Ես փոքրիկիս ու ինձ համար խաղաղություն եմ ուզում…

Զրույց «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի ԼՈՌ բաժանմունքի վարիչ Արայիկ Ղարիբյանի հետ

-Երբ ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտ, Արցախյան պատերազմն արդեն սկսվել էր, ծանոթացա շարժման տղաների հետ: Բոլորը գիտեն՝ բժշկական ինստիտուտի տղաները առաջիններից էին, ովքեր կամավոր պատերազմական գոտի մեկնեցին՝ չվախենալով, որ կհեռացվեն ինստիտուտից (այն ժամանակ բացակայությունների համար բոլորին հեռացնում էին)… Նրանց մեծ մասը անդամագրվել էր «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, ուսանողներ կային դաշնակների շարքերում: Ուսանողական թիմը կարծես երկու թևի բաժանված լիներ. մեկը հասարակական-քաղաքական թևն էր, մյուսը՝ զինվորական… Միմյանց սատարում էին…

  -Դուք ո՞ր շարքերում էիք:

-Ես… ինձ երկրապահ չեմ համարում.  նրանց նման գիշեր-ցերեկ չեմ մասնակցել մարտական գործողություններին… Ղուկաս Ուլիխանյանը միշտ «խնայում էր» ինձ. կարճատեսություն ունեի… Դեռևս ուսանող՝ գնացի Երկաթգծի հիվանդանոց և որպես բուժակ ընդգրկվեցի վերակենդանացման բաժանմունքի անձնակազմի շարքերում… Ծանր վիրավորներ էին բերում…  Երբ ավարտեցի ինստիտուտը, նշանակվեցի նույն բաժանմունքում որպես հերթապահ բժիշկ:

Մասնակցել եմ վիրավորների տեղափոխման օպերացիաներին: Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին Երևանից բազմաթիվ բժիշկներ էին մեկնում Շուշի: Մայիսի 7-ի երեկոյան ես էլ մոտեցա Դարբինյանին (ռազմաբժշկական վարչության պետի տեղակալն էր), ասացի, որ ինձ էլ ուղարկեն: Չհամաձայնեց: Խնդրեցի: Հնար չեղավ: Այդ պահին մարդիկ ներս մտան ու ասացին, որ շտապ պատգարակներ են պետք… ու մեծ քանակությամբ…. Ասացի՝ մեքենա տվեք, գնամ, բերեմ. մեր ինստիտուտի քաղաքացիական պաշտպանության ամբիոնում տեսել էի… Մի շտապօգնության մեքենա տվեցին, վարորդի հետ տեղ հասանք, վերցրինք բոլոր 18 պատգարակները ու վերադարձանք… Պատգարակները հասցնելուց հետո Դարբինյանը համաձայնեց, որ ես էլ մեկնեմ Շուշի, բայց առավոտյան… Ոգևորված զանգեցի ընկերոջս՝ Արթուր Սարգսյանին (հիմա՝ տեր Սմբատ՝ Առինջի եկեղեցու հոգևոր հովիվն է դարձել), նա էլ պատրաստվեց, ու  առավոտյան հասանք Շուշի… Զոհեր… Վիրավորներ… Ուղղաթիռներով, Як-40 ինքնաթիռներով տեղափոխում էինք նրանց… Ես ու Արթուրը նույն ինքնաթիռում էինք.  ծանր վիրավորներ էինք տեղափոխում, ճիշտ է, արդեն վիրահատված, բայց օրհասական վիճակում էին… Երբ տեղ էինք հասել, իմացանք, որ ազերիների Su-27 կործանիչը մեր ետևից օդ բարձրացած Ղափանի՝ վիրավորներ տեղափոխող ուղղաթիռն էր խփել… Ես տեր Սմբատին միշտ ասում եմ.«Աստված գիտեր, որ դու իր սպասավորն ես դառնալու, դրա համար պահպանեց քեզ, ես էլ փրկվեցի, որովհետև կողքիդ էի»…

Պատերազմից չեմ վախեցել, իմ մահը չի վախեցրել ինձ, բայց ինձ անծանոթ զինվորի, կռվող հայի համար ցավել եմ հարազատի պես… Այդ օրերին էր, որ կայացրի ռազմական բժիշկ դառնալու իմ  որոշումը: Ուզում էի կլինիկական օրդինատուրան ռազմադաշտային վիրաբուժության գծով շարունակել  Լենինգրադում:  Չստացվեց, դիմեցի մեր բուհի կլինիկական օրդինատուրան՝ ընտրելով ԼՈՌ հիվանդություններ մասնագիտությունը: Վերակենդանացման բաժանմունքում դիմածնոտային լուրջ հրազենային վնասվածքներով վիրավորներ էին բերում, նրանց օգնելը  ինձ համար օրեցօր նպատակ էր դառնում: Երբ ավարտեցի կլինիկական օրդինատուրան, ինձ իր մոտ կանչեց Ղուկաս Ուլիխանյանը, որն այն ժամանակ բուժվարչության պետն էր, ու առաջարկեց ծառայության անցնել զինված ուժերում: Նշանակվեցի որպես սպա ռազմաբժշկական վարչության զորամասային բուժծառայության կազմակերպման բաժնում, 2 տարի ծառայել եմ այդ օղակում: Ես միշտ ասել եմ՝ բուժվարչության աշխատակիցների աշխատանքը բարդ է. շատերը կարծում են, որ լինելով Երևանում՝ առավելություն ունեն, բայց կասեմ հակառակը, մշտապես գործուղումների մեջ են, այսօր չգիտեն՝ որտեղ են լինելու վաղը…

-Ի՞նչ   էական եզրահանգումներ արեցիք ռազմաբժշկական վարչությունում աշխատելու տարիներին:

– Շատ կարևոր է, որ զորամասում հրամանատարը և զինվորական բժիշկը համագործակցեն՝ հօգուտ զինվորի առողջության պահպանման:  Ես տեսա՝ որքան բարդ է զորամասային օղակում ծառայող բժշկի վիճակը: Եթե հոսպիտալում կան տարբեր բաժանմունքներ, այդ բաժանմունքներում՝ համապատասխան մասնագետներ, ապա զորամասում նա միակն է՝ և՛ համաճարակաբան, և՛ թերապևտ, և՛ ուրոլոգ, և՛… ամեն ինչ՝ մի հոսպիտալի բուժանձնակազմ:

-Հետևաբար, զորամասային օղակում պիտի ծառայեն լավագույնները: Ինչպե՞ս է իրականում. գնում են ամենահմո՞ւտ բժիշկները, թե նրանք, ովքեր համաձայնում են ծառայել զորամասային օղակում:

  -Ձեր ասած «լավագույնները» ձգտում են հաստատվել հոսպիտալներում:

  -Հարցս վերաձևակերպեմ. զորամասում ծառայող յուրաքանչյուր ռազմական բժիշկ, որ կամավոր վերցրել է հայ զինվորի կյանքի ու առողջության պահպանման պատասխանատվությունը, լավագույններից  է…  Ի՞նչ խնդրանքով են երբևէ դիմել Ձեզ՝ որպես վարչության աշխատակցի:

  -… Բարդ է… Երբեմն հրամանատարին պիտի «համոզես», որ զինվորը հիվանդ է, և նրան բուժկետ կամ հոսպիտալ տեղափոխելը պարտադիր է… ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում իմ աշխատելու տարիներին վարչության պետի տեղակալը Գարիկ Հարությունյանն էր (ցավոք, արդեն մեզ հետ չէ…). հզոր տեղակալ էր՝ բարեխիղճ զինվորական, ազդեցիկ տղամարդ. նրա միջամտությամբ խնդիրը լուծվում էր… հօգուտ զինվորի… Այսօր էլ մեր ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը հետևողական է այդ և այլ խնդիրների լուծման հարցում. լուրջ մասնագետներ են ղեկավարում կառույցը: ՊՆ ռազմաբժշկական վարչության պետին՝ Կամավոր Խաչատրյանին, ճանաչում  եմ դեռևս ուսանողական տարիներից. նոր էր ընդունվել ինստիտուտ, երբ անդամագրվեց «Նիկոլ Դուման» ջոկատին, որիկազմում  մասնակցեց Արցախյան պատերազմի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

-Ե՞րբ որոշեցիք տեղափոխվել  բուժվարչությունից:

 –2000 թ. տեղափոխվեցի ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ. ուզում էի  որպես բժիշկ՝  իմ մասնագիտությամբ աշխատել, նշանակվեցի ԼՈՌ բաժանմունքում որպես օրդինատոր, բաժանմունքի վարիչը Ստեփան Գևորգյանն էր, ավագ օրդինատորը Մարիկա Բունիաթյանը. այսօր շատ հմտություններ, որոնք  կիրառում եմ, հենց նրանցից եմ սովորել: Ճիշտ է, առաջին օրերին ինքնավստահ չէի, 2 տարի չէի մտել վիրահատարան… Ուզում էի՝ վիրահատությունների ժամանակ կողքս գործընկերներիցս որևէ մեկը լիներ… Մի օր էլ, արդեն վիրահատությունը պիտի սկսենք, Ստեփան Գևորգյանն ասաց. «Դու գնա, սկսիր, գալիս եմ»… Գնացի, սկսեցի… բայց նա այդպես էլ չեկավ… բարեհաջող ավարտեցի, ու երբ դուրս եկա, տեսա՝ դռան ետևից հետևում էր ինձ: Մենակ էր թողել, որ, ի վերջո, սկսեմ ինքնավստահ աշխատել: Աշխատել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայում և զորացրվել որպես պահեստազորի կապիտան: Զորացրվելուց հետո եկել եմ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն և ղեկավարում եմ ԼՈՌ բաժանմունքը:

-Եղել եք և ռազմական բժիշկ, և քաղաքացիական. ո՞րն է տարբերությունը…

 -Երբ դու զինվորական բժիշկ ես, դու նաև զինվորական ես, երբ դու զինվորական ես, ապա պարտավոր ես շարժվել հստակ կարգուկանոնով: Երբ դու քաղաքացիական բուժծառայող ես, դու ազատ ես քո որոշումների, քայլերի մեջ. տարբերությունը դա է: Բայց քանի որ հոգով արդեն դաստիարակվել ես որպես զինվորական, կարգապահությունը ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում. մի պարզ օրինակ՝ ես միշտ 8.30 արդեն աշխատավայրում եմ… Մյուս կողմից բանակում պարտականությունների հստակ բաժանում կա. դա կարևոր է: Անկեղծ ասեմ, ես կարոտում եմ իմ բանակային գործուղումները, իմ զինվորական ընկերներին… Նրանք իմ կյանքի մի մասն են…

 – Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք հետագայում:

-Հատուկ վերապատրաստումներից հետո սկսեցի կատարել էնդոսկոպիկ վիրահատություն, քթի պլաստիկ վիրահատություն: Միայն ականջի միկրովիրահատություն չեմ արել: Ես չեմ կարող չնշել, որ այսօր  Հայաստանում կան վիրաբույժներ, որոնք լավագույնս կատարում են ականջի միկրովիրահատությունները՝ Արթուր Շուքուրյանը, Ռաֆայել Խանամիրյանը, Գարեգին Միրաքյանը: Մեր՝ Հայաստանի՝ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան ակտիվ է. ամեն ամիս ասոցիացիայի նիստ է լինում, ամեն տարի՝ միջազգային գիտաժողով, արտերկրից հրավիրվում են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցուցադրական դասախոսություններ են կարդում: Շուտով մենք կհյուրընկալենք մի մասնագետի, որ ռադիոալիքային վիրաբուժության վերաբերյալ 3 ցուցադրական դասախոսություն կկարդա (իհարկե վճարովի հիմունքներով):

Ես առհասարակ պրպտող մարդ եմ. մասնագիտական գրականություն թերթելով, համացանցում հետաքրքիր, ուսուցողական նյութեր դիտելով՝ իմ մտքում մի հետաքրքիր հարց առաջացավ, որն էլ դարձավ իմ թեկնածուական ատենախոսության թեման՝ «Քմային նշիկների կլինիկական և մորֆոֆունկցիոնալ բնութագիրը վահանաձև գեղձի առավել տարածված հիվանդությունների ժամանակ»:  2000 անուն գրականություն եմ ուսումնասիրել, և մի միտք, որ հայտնաբերեցի՝ վահանաձև գեղձը և քմային նշիկները էմբրիոնալ կյանքում զարգացել են նույն սաղմնային բջիջներից, կապը կա, պետք է լինի, ոչ միայն նշիկներն են ազդում վահանաձև գեղձի, սրտի, հոդերի, երիկամների  վրա, այլև մեր պարագայում վահանաձև գեղձն է ազդում նշիկների վրա: Բջջաբանական բարդ հետազոտություններ անցկացրի և ինձ հուզող հարցերի պատասխանները ստացա: Հանձնաժողովի 15 անդամներից 15-ը կողմ քվեարկեցին իմ աշխատանքին: Հաջորդ փուլը դոկտորականն է, բայց առայժմ չկա այն թեման, որ կոգևորի ինձ…

Եվ իհարկե, իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում այն բազմաթիվ հիվանդների համակրանքը, որոնք ինձ հարգում են, իրենց բարեկամն են համարում:

10 տարի նվիրել եմ բանակին ու չեմ ափսոսում: Շուտով  որդուս եմ բանակ ուղարկելու… Որդուս, բոլոր հայ զինվորներին ցանկանում եմ, որ խաղաղ ծառայեն, անփորձանք վերադառնան տուն…  Իմ ընկեր Մուրադ Մուրադյանը (զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս) մի տող էր միշտ արտասանում. «Ես փոքրիկիս ու ինձ համար խաղաղություն եմ ուզում…» (հատված էր բանաստեղծությունից): Նրա մահից հետո այդ տողը դարձավ մեր՝ Մուրադի ընկերների հիմնը, աղոթքը…

 

Էդիտա Մելքոնյան