ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի «ինքնատիպ» հիվանդները

Այս զինվորի մասին վիրաբուժության բաժանմունքում բոլորն էին խոսում: Փորձեցի հասկանալ՝ ինչով է առանձնահատուկ այդ երիտասարդը:

-Ի՞նչ է անունդ, -հարցրի հիվանդասենյակում նստած մյուս զինվորին, որը լուռ լսում էր իմ և իր ընկերների խոսակցությունը:

-Լևոն:

-Որտե՞ղ ես ծնվել:

-Ղարաբաղում:

– Ղարաբաղի ո՞ր շրջանում:

-Մարտակերտ:

Երիտասարդ զինծառայողը բոլոր հարցերիս պատասխանում էր զինվորական ոճով՝ կարճ ու կոնկրետ…Ստիպված

Ափունց Լևոնի պատմությունը որոշեց բուժքույրը պատմել:

-Երբ Լևոնին բերեցին, Արմեն Սարգսյանը ընդունեց նրան, սուր ցավեր ուներ: Բժիշկը նրա կողքից չէր հեռանում:

Լևոնն անընդհատ պահանջում էր, որ ցավազրկեն… Ներարկումներ էինք անում, չէր հանգստանում: Պարտադիր հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո 5-րդ օրը նրան վիրահատեցին: Հաջորդ օրվանից վիճակն անհամեմատ թեթևացել էր… Սարգսյանը գալիս էր, հետը զրուցում, նայում կարերը (նրա ծնողները Մարտակերտում են ապրում, բժիշկն ամեն ինչ անում էր, որ Լևոնը մենակ չզգար իրեն): Լևոնը ուզում էր, որ կարերը շուտ հանեն. «Շո՛ւտ արեք, հանե՛ք, չե՛մ դիմանում, խանգարում են… Մկրատը կվերցնեմ, կկտրեմ, կհանեմ դրանք»…

Լևոնի լուրջ դեմքին առաջին անգամ ժպիտ երևաց:

-Վե՞րջը… ո՞վ հանեց կարերդ,- հարցրի նրան:

-Բժիշկը…,- զսպելով ծիծաղը՝ պատասխանեց նա ու շարունակեց,- ուղղակի ես չեմ սիրում, երբ վրաս ավելորդ բան է լինում….

-Հիմա էլ չի դիմանում, ասում է՝ ինձ դուրս գրեք, գնամ,- ավելացրեց բուժքույրը:

-Ես երբեք չեմ մոռանա, հարգանքով ու երախտագիտությամբ կհիշեմ՝ ինչպես են ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում ինձ ընդունել, հանդուրժել, հասկացել ու օգնել,- մեր հանդիպման ավարտին ասաց Լևոն Ափունցը:

Կամո Մանուկյանը պատմեց.

-Չեմ սիրում… ավելի ճիշտ, չէի սիրում սափրվել… Բժիշկը գալիս էր, լսում գանգատներս (իմ ցավն ավելի լավ էր

հասկանում, քան ես), նայելով չսափրված դեմքիս՝ սկզբում՝ ընկերական, հետո… ավելի խիստ… պահանջելով, որ ինձ կարգի բերեմ… Հիմա ամեն օր սափրվում եմ, որ բժշկիս չբարկացնեմ… Հետո իմացա, որ նրանք սպաներ են… Եվ հասկացա, թե որտեղից է գալիս վիրաբուժական բաժանմունքում տիրող կարգուկանոնը, հոգատարությունը զինվորի հանդեպ: Ես շատ գոհ եմ բուժանձնակազմից. մի խոսքով՝ հուսալի ձեռքերում եմ:

Էդիտա Մելքոնյան