Պատմում է ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանը

 ՇՂԱՐՇԵ ՎԶՆՈՑՈՎ ԿԻՆԸ

Աչքերս բացեցի սպիտակ պատվերով լուսավոր սենյակում։ Սպիտակ խալաթով, երիտասարդ սիրունիկ աղջիկները աշխույժ ներսուդուրս էին անում։ «Որտե՞ղ եմ»… Հիշեցի՝ «Ուազ»-ով էինք, դիրքերից էինք վերադառնում։ Հետո հզոր, խլացուցիչ պայթյուն լսվեց… «Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկները»։ Պատկերն աղոտ էր, մշուշի մեջ։ «Ոտքս»… Փորձեցի զգալ մարմինս, ցավ չկար։ Կրկին նայեցի շուրջս. ամեն ինչ սպիտակ էր՝ պատերը, աղջիկները… «Էդ դրա՞խտ եմ ընկել, թե երազի մեջ եմ» ջանացի արթնանալ։ Ոչինչ չստացվեց։

-Որտե՞ղ եմ,- ես լսեցի իմ ձայնը։

-Ստեփանակերտի հոսպիտալում։

Ոտքս… միտքը շամփրեց ուղեղս։ «Միայն թե ոտքս կտրած չլինեն»։ Կտրուկ շարժումով վերմակը նետեցի մի կողմ. ոտքս չկար։ Կտրուկ շարժումի՞ց էր, թե թմբիրից դուրս եկա. հանկարծ սուր ցավ սկսվեց։ Ոտքս։ Ոտքս։ Ոտքս… Ասես ինչ-որ մեկը մուրճով հարվածում էր գլխիս։ …Ես ընդամենը 18 տարեկան էի։ Ու աշխարհն ասես փուլ էր եկել գլխիս, կյանքն ավարտվել էր ինձ համար։ Կատաղության նոպա սկսվեց՝ գոռում էի, սպառնում ոտքս կտրած բժիշկներին, փորձում էի բարձրանալ անկողնուց ու քայլել… Մեկ էլ զգացի, որ հայտնվել եմ պատգարակի վրա ու տեղաշարժվում եմ։ Քիչ անց ուղղաթիռում էի։ Շնչելու օդ չկար, ուղղաթիռը լիքն էր՝ արնաշաղախ մարմիններ, տնքոցներ… Իսկական դժոխք։ Հանկարծ օծանելիքի նուրբ բույրը հասավ ռունգերիս։ Շրջվեցի՝ գեղեցիկ, երիտասարդ կին էր, ճաշակով հագնված, շպարված, մետաքսե թափանցիկ վզնոցը օղակել էր ճերմակ պարանոցը։ Մի պահ ցավերս մոռացա՝ «էս ո՞վ էր»։ Նույն պահին ուղղաթիռ բարձրացավ Առաքել Մովսիսյանը եւ պահանջեց, որ կինը իջնի ուղղաթիռից. «Քո փոխարեն մի վիրավոր կհասցնենք Երեւան, տեղ չկա, իջիր»։ Կինը սկսեց հակաճառել։ Նա խոսում էր ռուսերեն՝ օտարերկրացու առոգանությամբ։ Կինը իջավ ու ուղղաթիռից, բայց վայրկյաններ անց կրկին մտավ ուղղաթիռ։ Առաքել Մովսիսյանը այս անգամ գրեթե բռնությամբ, հարկադրաբար դուրս հանեց կնոջը ուղղաթիռից։ Քիչ անց կինը կրկին բարձրացավ ուղղաթիռ. «Ես կզանգեմ պրեզիդենտին. նա թույլատրել է ինձ…»: Կինը ինչ-որ տեղ զանգեց ու հեռախոսը մեկնեց Առաքել Մովսիսյանին։ Վերջինս միանգամից փափկեց՝ եղավ, իհարկե, ճիշտ այդպես։ Հետո ձայները լռեցին, եւ օծանելիքի բույրը մնաց ուղղաթիռի մեջ։

…Ցավերս այնքան ուժեղ էին, որ քիչ անց ես մոռացա կնոջն էլ, նրա օծանելիքի բույրն էլ, պարանոցը գրկող մետաքսե վզնոցն էլ ու սկսեցի բարձրաձայն տնքալ, պահանջել, որ ցավազրկեն… Հանկարծ ինչ-որ սառը խոնավություն դիպավ ճակատիս։ Աչքերս բացեցի՝ նա էր, նուրբ բուրմունքով կինը, սիրով ու հոգատարությամբ մաքրում էր ճակատիս քրտինքը։ Մինչեւ Երեւան երիտասարդ, գեղեցիկ կինը խնամեց ինձ, ասես իմ պահապան հրեշտակը լիներ։ Ես չհամարձակվեցի որեւէ բան հարցնել նրան, նույնիսկ անունը չիմացա։ Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվել էր, պատահաբար հեռուստացույցով տեսա իմ անծանոթ

խնամակալին։ Ցվետանա Պասկալեւան էր։