Կարեւորը՝ երկիրը խաղաղ լինի, զինվորը՝ առողջ, բանակը՝ ուժեղ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Պողոսյանի մասին ասում են՝ ոսկի ձեռքեր ունի, հրաշքներ է գործում։ Բժշկի հիվանդներն են այդպես ասում, ոգեւորությամբ պատմում են նրա անհավանական վիրահատությունների ու անհավատալի հաղթանակների մասին։ Պատմում են երախտագիտությամբ, խոնարհումով, երջանկությունից փայլող աչքերով։ Բժիշկը նրանց կյանք է նվիրել, վերադարձրել է ժպիտը, հոգու ուրախությունը, գեղեցկություն է պարգեւել։ Յուրի Պողոսյանը երկար տարիներ ղեկսվարել է պն կենտրոնական հոսպիտալի դիմածնոտային բաանմունքը, կատարել է այնպիսի բարդ դիմածնոտային վիրահատություններ, որոնք նոր ժամանակների նվաճումն են եւ գերզարգացած երկրների մենաշնորհը։ Եվ ահա հրաշագործ բժիշկը նստած է իմ առջեւ՝ լուսավոր, տարիքին անհարիր, գրեթե մանկական պարզությամբ փայլող աչքերով, ջերմ հայացքով, պարզ ու անպաճույճ։ Ես լսում եմ նրա կյանքի պատմությունը, ուզում եմ տեսնել այն ճանապարհը, որ բարձունքներ է հաղթահարել, ու յուրաքանչյուր հաղթանակ նվաճել է մաքառումով, դժվարին վերելքը դարձնելով առօրյա կենսակերպ։ Մանկությունն անցավ Հրազդանի շրջանի Ջրառատ գյուղում։ Մանկություն ասելիս առաջին հերթին հիշում է պապին ու տատին. զարմանալի ինքնատիպ մարդիկ էին, արտասովոր անհատականություն՝ գունեղ, կոլորիտով։ Աղաբեկ պապին բոլորն էին ճանաչում, հարգված մարդ էր։ Ռեպրեսիայի տարիներին աքսորվել էր, իսկ տարիներ անց աքսորավայրից վերադարձել էր՝ հետը բերելով վարսավիրական պարագաներ եւ գերմանական բարձրորակ բժշկական աքցաններ։ Դժվար է ասել՝ նրա արհեստանոցն ավելի շատ վարսավիրանո՞ց էր, թե՞ ատամնաբուժարան, ե՛ւ հարդարվելու եկած հաճախորդը, ե՛ւ ատամնացավից տառապողը նստում էին նույն աթոռին։ Կրթությո՞ւն… աքսորավայրում ի՞նչ կրթություն, ինքնուս էր, ինքնուս վարսավիր, ինքնուս բժիշկ։ Ո՞վ գիտե, թե ինչ մտքեր էին ծնվում փոքրիկ Յուրիի ուղեղում, երբ տեսնում էր սեփական ատամնաշարը ինքնուս ատամնաբույժին վստահած մարդկանց…

Ամենից շատ տատի հետ էր կապված։ Մանկությունը ծայրից ծայր լցված էր տատի շնչով, մեղմությամբ, լավաշի բույրով, հոգեցունց պատմություններով։ Միասին սար էին գնում, կանաչ, ծաղկահոտ սարերը տատին մանկություն էին տանում, կարոտի ճամփաներով գնում-հասնում էր Ղարս, ու 8-9 ամյա փոքրիկ Յուրին հուզմունքով լսում էր տատի պատմությունները։ «Թուրքեր ասին՝ հավաքվեք մեյդանում, պիտի բարիշենք։ Իմ հերն ասեց՝ թուրքին էհթիբար չկա, թակարդի հոտ եմ առնում։ Մեյդանում ահագին հայ հավաքվեց, տեղ-դադար չկար։ Մեկ էլ ասկյարները վրա տվին, ջարդեցին անզեն մարդկանց, արունն առու կապեց։ Մի քանի օր անց հերթը մեզ էլ հասավ. հորս, մորս, ախպերներիս աչքիս առաջ մորթեցին։ Ես 7 տարեկան էի, մտել էի կարասների արանքն ու վախից պապանձվել էի։ Երբ թուրքերը գնացին, փախա տնից, հետո գաղթականների խմբի հետ եկա Էջմիածին…»։ Տատը լաց չէր լինում, շոյում էր գոգին դրած Յուրի գլուխն ու պատմում։ Յուրին ավելի ամուր էր գրկում տատի ծնկները։ Թուրք բառը խառնակ զգացումներ էր արթնացնում նրա փոքրիկ սրտում։ Երբ տանում էր գառներն արածեցնելու, մեկ առ մեկ վերհիշում էր տատի պատմածները, ու վախը, ցավը, վրիժառությունը, ատելությունը խառնվում էին իրար։ Մի օր գայլն աչքի առաջ գողացավ իր պահած գառներից մեկը, ու դրանից հետո թուրքը նրա աչքի առաջ պատկերանում էր կարմիր, կայծկլտուն աչքերով գայլի տեսքով՝ փոքրիկ գառնուկին ճանկած։ Ինչ իմանար, որ տարիներ անց դեմ առ դեմ հանդիպելու է գայլային նախճիրի, որ հին ոսոխի նշանառության տակ վիրահատելու, կյանք է պարգեւելու սեփական հողի համար մարտնչող զինվորներին։ Երբ փոքր էր, ծնողները մտածում էին, որ իրենց առաջնեկը նկարիչ կդառնա կամ… ռադիոֆիզիկոս։ Տղայի նախասիրությունները տարբեր էին, երբեմն՝ հակասական։ Ինքնամփոփ, մտածող երեխա էր, խաղաղասեր ու մի քիչ էլ երկչոտ։ Գեղեցիկի սիրահար էր, ջրաներկով գույներ էր խառնում թղթին, նկարում էր սարեր, կանաչ, ծաղիկ, գառներ։ Իսկ երբ նկարելուց ձանձրանում էր, հոր հետ գնում էր ակումբ ու առաջին շարքում նստած՝ թատրոն, կինո ու համերգ էր դիտում։ Հայրը ակումբի վարիչն էր, լավ երգում էր, ներկայացումներ էր բեմադրում, խաղում էր գլխավոր դերեր։ Բայց Յուրին միայն արվեստով չէր տարված, դպրոցական ընկերների հետ հաճախում էր պատանի ռադիոսիրողների խմբակ, տարբեր մոդելներ էր հավաքում՝ նավ, ռադիոընդունիչ, որոնք ցուցադրվում էին Երեւանում։ Ո՞ւր կտաներ նրան այդ ճանապարհը, եթե չլիներ նախասահմանված ճակատագիրը կամ գուցե պատահականությունը։ Հնարավոր է՝ ճանաչված ֆիզիկոս դառնար ու իր բազում հայտնագործություններն ու նվաճումները ֆիզիկայի ասպարեզում լինեին… Բայց մի փոքրիկ դիպված կանխորոշեց հետագա ուղին. դպրոց եկավ քիմիայի նորավարտ, գեղեցկուհի ուսուցչուհին՝ Յավրյան ազգանունով։ Ուսուցչուհուն հիշելիս՝ ավելի քան կեսդարյա կենսագրություն ունեցող տղամարդու աչքերը փայլում են գորովանքով։ Նա չի ուզում անուն տալ այն զգացմունքին, որ տածում էր ուսուցչուհու հանդեպ։ Նրա դասերը սովորում էր մի ուրիշ եռանդով ու ոգեւորությամբ։ Ուսուցչուհին չէր կարող չնկատել աշակերտի հույզերը։ Մանկավարժական տակտով ու նրբանկատությամբ խրախուսում էր, նոր դասերը Յուրին էր պատմում դասընկերների համար։ Օր օրի առարկան յուրացնում էր ավելի խոր ու համակողմանի։ Ուսուցչուհին չպարտադրեց, այլ այնքան նրբորեն հուշեց բժիշկ դառնալու միտքը։ Տղան հիշեց պապի գերմանական աքցաններն ու ատամնացավից տնքացող հիվանդներին։ Դե, իհարկե, պիտի ատամնաբույժ դառնար։ Ափսոս, պապն արդեն չկար, իսկ տատը աշխարհով մեկ էր եղել։

Երեւանի բժշկական ինստիտուտում սովորելու առաջին օրվանից հասկացավ, որ ճիշտ է ընտրել մասնագիտությունը։ Սիրելի ուսուցչուհին խորաթափանցորեն նկատել էր իր աշակերտի բարությունը, նպատակասլացությունը, մարդկանց օգնելու պատրաստակամությունը, աշխատասիրությունը, կամքը՝ այն ամենը, ինչ պետք էր իսկական բժիշկ դառնալու համար։ …Յուրի Պողոսյանին դասախոսներն էլ շատ արագ նկատեցին, մեծ հույսեր կապելով իրենց ընդունակ, աշխատասեր ու եռանդուն ուսանողի հետ։ Բժիշկը աշխատանքային կենսագրությունը սկսեց բուժկետի վարիչից, 10 տարի ղեկավարեց ԽՍՀՄ սպորտբազայի պոլիկլինիկան, իսկ թեկնածուական թեզը վերաբերում էր սպորտային բժշկությանը։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրոբլեմային լաբորատորիայի բժշկակենսաբանական բաժինը Յուրի Պողոսյանի ղեկավարության օրոք մեծ հաջողություններ արձանագրեց, բժշկական ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնում լաբորանտից հասավ դոցենտի պաշտոնի։ Բայց երբ 1993թ. պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Աղաբաբյանը նրան հրավիրեց բանակ, թողեց ամեն ինչ ու գնաց այնտեղ, ուր իր կարիքն ավելի էին զգում։ Բժշկի կյանքում սկսվեց մի դժվար ու հոգսաշատ շրջան։ Սահմանից դիմածնոտային ծանր վնասվածքներով հոսպիտալ բերվածների հոսքը չէր դադարում, օրը մի քանի վիրահատություն էր կատարում, ծանր վիրահատություններ, պայքարում էր յուրաքանչյուր ռազմիկի կյանքի համար եւ ոչ միայն կյանքի, ամեն ինչ անում էր, որ նրանց վերադարձնի շարք, փրկի դեմքը անմարդկային աղավաղումից։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Պողոսյանը միայն պրակտիկ բժշկությամբ չի սահմանափակվել, նա ավելի քան 30 գյուտի, 250-ից ավել գիտական աշխատանքների, 15 ուսումնական ձեռնարկների հեղինակ է, կատարել է բազմաթիվ մասնագիտական թարգմանություններ։ Նրա ղեկավարությամբ բազմաթիվ թեկնածուական թեզեր են պաշտպանվել, նրա ուսանողներն այսօր ղեկավարում են տարբեր կլինիկաների դիմածնոտային վիրաբուժության բաժինները….. Յուրի Պողոսյանն իր ողջ կենսագրությունն ու մասնագիտական նվաճումները փոխանցում է երիտասարդ սերնդին, որոնք ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում դառնում են ճանաչված մասնագետներ։ Այսպես մեզ հետ, մեր կողքին ապրում է մի հրաշալի մարդ, մի տաղանդավոր գիտնական ու հմուտ բժիշկ՝ Յուրի Պողոսյանը, որն իր փոքրիկ աշխատասենյակում գիտական աշխատանքներ է գրում, հայտնագործություններ անում, կատարում է աշխարհում ընդունված ամենաբարձր չափանիշներին հարիր բարդ վիրահատություններ, իսկ երեկոյան իր հոգու հույզերը հանձնում է կտավին, որոնք զարդարում են բժշկի աշխատասենյակն ու կլինիկայի պատերը։ Հանգստյան օրերին հող է մշակում, մեղու է պահում… …Հրաժեշտ տալիս՝ անսահման հպարտությամբ, սիրով նայում եմ Յուրի Պողոսյանին՝ իմ հայրենակցին, արտասովոր ու սովորական մարդուն, ու մինչ երախտագիտության բառեր եմ որոնում, նա ասում է. «Կարեւորը՝ երկիրը խաղաղ լինի, զինվորը՝ առողջ, բանակը՝ ուժեղ»։ Ասում է, սեղմում ձեռքս ու գնում կատարելու հերթական վիրահատությունը, փրկելու հերթական կյանքը, ժպիտ ու ուրախություն պարգեւելու եւս մեկ մարդու։

Գայանե Պողոսյան