Ի՞ՆՉ ՎԱՏ ՏՂԱ ԵՄ՝ ՋԱՀԵ՛Լ, ՍԻՐՈ՛ՒՆ

Գիշերը կիսվել էր: Տղաների աչերին քուն չէր գալիս: Արդեն հայտնի էր՝ առավոտ ծեգին սկսվելու էր գրոհը

դեպի Շուշի: Լուռ էին բոլորը, ինքնամփոփ: Մեկ էլ Երվանդը՝ Ճուտոն, որը նույնպես մտախոհ էր, <<սիրառատ մի զրույց>> սկսեց բուժքրոջ հետ:

-Ժաննա ջան, ես քեզ սիրում եմ, իսկ դո՞ւ:

-Ճուտ, խելոք կաց, ժամանա՞կ գտար…

-Լավ, էլի՛, Ժաննա ջան, ի՞նչ վատ տղա եմ՝ ջահե՛լ, սիրո՛ւն՝ չե՞ս սիրի…

-Ճուտոն խենթացել է, տղանե՛ր, ձեր ընկերոջը խելք սովորեցրեք,- Ժաննան դարձավ արդեն ժպտացող տղաներին:

-Ժաննա ջան, լուրջ եմ ասում: Վաղը Շուշին կգրավե՛նք, մյուս օրն էլ՝ հարսանիք… Միայն թե ասա՝ սիրո՞ւմ ես…

-Ճուտո ջան, ո՛չ հավեսդ ունեմ, ո՛չ էլ կատակելու տրամադրություն, ավելի լավ է՝ մի քիչ քնես, հանգստանաս:

-Չե՞ս սիրում, այ, կփոշմանես, բա որ վաղը զոհվեմ՝ սրտիդ դարդ է լինելու:

Առավոտյան՝ Շուշիի գրոհին գնալիս, ընկերների կյանքը փրկելով՝ Երվանդը զոհվեց: Լսելով բոթը՝ գլուխն ափերի մեջ, անզուսպ հեկեկում, լալիս էր բուժքույրը…

Գնել Շահնազարյան