Ես կողքիդ եմ

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է 1994 թվականին` մարտի դաշտից անմիջպես ընդունելով առաջին ծանր վիրավորներին:

Այսօր Արցախյան գոյամարտի ավարտից մեզ արդեն 2 տասնամյակ է բաժանում: Նվիրյալ բժիշկները ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում շարունակում են կյանքեր փրկել, ազգային բանակի զինծառյողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև քաղաքացիներին պարգևել ամենաթանկը` առողջություն:
Խաղաղ պայմաններում բաժանմունքը կարող է ընդունել 44-50, իսկ արտակարգ դեպքերում` մինչև 100 հիվանդ:
Այստեղ ամենակարևոր սկզբունքը անմնացորդ նվիրվածությունն է աշխատանքին, ինչն անմիջապես զգում ես յուրաքանչյուր բժշկի և բուժքրոջ հետ զրուցելիս:
Բաժանմունքում տիրող ներդաշնակությունը , խաղաղությունը, բժիշկների ու ողջ անձնակազմի հոգատարությունը, ջերմությունը փոխանցվում են նաև հիվանդներին: Ինչպես իրավացիորեն նկատում են շատերը, հաճախ հիվանդն ապաքինվելուց հետո դժվարությամբ է հեռանում այստեղից:
Բաժանմունքի անձնակազմը կուռ թիմ է, որը բռունցք է դառնում և հաղթանակ նվաճում կյանքի ու մահվան` հաճախ չափազանց ծանր պայքարում…
***

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը հագեցած պատմություն և հարուստ ավանդույթներ ունի: 20 տարիների ընթացքում հմուտ վիրաբույժների նվիրումի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել: Անցած տասնամյակները եղել են շարունակական զարգացման տարիներ:
Բոլոր ժամանակներում բաժանմունքը ղեկավարել են հմուտ, իրենց գործի գիտակ մասնագետներ, որոնց ավանդն անգնահատելի է:
Պատմության էջերից մեկը, սակայն, ցավոտ ու ողբերգական է..
Այսօր էլ երկարամյա աշխատակիցները խորը կսկիծով են հիշում 2000 թ. հունվարի 19-ի ողբերգությունը:
Արցախում ծանր վիրավոր զինծառայողի կյանքը փրկելու համար անհապաղ վիրահատություն էր անհրաժեշտ: Այդ օրը վիրաբուժական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանը հենց նոր էր ավարտել հերթական վիրահատությունը.
«Արագ դուրս եկավ վիրահատարանից, առանց շունչ քաշելու վերարկուն գցեց ուսերին ու գնաց: Մեքենան արդեն սպասում էր, ուղղաթիռով պետք է արագ հասնեին Արցախ` վիրավոր զինվորի կյանքը փրկելու»,-հիշում է վիրաբուժության բաժանմունքի պրոցեդուրային բուժքույր Ալլա Բարսեղյանը և արտասվալից աչքերով հավելում.
«Այդ օրը միայն երեկոյան իմացանք, որ ուղղաթիռը վայրէջք չի կատարել… »:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կործանվել էր բժիշկներին Արցախ տեղափոխող ուղղաթիռը։ Այդ օրը իրենց երդմանը հավատարիմ` զինվորի կյանքը փրկելու համար, դժբախտ պատահարի զոհ դարձան վիրաբուժության բաժանմունքի պետ, մայոր Սերգեյ Հարությունյանը, նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, կապիտան Կարո Հեբոյանը, վիրաբուժության բաժանմունքի անեզթեզիոլոգ, ավագ լեյտենանտ Տիգրան Հնեսյանը և ուղղաթիռի անձնակազմը:
Տիկին Ալլան 40 տարվա բուժքույր է: Աշխատել է երկաթգծի հիվանդանոցում, ապա զինվորական հոսպիատալի վիրաբուժության բաժանմունքում` գոյության առաջին իսկ օրերից: Բաժանմունքի 20-ամյա պատմության վկան է:
«Հրաշալի մասնագետների հետ եմ աշխատել, որոնց ազդեցությունն ինձ վրա շատ մեծ է: Միշտ այս բաժանմունքում եմ եղել, այստեղ էլ ծերանում եմ: Աշխատել եմ պատերազմի տարիներից: Մի դեպք է տպավորվել այդ օրերից. մեծ թվով վիրավորներ էին բերել, մեր լուսահոգի բաժնի պետը` Սերգեյ Հարությունյանը, վազեց դեպի հիվանդներին տեղափոխող մեքենան, մենք` բուժքույրերս, լուսամուտներից դուրս էինք նայում ու արտասվում: Հանկարծ բաժնի պետը սենյակի դուռը բացեց ասաց` ի՞նչ եք անում, լացելու ժամանակը չէ: Իջանք: Միջանցքի ամբողջ երկայնքով պատգարակների վրա ծանր վիրավորներ էին պառկած, լացելը մոռացանք… պիտի օգնեինք մարդկանց»:
Յուրաքանչյուր հիվանդի հետ հիվանդանում ենք, ապա նրա հետ առողջանում` ամփոփում է տիկին Ալլան:
***

Այս տարվա հուլիսի 1-ից ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով վիրաբուժության բաժանմունքը ղեկավարում է երիտասարդ ու հմուտ վիրաբույժ, բ/ծ մայոր Սևակ Շահբազյանը:
Բաժանմունքի ամենակարևոր ձեռքբերումներից Սևակ Շահբազյանն առանձնացնում է երկուսը.
«Նախ կցանկանայի խոսել նյութատեխնիկական հագեցվածության մասին: Բաժանմունքը համալրված է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս վիրահատություններն ավելի արդյունավետ եղանակով կատարել: 2 տարի առաջ ձեռք են բերվել լապարասկոպիկ նոր սարքավորումներ: Դրանք իրենց որակական հատկանիշներով լավագույններից են համարվում աշխարհում: Ունենք հարմոնիկ սարքեր, որոնք նույնիսկ լավագույն կլինիկաներից շատերում բացակայում են: Կարևոր ձեռքբերումներից եմ համարում նաև այն, որ մեր բաժանմունքը նոր, երիտասարդ կադրերով է համալրված: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը միշտ ողջունում է երիտասարդ կադրերի մուտքը համակարգ: Մեր բաժանմունքում գրեթե բոլորը երիտասարդ են, բայց չի եղել այնպիսի խնդիր, որ թերանանք կամ դժվարանանք: Մեր վիրաբույժները վերապատրաստվել են աշխարհի առաջատար կլինիկաներում` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում… »:
Վերջերս զինվորական բուժհիմնարկների հետ պարբերաբար շփվելիս մի երևույթ եմ նկատում. բազմաթիվ քաղաքացիներ զինվորական բուժհիմնարկները նախընտրում են քաղաքացիականից: Պատճառն, ամենայն հավանականությամբ, վստահությունն է: Սևակ Շահբազյանն այսպես է մեկնաբանում.
«Ասում են, որ այստեղ շատ սրտացավ են, հոգի են դնում աշխատանքի մեջ: Մեր միակ խնդիրը, թերևս, այն է, որ բաժանմունքը վերանորոգման կարիք ունի: Սակայն նույնիսկ այս պայմաններում` մարդիկ նախընտրւմ են մեր հոսպիտալը: Բնականաբար, առաջնահերթությունը տալով զինվորին, սպային, զինծառայողի ընտանիքին` սպասարկում ենք նաև քաաքացիներին»:
Հրազենային վիրավորումներից զատ` շարքային կազմում որպես առավել հաճախ հանդիպող խնդիր` բաժանմունքի պետն առանձնացնում է սուր որովայնը, ճողվածքները, լեղաքարային հիվանդությունները (սովորաբար վիրահատում են լապարասկոպիկ եղանակով), ստամոքսի թափածակումը…
Իսկ վերջին շրջանի ամենաբարդ դեպքերից էր շարքային Լևոն Հակոբյանի վիրահատությունը: Լևոնը վիրահատվել է` թարախային պերիտոնիտի և գանգրենոզ կույրաղիքի կապակցությամբ: Արձակուրդի ընթացքում առողջական վիճակը կրկին վատացել է: Դիմել է Վարդենիսի հոսպիտալ: Ջերմությունը բարձրացել է մինչև 39-40 աստիճան: Աղիները սկսել են վատ գործել, գրեթե չաշխատել: Առաջացել են հետվիրահատական բարդություններ: Վարդենիսից տեղափոխել են կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Հաջող վիրահատությունից հետո զինվորն արդեն ապաքինվում է:
Սևակ Շահբազյանը բժշկի առաքելության մեջ կարևորում է առաջին հերթին նվիրվածությունը.
«Եթե այս գործին նվիրված չլինես, չսիրես, ոչինչ չի ստացվի, հաջողության չես հասնի: Երբ հաջող վիրահատությունից հետո տեսնում ես ևս մի փրկված կյանք, դա լրացուցիչ ուժ է տալիս»:
Որպես զորամաս` այստեղ կարգապահությունն առաջնային է: Բայց զինվորական բժիշկները յուրահատուկ հոգատարությամբ ու ջերմությամբ են վերաբերվում հիվանդ զինվորին, որպեսզի նա զգա բժշկի սերը և վստահի նրան: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի որոշմամբ` հիվանդ զինծառայողները առողջացման փուլում ազատական են ստանում և կարող են այցելել հարազատներին: Սա ինչ-որ տեղ փարատում է կարոտը և կանխում հնարավոր փախուստները:
Ժամկետային զինծառայողների ծնողները տեսակցության են գալիս միայն շաբաթ և կիրակի օրերին` բացառությամբ բարդ դեպքերի:
Զրուցում եմ նաև ավագ բուժքրոջ հետ.
Էդմիլա Աթանեսյանը 2 տասնամյակ է` աշխատում է հոսպիտալում, վերջին 15 տարին վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույրն է:
Աշխատանքի հաջողության գաղտնիքներից մեկն է համարում դիմացինին լսելու կարողությունը, քանի որ յուրաքանչյուր հիվանդ կարեկից խոսքի, փոխըմբռման կարիք ունի:
Ավագ բուժքույրը սիրով ու ջերմությամբ է խոսում նաև բուժքույրերի և մայրապետերի մասին.
«Նայում եմ իմ աղջիկներն և կարող եմ ասել, որ բախտս բերել է: Ընտրովի են. ամեն մեկը մի լույս է, իրար են միանում և դառնում մի մեծ կրակ: Աշխատում են մեկը մյուսին օգնելով: Երբեք որևէ մեկը չի ասում, թե ինչու եմ ուրիշի աշխատանքը կատարում: Սա իմ պարտականությունը չէ: Մենք աշխատում են մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով»:
***
Պատմում են, որ այստեղ մի գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. երբ հիվանդ զինծառայողն առաջին անգամ մտնում է բաժանմունք, նրան իր աշխատասենյակում «հյուրընկալում է» բաժանմունքի պետ, երիտասարդ վիրաբույժ Սևակ Շահբազյանը և ասում. եթե երբևիցե խնդիր ունենաս, հիշիր` ես կողքիդ եմ…

Հասմիկ Գյոզալյան

 

 

 

 

  • unnamed (5)
  • unnamed (8)
  • unnamed (7)
  • unnamed (6)
  • unnamed (3)