուսանողական նստարանին ու ռազմական բժշկություն են սովորում… տղաս ինքը կցանկանա զինվորական դառնալ։

-Պարոն Շաբոյան, ի՞նչն է Ձեզ հուզում այսօր ամենից շատ։

-Մենք իրավունք չունենք գողանալու Արցախում հաղթած հերոսների փառքը։ Այսօր մարդիկ կան, որոնք անգամ Արցախը չեն տեսել, բայց ազատամարտիկի վկայական ունեն… Ու դրվագներ են պատմում իրենց <քաջագործություններից>։ Մենք իրավունք չունենք ձեռք բարձրացնելու ամենանվիրական արժեքի վրա, դարձնելու առուծախի առարկա, ոտնահարելու մեր հպարտությունը։

…Բժշկի կերպարը նսեմացել է, եւ դա ինձ մեծ ցավ է պատճառում։ Մենք պիտի վերագտնենք մեր կոչման երբեմնի վեհությունը (բոլորս էլ գիտենք դրա ձեւը)։ Եվ հենց այս խոսքերն էլ թող հնչեն որպես մաղթանք բուժծառայողի օրվա կապակցությամբ։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ