Հոգատարության գույներով

-Մեր բաժանմունքի Նորայրին տեսե՞լ եք,- հարցրեց ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի բուժքույրը,- նկարիչ է, ոսկի ձեռքեր ունի:

Հիվանդասենյակում Նորայրը նստած էր ընկերների հետ՝ Գագիկի, Պետրոսի, Եփրեմի: Երբ  ներս մտանք, նրանք կանգնեցին:  Բուժքույրը հպարտությամբ ցույց տվեց Նորայրի ձեռքի աշխատանքը, որ դրված էր պատուհանի գոգին, ապա երիտասարդը հանեց իր նկարչական ալբոմը, որի ճերմակ էջերի վրա հասարակ սև մատիտով  տրամադրություն ստեղծող «գույներ» էր գտել ՝ գեղեցիկ…տխուր… ուրախ… հետաքրքիր…

-Երևի վաղուց ես նկարում, վարժ ձեռագիր ունես- ասացի ես:

-Երեք տարեկանից…Կոջոյանի անվան կրթահամալիրն եմ հաճախել, հետո ընդունվել եմ գեղարվեստի ակադեմիա: Իմ կյանքում չեմ հիշում մի օր, որ նկարած չլինեմ, բայց հիմա գնացել եմ բանակ ու օրերով, ամիսներով չեմ կարողանում մատիտը, վրձինը ձեռքս անել: Նկարիչը պիտի արևի լույսով նկարի, որ տեսնի, զգա իր ստեղծած գույները, իսկ բանակային առօրյան այնքան հագեցած է, որ ժամանակ չի լինում նստելու, նկարելու համար…. Մյուս կողմից էլ, բանակում նկարիչի հաստիքներ չկան(ինձ թվաց կատակում է):

-Կարծում ես, դրանք պե՞տք են մեր զորամասերին:

-Եթե թույլ տան, հանձնարարեն, ես կարող եմ իմ ձեռագիրը թողնել զորամասում. նկարել մեր հերոսների դիմանկարները, որոնք կփոխարինեն լուսանկարներին, հզոր և բովանդակալից ասույթներով պաստառներ ստեղծել… Միայն բանակին բացառություն կանեմ, որովհետև չեմ սիրում բաժանվել իմ գործերից:

-Ամբողջ կյանքում նկարելո՞ւ ես ու հավաքե՞ս,- զարմացավ բուժքույրը,- դու պատկերացնում ես քանի-քանի պատեր, տներ են պետք լինելու բոլոր նկարներդ տեղավորելու համար…

– Կնվիրեմ, բայց չեմ վաճառի,- ժպտալով պատասխանեց Նորայրը:

-Ի՞նչ գույներ կընտրեիր նկարագրելու քո «հոսպիտալային օրերը»:

-Տաք ու բարի գույներ: Սիրո ու հոգատարության գույներ:

  • unnamed (4)
  • unnamed (2)
  • unnamed (1)