Գյումրեցի ծանրամարտիկ Վաղարշակ Ղևոնդյանը գամված է անկողնուն

Henaran.am-ը երեկ անդրադարձել էր մի ցավալի պատմության: Գյումրեցի ծանրամարտիկ Վաղարշակ Ղևոնդյանը գամված է անկողնուն՝ առողջական լուրջ խնդրի պատճառով: Վաղարշակի առողջությունը կտրուկ վատացել էր երեք ամիս և մեկ օր ծառայությունից հետո: ՊՆ լրատվության վարչությունից այսօր արձագանքեցին Henaran.am-ի տեղադրած հրապարակմանը:

Լրատվամիջոցներում օրերս առաջին խմբի հաշմանդամ Վաղարշակ Վիգենի Ղևոնդյանի մասին տարածված տեղեկատվությունից հետո ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են Վ.Ղևոնդյանի հիվանդության և նախկինում ստացած բուժման հետ կապված բոլոր արխիվային փաստաթղթերը:

Համաձայն ստացված բժշկական եզրակացությունների և խորհրդատվությունների արդյունքների՝ Վ.Ղևոնդյանի առկա առողջական վիճակը պայմանավորված է ոչ թե հենաշարժիչ համակարգի հիվանդությամբ, ինչի մասին հրապարակվում է մի շարք լրատվամիջոցներով, այլ տորսիոն դիստոնիայով, որը զարգացել է մեկ այլ՝ ՛՛Անձի շիզոիդ խանգարում, դեկոմպենսացիա՛՛ հիվանդության   հետևանքով /համաձայն՝ Երևանի կայազորային հոսպիտալում բուժման էպիկրիզի/:

Լիովին կիսելով Վ.Ղևոնդյանի ծնողների ցավն ու մտահոգությունը և ըմբռնելով  նրանց՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար ելքերի փնտրտուքը՝ տեղեկացնում ենք, որ մեր ներկայացուցիչները կապ են հաստատել նրա ընտանիքի անդամների հետ, ներկայումս էլ քննարկվում են հետազոտման և հնարավոր բուժման քայլերը:

Չցանկանալով հերթական անգամ մարդկանց ցավին տալ միտումնավոր հնչեղություն՝ խնդրում ենք զերծ մնալ չհիմնավորված հրապարակումներից և նման դեպքերը չշահարկել ոչ հումանիստական ու շահադիտական նկատառումներով:

Հարգանքով` ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա: