Ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի անզգայացման բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Սամվել  Աբրահամյանի հետ
-Իմ նախնիները արմատներով սասունցի են՝ հայրական կողմն էլ, մայրական կողմն էլ: Հայրական կողմս գաղթել է 1894 թ.: Պապիս պապը ամուսնացրել է իր ավագ որդուն… հարսանիքի գիշերը սպանել թուրք փաշին, հավաքել ընտանիքը ու գիշերով դուրս եկել հայրենի գյուղից… Հասել են Արաքսի ափին, անցել գետը ու բնակություն հասատատել ներկայիս Եղնիկ գյուղում: Ես այս պատմությունը իմ կենսագրության մի մասնիկն եմ համարում: Մայրական կողմս գաղթել է 1915 թ. և բնակություն հաստատել Ներքին Բազմաբերդ գյուղում:
-Ի՞նչ ճանապարհ եք անցել…
-1998 թ. ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետը, 1999 թ.՝ ինտերնատուրան: Նշանակվել եմ Մեղրիի զորամասում որպես բժիշկ-մասնագետ, մեկ տարի անց տեղափոխվել Սիսիանի զորամաս և ծառայության անցել որպես բուժկետի պետ: 2001 թ. ընդունվել եմ օրդինատուրա՝ անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ. երջանկահիշատակ Մխոյանի դպրոցն եմ անցել… 2004 թ. ավարտել եմ օրդինատուրան և իմ մասնագիտությամբ նշանակվել Տավուշի հոսպիտալում, որտեղ աշխատել եմ մինչև 2011 թ.: 2011 թ. տեղափոխվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, նշանակվել այս բաժանմունքում նախ որպես օրդինատոր, ապա՝ որպես ավագ օրդինատոր: Ամիսներ առաջ ինձ վստահվել է բաժանմունքի պետի պաշտոնը:

-Ի՞նչը գրավեց Ձեզ այս մասնագիտության մեջ:-Իհարկե, սկզբում չէի պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, ինձ գոհացնում էր այն միտքը, որ պիտի վիրահատարանում լինեմ, հետո աստիճանաբար սիրեցի այդ գործը: Ինձ գրավում էին դժվարությունները, ծայրահեղ վիճակները… Չգիտեմ, գուցե այն ժամանակ երիտասարդ էի, և դա էր պատճառը, որ սիրում էի դժվարություններ հաղթահարել:

-Այսօր ուրի՞շ կլիներ Ձեր ընտրությունը:

-Ոչ, նույնը կընտրեի, միանշանակ, բայց այ որդուս չեմ ցանկանա, որ անեսթեզիոլոգ դառնա. նա 12 տարեկան է, որոշել է բժիշկ դառնալ. ճիշտ է, երբ ժամանակը գա, չեմ ազդի նրա որոշման վրա, թող ընտրի այն ճյուղը, որը կսիրի…

-Ինչո՞ւ Ձեր որդուն խորհուրդ չէիք տա անեսթեզիոլոգ դառնալ:

-Անզգայացման փուլում պատասխանատվությունը շատ մեծ է… Պիտի պատրաստ լինես անսպասելի իրավիճակների: Երբեմն կարող են շատ լուրջ բարդություններ առաջանալ՝ պայմանավորված մարդկային գործոնով: Նախկինում վիրաբուժական ցիկլից ովքեր ցանկանային, կարող էին 3-6 ամիս վերապատրաստում անցնել և դառնալ անեսթեզիոլոգ, այսօր այդպես չէ. ապագա անեսթեզիոլոգը բավականին լուրջ, մասնագիտական ուսումնառության փուլ է անցնում. 3 տարի օրդինատուրայում խորապես ուսումնասիրում են այս մասնագիտությունը: Այսօր մեզ մոտ անեսթեզիոլոգիան բավական զարգացած է, բանիմաց, հմուտ մասնագետներ ունենք, ինչը թույլ է տալիս բացթողումները հասցնել նվազագույնի:

Մյուս հիմնական բարդությունը կապված է հիվանդի օրգանիզմի և բուն հիվանդության առանձնահատկությունների հետ: Ծանր հիվանդներին շտապ պիտի վիրահատենք, բայց այդ ընթացքում հիվանդի մոտ հայտնաբերվում են ուղեկցող շատ լուրջ խնդիրներ, որոնք կարող են վիրահատության ժամանակ անակնկալ բարդություններ առաջացնել: Ստանդարտ հետազոտությունների ցանկը այսօր բավականին մեծ է, դրանց շնորհիվ բացահայտվում են այնպիսի հիվանդություններ, որոնք կլինիկորեն կարող են հիվանդին չանհանգստացնել՝ ուռուցքներ, կիստաներ, սրտային, երիկամային, թոքային հիվանդություններ… Ձեռնարկվում են հնարավոր բոլոր եղանակները այդ բարդությունները կանխարգելելու համար:
Այն ամենը, ինչ ես տեսել եմ իմ աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում, թույլ է տալիս ասել, որ լուրջ առաջընթաց ունենք: Մեծ փոփոխություններ՝առաջխաղացում կա սարքավորումների կիրառման մեջ: Այսօր մեր բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, բոլորը փոխվել են, 1-2 գերմանական սարքավորում է մնացել նախորդներից, բայց դրանք որակյալ են, կարգին աշխատում են: Բոլոր սրահները ապահովված են մոնիթորներով… Եվ դա անհամեմատ որակյալ, ճշգրիտ աշխատանք է ապահովում:
Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք օգտագործել ավելի բարձրորակ անզգայացնող դեղամիջոցներ: Այսօր աշխարհի առաջատար բուժհաստատությունները աշխատում են կարճատև ազդող, գերկարճ ազդող անզգայացնող դեղամիջոցներով. վիրահատությունն ավարտվեց, դեղի ներմուծումն ավարտվեց, րոպեներ անց հիվանդն արթնանում է, արթնանում է ավելի սթափ: Շուտով այդ վերջին, նորագույն անզգայացնողները կկիրառվեն նաև մեզ մոտ:
Ես աշխատում եմ նեյրովիրաբուժության և կրծքային վիրաբուժության բաժանմունքում, հաճախակի հյուրեր ենք ունենում փորձի փոխանակման նպատակով: Վերջերս Մոսկվայից մի հայտնի նեյրովիրաբույժ էր եկել իր անեսթեզիոլոգի հետ: Մեր աշխատանքը, մեր վիրահատարանների համալրվածությունը տեսնելով՝ նրանք զարմացան, ոչ թե նոր բան էին տեսել, այլ չէին սպասում, որ մեր բուժծառայությունը այդքան առաջընթաց է ունեցել վերջին 10 տարիների ընթացքում… Մեր հոսպիտալում կատարվում է այնպիսի վիրահատություն, որը Ռուսաստանում չի արվում. դա նեյրովիրաբուժության մեջ էնդոսկոպիկ եղանակով ճողվածքի վիրահատումն է: Ունիկալ վիրահատություններ անում ենք, ուղղակի մեր աչքը սովորել է, ոչ մի արտառոց բան դրանում չենք տեսնում: Վստահ կարող եմ ասել, որ մեզ մոտ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, շատ ծանրակշիռ և որակյալ աշխատանք է տարվում՝ բոլոր ուղղություններով:
Անզգայացման բաժանմունքում կիրառվում են արտասահմանյան առաջատար բուժահաստատություններում ընդունված անզգայացման եղանակները… Մի քայլ է մնում, որ ոչնչով չզիջենք… Դա ռեգիոնար անզգայացումն է: Լրացուցիչ սարքավորումներ են պետք: Կունենանք ու մի նվաճում էլ կարձանագրենք:
-Ձեր նշած սարքավորումների ներկրման դեպքում մասնագետների վերապատրաստման կարիք լինելո՞ւ է:

-Չեմ կարծում… Մենք հիմա էլ բազմակողմանիորեն պատկերացնում ենք՝ ինչպես է դա արվում: Արտերկրում վերապատրաստված մասնագետներ ունենք, որոնք վերադառնում են և իրենց փորձը փոխանցում գործընկերներին: Հատկապես մենք՝ անեսթեզիոլոգներս, գաղտնապահ չենք այդ հարցում. գիտակցում ենք՝ որքան մեր գործընկերը հմուտ, գիտակ լինի, այնքան կշահենք մենք, կշահի մեր գործը, կծառայենք այն նպատակին, որին կոչված ենք… մեր բանակին, մեր ժողովրդին օգտակար կլինենք… Պատահական չէ, որ մեր զրույցի սկզբում հիշեցի Մխոյանի անունը. նա մեզ այդ ոգով է դաստիարակել: Մյուս կողմից էլ, եթե բժիշկը ուզում է սովորել ու խելացի է, լուռ նայելով էլ որոշ նրբություններ կնկատի, իրենը կդարձնի, օրեցօր կկատարելագործի ինքն իրեն:

-Աշխատանքային գործունեության ընթացքում մասնագիտական բացահայտումներ եղե՞լ են:
-Անզգայացնող միջոցների և եղանակների հետաքրքիր փորձարկումներ արել ենք, որոնց մասին ոչ մի գրականություն առ այսօր չի ստեղծվել, չկա: Հետաքրքիր մտքեր են ծնվել: Ուզում էի գրի առնել այդ ամենը, հետաքրքիր գիտական նյութ կստացվեր, բայց չեմ հասցնում. իմ աշխատանքը խլում է ինձանից իմ ժամանակի մեծագույն մասը…
-Բայց շարունակում եք գոհանալ Ձեր մասնագիտությամբ, Ձեր հաղթահարած դժվարություններով…
-Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և տարիների ընթացքում համոզվել եմ, իմ ընտրությունը ճիշտ է եղել… Չէ որ լինում են դեպքեր, երբ մարդիկ մասնագիտություն ընտրելիս հաշվի չեն առնում իրենց էությունը, բնավորությունը, ստանում են կրթություն, դառնում «մասնագետ» և որոշ ժամանակ անց խոստովանում, որ պիտի թողնեն… Իսկ ես չեմ սխալվել. սա իմն է…
«Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության տեղեկատվության համակարգող Գայանե Պողոսյանը, ով վերջերս է վիրահատվել ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, իր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեց իրեն անզգայացնող Սամվել Աբրահամյանին՝ բարձրակարգ աշխատանքի համար:
Էդիտա Մելքոնյան