ՇԵՆ ՓԱՌՔԻ ՈՒ ԵՐԱԶՆԵՐԻ

Քարինտա՛կ, հպարտ ու շեն՝ փռված  Շուշիի թևի տակ: Հյուսիսից՝ Շուշիի ժայռեղեն բարձունքից, անգամ երևում են գյուղում քուջուջ անող հավերը: Արևմուտքում՝ Տիսկանց քերծը, արևելյան կողմում՝ Ավան հարյուրապետի կիրճն ու Խաչին տափը: Ձորում հոսում է Քիրսից սկիզբ առնող գետակը: Այստեղ ամեն ինչի վրա նախնիներից եկած դրոշմն ու հնի կնիքը կա: Եթե աղբյուր է՝ ուրեմն Յոթնաղբյուր է կամ Քարե թաս, որից բխող ջուրը լցվում է քարի գուռի մեջ: Եթե վանք է՝ Սուրբ Աստվածածին, որի պատերը՝ թեև վիրավոր ու բզկտված, կանգուն են՝ պատերին դրոշմված մեսրոպատառ գրերով:

Գյուղն ունեցել է 3 հին գյուղատեղ: Հնում զբաղվել են նաև շերամապահությամբ: Միշա դային, ցույց տալով գյուղի մշակույթի պալատը, ասում է.

-Այ, էստեղ եղել է Նելսոն Ստեփանյանենց տան տեղը: Գյուղի էն մասում են եղել նրանց ջրաղացները, որոնց մինչև հիմա Ստեփանանց ջրաղաց ենք ասում,- հետո ավելացնում է,- պատմաբան Լեոն էլ մեր գյուղում է ծնվել:

Շուշիի բարձունքից իջնում ես փոքրիկ թվացող գյուղն ու մոլորվում ձորերն իջնող ու ելնող փողոցների լաբիրինթում: Գյուղի կենտրոնում՝ փոքրիկ բլրակի վրա, հայրենականում զոհված քարինտակցիների հուշարձանն է. Հայ մամիկը դողդոջուն ձեռքով բացում է երկաթե դռնակն ու ներս մտնում, կորցրել է ամուսնուն մեծ Հայրենականում ու այս էլ քանի՜ տարի սպասում է հայուհուն բաժին հասած իր բախտ ու ճակատագրով: Գյուղում հիմա նորից այրիացած հարսներ կան, որբացած երեխաներ: Թուրքը քանի՜-քանի անգամ փորձեց գյուղ մտնել՝ չկարողացավ, չհաջողվեց: Վառված անվադողեր էին գրոհում գլորում գյուղն ի վար, հրդեհում խոտի դեզերն ու տները, դիպչում սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին, Շուշիի բարձունքից պայթեցված ժայռեր էին իջնում գյուղն ի վար: Հազարավոր ասկյարներ էին գրոհում գյուղի վրա տարբեր կողմերից, սակայն գյուղը դիմագրավում էր թշնամուն:

Քանի-քանի անգամ թշնամին, թողնելով բազում դիակներ, բռնեց նահանջի ճանապարհը:

…Քարինտակում Աշոտ ու Արուսյակ Սարգսյանների ընտանիքում 1971թ. Ծնվեց նրանց 7-րդ զավակը, որին Արծվիկ անվանակոչեցին: Մինչ այդ ծնվել էին Ալեքսանդրը, Վովան, Անդրանիկը, Էլմիրան, Զոյան ու Լաուրան, որոնք մեծանալով ամուսնացել, թռել-գնացել են հայրական օջախից՝ կազմելով նոր ընտանիքներ: Հիմա հայրական օջախում մնացել են ծերացած ծնողներն ու նրանց 7-րդ որդին՝ Արծվիկը, որը խոնարհաբար օգնում է նրանց տնային գործերում ու  ծնողների կեսխոսքից հասկանալով, թե ինչ պետք է ասեն, շուտ- շուտ արդարանում է.

-Շուտով կամուսնանամ, տեսնում եք՝ մինչև հարսի գալն էլ որքան եմ ձեզ օգնում:

Արծվիկ, որին գյուղում արծիվ են կոչում, մաքուր ու անաղարտ հոգի, հայրենի բնության անբաժանելի մի մասնիկ: Ավարտելով գուղի միջնակարգը՝ Երևանում ձեռք է բերել անասնաբույժի մասնագիտություն.

-Խաղաղ օրերին գալիս էի Երևան, հանձնում քննություններն ու նորից վերադառնում, մասնակցում գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Այնուհետև անցել եմ ծառայության մեր պետական բանակում,- պատմում է Արծվիկը:

Հետո պատերազմում դարձել է բուժակ ու իր փոքրիկ դեղատուփը շալակած առաջին բուժօգնություն է հասցրել վիրավոր հայորդիներին:

-Ես հավատացյալ եմ, հավատում եմ Աստծո գոյությանը, գիտե՞ք ինչն է զարմանալի,որ ռազմի դաշտում վիրավորված տղաներից ոչ մեկին ոչինչ չպատահեց, և վիրավորվելուց նրանք միշտ ինձ էին կանչում.<<Արծվի՛, քո ձեռքը թեթև է, աստվածատուր, փրկիր ինձ>>:

Պարգև Սրբազանը ուզում է Արծվիկին ձեռնադրել որպես հոգևորական: Արծվիկը Քարինտակ գյուղում 130-ից ավելի սանիկների կնքահայր է: Հոգևոր դասեր է տալիս գյուղի դպրոցում:

Չնայած իր երիտասարդ հասակին՝ ասես գյուղի ոգին լինի՝ բժիշկն է ու անասնաբույժը, խորհրդատուն ու հոգևորը: Խաղաղ գյուղի փողոցներից մեկ էլ լսվում է՝ Արծվի՜, Արծվի, ու ձայնը արձագանքում է գյուղով մեկ, կախվում Շուշիի քերծերից: Արծվիկը շտապում է. ուրեմն իր կարիքը կա: Ճանապարհին հանդիպում է զոհված համագյուղացու այրին ու պատմում, որ այն ահավոր  օրերից հետո փախել է քունը որդու աչքերից, վախեցած է, խրտնած: Խորհուրդներ տալով նրան՝ Արծվիկը քայլում է ձայնի ուղղությամբ՝ նորից առաջին պատահածը հարցնում է.

-Արծվի ջան, մեր կովը ոնց որ հիվանդ լինի, չի արածում: Եվ այս անգամ Արծվիկը գործի է դնում անասնաբույժի իր մասնագիտությունը: Եվ ամեն քայլափոխի հիացական ու երախտապարտ հայացքներ՝ ապրես, Արծվի ջան:

Իսկ Արծվիկը հոգնել չգիտի՝ կոլտնտեսության անասուններն են հիվանդացել վարակիչ հիվանդությամբ, հավերը սատկում են, ու նա կրկին ու կրկին շտապում է:

Օրը մթնում է, ու Արծվիկը տուն է մտնում:

-Որդիս, հեգնած ես, նստիր, մի կտոր հաց կեր,- խնդրում է ծերացած մայրը:

– Մամ, ին՞չ գործ կա, հոգնած չեմ:

-Արտակը(եղբոր տղան) գործերն արել-վերջացրել է, դու հանգստացիր: Վերքդ հո չ՞ի ցավում:

Ու Արուսյակ մայրը պատմում է.<<թիկունքում թշնամուց մնացած գնդակ կա, մագնիսը դնում է վերքին՝ կպչում-մնում է: Որդիս ժամանակ չունի՝ գնա վիրահատության>>:

Իսկ Արծվիկը ծիծաղում է:

-Մա՛մ, վտանգավոր ոչինչ չկա, մի մտածիր,- ու դառնալով եղբոր որդուն՝ Արտակին, հարցնում է,- ո՞նց են գործերդ, վաղը ի՞նչ ես անելու:

-Հորթերն եմ դաշտ տանելու, եկել եմ պապից հրացանը վերցնեմ:

-Այ տղա, էդքան թուրքից ավտոմատ վերցրիր՝ մեկը պահեիր, էլի՜,- կատակում է պապը:

-Պետք լինի էլի կվերցնենք, պապ ջան:

-Արտակ թոռանս բոյին մի նայեք, էն կռվի թունդ ժամանակ ավտոմատը ձեռքին Խաչին տափի բարձրունքում դիրք էր պահում, որ ներքևում գյուղի կանայք ու երեխաները հանգիստ աշխատեին,- հպարտությամբ պատմում է պապը:

Քարինտակ… հայոց փառքի ու երազների օրրան: Երեկոյան, երբ գյուղի մշակույթի պալատում Հայաստանից եկած <<Զարթոնք>> երգի-պարի համույթը սկսեց իր ելույթը՝պատերազմի այն ահեղ օրերից հետո, առաջին անգամ նվագի ձայն լսելով՝ գալիս էին գյուղի ներքին ու վերին թաղից, գալիս էին հերոս գյուղի զոհվածների հերոս երեխաներն ու այրիները, մեծերն ու փոքրերը, և նրանց աչքերում ուրախության ու հպարտության արցունքներ էին շողում: Նորից շարվեցին վաղուց իրար վրա դարսված աթոռներն ու սեղանը: Արդեն ավարտվել էր ծրագիրը, իսկ ծափերը չէին դադարում: Միասնական պարը շարունակվեց մինչև ուշ երեկո: Արծվիկի սանիկները պտտվում էին կնքահոր չորսբոլորը՝ գրպաններում ընկույզ, սկուտեղներում քաղցրավենիք ու միրգ հյուրասիրելու երեխաներին:

Ասես պարը շարունակում էին Քիրսը, Շիկաքարը, Կապի սարը, Շուշիի ժայռերը:

գնել Շահնազարյան