Պատմում է ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանը

40 րոպե Շառլ Ազնավուրի հետ

Հոսպիտալում էի։ Ոտքս նոր էին անդամահատել։ Ես ընդամենը 20 տարեկան էի ու չէի կարողանում հաշտվել

ոտքս կորցնելու մտքի հետ։ Փորձում էի ուժեղ երեւալ, բայց չէր ստացվում։ Շատ ընկճված էի։ Բոլոր երազանքներս մի քանի վայրկյանում փշրվել էին, ես չգիտեի՝ ինչպես եմ շարունակելու ապրել…

…Նույն ծանր, հուսահատեցնող մտքերով էի, երբ հիվանդասենյակի դուռը բացվեց եւ ներս մտավ ոչ ավել, ոչ պակաս Շառլ Ազնավուրը։ Մենք 40 րոպե զրուցեցինք։ Նա ասես կարդում էր մտքերս ու մեկ առ մեկ պատասխանում էր իմ մտահոգություններին, կասկածներին, իմ բազում անպատասխան հարցերին։

-Այս պատերազմը մեզ ավելի ուժեղ ու միասնական է դարձնելու։ Մենք համախմբելու ենք ամբողջ հայությանը ու օգնելու ենք, որ մեր երկիրը արագ ոտքի կանգնի։ Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները…

Նա այնքան վստահ ու վճռական էր խոսում, այնքան համոզիչ ու ոգեւորող։ Թվում էր՝ ամեն նախադասության հետ ինչ-որ գերբնական ուժ է փոխանցում ինձ։

-Հիմա գիտությունը այնքան է զարգացել, այնպիսի պրոթեզներ են ստեղծել, որ կարող են լիովին փոխարինել ոտքին եւ օգնել, որ դուք ապրեք լիարժեք կյանքով։ Դուք դեռ վայելելու եք կյանքը, գնալու եք ձեր երազանքների

հետեւից եւ երջանիկ եք լինելու…

Նա բռնել էր ձեռքս։ Նրա ձայնը, բառերը, աչքերը, նրա էներգիան խաղաղությամբ, լույսով, ուրախությամբ, լավատեսությամբ էին լցնում հոգիս։ Հետո խնդրեց, որ սեղանիս դրված իմ լուսանկարը նվիրեմ իրեն։ Ես այդ նկարում 16 տարեկան էի ու զինվորական համազգեստով։ Չգիտեմ՝ նկարս մեծն Շառլ Ազնավուրի ինչին էր պետք (գուցե բոլորովին էլ պետք չէր), բայց այդ պահին ես այնպիսի հզոր ապրումներ ունեցա։ Ինձ այնքան կարեւորված ու վարձատրված զգացի։ Ասես բոլոր կորուստներս, ցավերս փոխհատուցվեցին։ Ասես ուժի հզոր ակունք բացվեց սրտիս մեջ՝ ապրելու, պայքարելու, հաղթահարելու….