Ամենակարևորը հիվանդի վստահությունը շահելն է

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ, բ/ծ մայոր Արմեն Սարգսյանի հետ
-Վաղո՞ւց եք աշխատում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում:
-2008 թվականից այս բաժանմունքում եմ: Մինչ այդ 2002 թ. ավարտել եմ ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը, 2003 թ.՝ ինտերնատուրան: Նույն թվականին անցել եմ զինվորական պարտադիր ծառայության Գորիսի, Չոբանքարայի, ինչպես նաև պատվոպահակային զորամասային օղակներում: 2005-2008 թթ. շարունակել եմ հետբուհական կրթությունը կլինիկական օրդինատուրայում: Աշխատանքային գործունեության տարիներին մեկնել եմ ԱՄՆ և 6 ամիս մասնակցել կանխարգելիչ բժշկության հիմնախնդիրների վերաբերյալ անցկացվող հատուկ դասընթացների:
– Ազատ տիրապետո՞ւմ եք անգլերենին:
-Չէի ասի՝ գերազանց, կարևորը՝ վերապատրաստման ընթացքում մարդկանց հետ հաղորդակցվելիս կամ մատուցվող նյութը ընկալելու առումով դժվարություններ չեն եղել… Վերջերս տեղի ունեցած «Ռազմական բժշկության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի ժամանակ հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած մի ռազմական բժշկի, որի հետ ծանոթացել էի այնտեղ վերապատրաստվելու ժամանակ. նա հիշեց ինձ, ես հիշեցի նրան… Այնտեղ ես ծանոթացել եմ ռազմական բժիշկների հետ և շատ կցանկանայի նրանց տեսնել Երևանում՝ դասախոսություններով, զեկույցներով հանդես գային… Ես կարևորում եմ նման գիտաժողովների դերը մեզ մոտ ռազմական բժշկության զարգացման գործում, դրանք հետաքրքիր են և ուսանելի:
-Եվ այն ամենը, ինչ տեսել եք այնտեղ, հնարավո՞ր է մեզ մոտ իրականացնել:
-Իհարկե, չնայած դրանք մեծ ներդրումներ՝ ֆինանսավորում են պահանջում, բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար հասնում ենք նրանց: Մյուս կողմից էլ, գիտությունը, բժշկությունը օրեցօր աննախադեպ արագությամբ զարգանում, կատարելագործվում են, և եթե այսօր հասել ենք, վաղը կարող ենք ետ մնալ:
-Գիտական աշխատություններ ունե՞ք:

-Զորամասային օղակում ծառայության տարիներին փորձել եմ, նախապատրաստական բոլոր աշխատանքները արված են, բայց նյութն ամբողջությամբ դեռ ավարտական փուլում է, վերջնական ձևակերպման կարիք ունի: Նյութի թեման կանխարգելիչ բժշկության կազմակերպումն ու իրականացումն է (կանխարգելիչ բժշկության հիմնախնդիրները ուսումնասիրել եմ մինչև վիրաբուժական գործունեությամբ զբաղվելը):
-Մասնագիտական գրականության մեջ ընտրությունը մե՞ծ էր:
-Ընդհանուր առմամբ, մեզ համար ուսումնառության տարիներին անենահասանելին եղել են Խորհրդային բանակի բժշկագիտական ձեռնարկներն ու դասագրքերը: Սակայն այսօր լայն հնարավորություններ են ստեղծվել ծանոթանալու համաշխարհային բժշկության գիտական ձևակերպումների հետ և մեծ մասամբ համացանցի միջոցով: Մյուս կողմից էլ այսօր Հայաստանում ապրում, գործում են բազմաթիվ մարդիկ՝ բժշկական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, պրոֆեսորներ, ովքեր զբաղվում են գիտական լուրջ աշխատանքներով. ներկայացնում են ռազմական և քաղաքացիական բժշկությանը վերաբերող առանցքային խնդիրներ և տալիս դրանց լուծման սպառիչ պատասխանները: Որևէ մեկին առանձնացնել չեմ ուզում, նրանք բոլորն էլ իրենց ուրույն դերն ունեն Հայաստանում ռազմաբժշկական կրթության կազմակերպման, առողջապահական խնդիրների լուծման գործում… Նրանցից մենք սովորել ենք և սովորելու ենք… Վստահ կարող եմ ասել, որ այսօր ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետում մասնագիտական նոր գրականության ապահովման հարցը լավագույնս լուծվում է մեր մասնագետների միջոցով…
Տարեցտարի զարգանում է ոչ միայն ռազմաբժշկական կրթությունը, այլև բարեկարգվում, վերանորոգվում, համալրվում են հոսպիտալները. մեր բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, ունենք այնպիսի բարձրակարգ սարքավորումներ, որոնցից չունեն ՀՀ մի շարք առաջատար բուժհաստատություններ: Դրանք նպաստում են մեր աշխատանքային գործունեության անխափան և արդյունավետ իրականացմանը, այսօր մենք չունենք դեղորայքի խնդիր: Բաժանմունքում աշխատում են երիտասարդ, բանիմաց վիրաբույժներ, որոնք բոլորն էլ աշխատանքին զուգահեռ զբաղվում են մասնագիտական հմտությունների կատարելագործմամբ: Մեզ մոտ վիրահատություններն իրականացվում են նաև լապարասկոպիկ եղանակով. սա լուրջ առաջընթաց եմ համարում… Ճիշտ է, մեր ժամանակաշրջանի համար լապարասկոպիկ վիրահատությունը նորություն չէ, բայց ռազմական բժշկության մեջ շատ կարևոր է. կրճատվում է հետվիրահատական ապաքինման, վերականգնողական փուլերի տևողությունը….Մնում է Դա Վինչի համակարգը կիրառենք… Դա էլ անհնարին չեմ համարում. ժամանակի ընթացքում ունենալու ենք:
-Որքանո՞վ է կարևոր հիվանդի վստահությունը բժշկի հանդեպ, հիվանդի հավատը, որ կապաքինվի:
-Հիվանդի վստահությունը շահելը իսկապես կարևոր է. նրա հետ շփումը պիտի անկեղծ լինի, առաջին պահից սկսած պիտի կարողանաս նրանից ստանալ քեզ անհրաժեշտ ինֆորմացիան՝ հնարավորինս շատ, ամբողջը: Չի խոսի, եթե չվստահեց… Մեզ մոտ հիվանդը կարող է ընտրել իրեն վիրահատող բժշկին: Դա նրա իրավունքն է:
-Հայաստանում գործում են աղանդներ, որոնցում ներգրավված քաղաքացիները չեն ընդունում վիրահատական միջամտությունները, արյան փոխներարկումը: Հաճա՞խ եք բախվում այս խնդրի հետ:
-Շատ հազվադեպ… Նույնիսկ եթե լինում են, խնդիրը լուծվում է. բաժանմունքի պետը, վիրաբույժները զրուցում են նրանց հետ, բացատրում, ոչինչ չենք պարտադրում, լսում են ու, որպես կանոն, ընդունում մեր տեսակետը… Որևէ խոչընդոտ՝ մեր աշխատանքին խանգարող, չեն ստեղծում, իսկ մեր աշխատանքը նրանց բուժելն է, նրանց կյանքին սպառնացող վտանգը հեռացնելը:

Էդիտա Մելքոնյան