ՀԱԶԱՐԵՐԱՆԳ ՁԱՅՆ ՈՒ ԾՆԾՂԱ…

<<Տիգրան Մեծ>> ռազմամարզական ուսումնարանում երդման արարողություն է : Ուսումնարանի պետը գնդապետ Կորյուն Ղումաշյանն է՝ <<Տիգրան Մեծ>> ջոկատի հրամանատարը: Նա հպարտությամբ նշում է, որ այս տարիների ընթացքում 600 շրջանավարտ ու կուրսանտ շարունակում են իրենց ծառայությունը հայոց բանակում, նրանցից շատերն արդեն բարձրաստիճան սպաներ են:

<<Տիգրան Մեծ>> ռազմամարզական ուսումնարանի ղեկավարությունը, կուրսանտները կապ են պահում նախկին ազատամարտիկների հետ, որոնք պատերազմական իրենց պատմություններով մշտապես ոգևորում, այրենասիրական նոր լիցք են հաղորդում կուրսանտներին: Այդ հիշարժան օրն էլ նրանք այնտեղ էին՝ Նորիկ Սարգսյանը (Մորուք Նորիկ), Արմեն Բաբայանը (Շռամ), Սահակ Մելիք-Բեկյանը, Աբգար Նիկոլաևիչը և էլի Նրանց պատմությունները հերոսական էին, նրանց շրջապատել էին կուրսանտները՝ հատկապես նոր ընդունվածները:

<<Տիգրան Մեծ>> ջոկատի ազատամարտիկ բուժքույր Կարինե (Կարա) Հովսեփյանի մասին այս պատմությունը գրի առա տղաներից: Կարինեի մասին խոսակցությունը սկսվեց, երբ գնդապետ Կ. Ղումաշյանը հայտնեց, որ շուտով լսարաններից մեկը պետք է անվանակոչվի նրա անունով: Դա ուրախություն պատճառեց ներկաներին, որոնց թվում էր Կարինեի մայրը: Հրամանատարը, ընկերները հիշում էին Կարինեի կյանքից հերոսական դրվագներ:

-Երբ տղաներից մեկը վիրավորվում էր, մի կերպ էինք պահում Կարային՝ առանց զենքի, միայն դանակով խոյանում էր դեպի թշնամին: Իսկ երբ զոհ էինք տալիս, մեր Կարան, գլուխն ափերի մեջ առած, ողբում էր, կոծում էր՝ որպես քույր, մայր, մարտական ընկեր: Քանի անգամ վիրավորվեց Կարինեն. Ցնցակաթված տարավ, ու վերքը ապաքինված՝ նորից մարտադաշտում էր՝ մեր կողքին,- վերհիշում էին տղաները: -Հրադադարից հետո ապրում էր միայնակ. հին վերքերը նորից գլուխ էին բարձրացրել:

Կարինեի դեմքին ժպիտ էր ծնվում, երբ այցելության էին գալիս մարտական ընկերները: Ու մի օր էլ նա հեռացավ կյանքից: Հեռացավ անձայն ու անշշուկ: Այդպես եկեղեցում վառված մոմն է հասնում իր վերջին: Եվ Եռաբլուր անող ճանապարհին ազատամարտիկ ընկերները հիշում էին Կարինեի վերջին խոսքերը.

-Պատերազմն ինձ զրկեց  մայրանալու, զավակ ծնելու իրավունքից: Ես իմ մայրությունը տվեցի իմ երկրին, իմ մայր հայրենիքին: Ես զգացի որ հայոց բանակի ամեն մի զինվոր իմ որդին է, իմ զավակը:

Եռաբլուր բարձրացող ճանապարհը ողողվել էր հազարերանգ գույներով, հազարերանգ ծնծղաներով, որոնք

լուսե երազով մի հայուհու էին ուղեկցում դեպի անմահություն…

Գնել Շահնազարյան