Հայրաբար եմ նայել բոլոր զինվորներին

 «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի վիրաբույժների աշխատասենյակում քննարկում էր:

-Վերջերս մի եկեղեցի մտա. բակում մեծ ցուցանակ կար. «Մեկ կրոն՝ մեկ ժողովուրդ»… Բովանդակությունը բարկացրեց ինձ. ի՞նչ է նշանակում մեկ կրոն՝ մեկ ժողովուրդ… Ուզում են ասել՝ եթե հայը կաթոլիկ քրիստոնյա է կամ մահմեդական, իսկ մենք այսօր Թուրքիայում միլիոնավոր մահմեդական հայեր ունենք, Լեհաստանում, Ռուսաստանում հարյուրհազարավոր կաթոլիկ քրիստոնյա հայեր են ապրում, ուրեմն ինչ… նրանք հայ չե՞ն, մի ժողովո՞ւրդ չենք,- վրդովված հարցնում էր «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի անեսթեզեոլոգիայի բաժանմունքի վարիչ Մհեր Հարությունյանը:

 Երիտասարդ գործընկերը՝ վիրաբույժ Անդրանիկ Սարգսյանը, լուռ լսում էր:

 -«Ես հավատում եմ միակ ճշմարիտ Աստծուն և չեմ ընդունում աշխարհում ապրող բոլոր կրոնները»,- հիշեցի հայտնի ասույթը ու հարցրի նրան,- ուզում եք ասել՝ բոլոր կրոնները ձևական բնո՞ւյթ ունեն, որ էականը, վճռորոշը մարդկության պատմության մեջ ազգային պատկանելությո՞ւնն է:

-Ուզում եմ ասել՝ մենք պետք է համախմբվենք. միասին կլինենք հզոր, միասին կլինենք պահանջատեր, միասի՛ն կհաղթենք… Այսօր մենք նույնիսկ ազգային գաղափարախոսություն չունենք, բայց կուսակցությունների պակաս… նույնպես չունենք:  Ես 4 տարի որպես բժիշկ ծառայել եմ նավի անձնակազմում, 4 տարի նավարկել՝ Էստոնիայից դեպի մայրցամաքի մոտ ու հեռավոր ափերը, եղել եմ աշխարհի տարբեր քաղաքներում…

 -Համեմատե՞լ եք…

Բժիշկը գլխով հաստատեց:

-Շահե՞լ ենք…

 Նա ուղիղ նայեց ինձ ու պատասխանեց.

-Ո՛չ, մենք չենք շահել…

…Ուզում էի հակառակը լսել… հակադարձել չկարողացա… նա թվարկում էր…

 –Մենք մեր սխալը չենք ուղղում. մեզ շրջապատող «աղբը» չենք մաքրում… Բազմաթիվ կորուստներ ենք ունենում… Վերջին տարիներին մեր միակ հաղթանակը Արցախյան ազատամարտն էր, մեր ձեռքբերումը հայոց բանակի կազմավորումն էր: Իհարկե, Արցախյան հաղթանակի մասին մտածելիս հիշում եմ Շահումյանի չազատագրված տարածքները ու կորստի նույն ցավն եմ զգում:

Պատերազմի տարիներին մեզ՝ բժիշկներիս, խմբերով ուղարկում էին Արցախ՝ տարբեր ուղղություններով, բժշկական օգնություն էինք ցուցաբերում տեղի բնակչությանը, կռվող տղաներին: Իմ ամենաերկար գործուղումը երկու ամիս տևեց, Շահումյանում էր… 1991-ի աշնանը… ամենածանր ժամանակն էր Շահումյանի համար, երբ հայերին շրջապատող օղակը օրեցօր սեղմվում էր, երբ մարդկանց՝ ծերերին, կանանց  ու երեխաներին ահաբեկող պայթյունների, կրակոցների ոռնոցը չէր դադարում, երբ մարդիկ միայն մի երազանք ունեին… ապրել էին ուզում… ոչ մի ունեցվածք, տուն, կարողություն նրանց աչքին չէր երևում… Ժողովրդին  թույլ չէին տալիս դուրս գալ… Փողոցներում որբացած երեխաներ էին թափառում… որոնք կորցրել էին ծնողներին, քույրերին, եղբայրներին… ամեն ինչ… տուն, ընտանիք… Մի չգործող դպրոց կար. որբերին հավաքեցին այնտեղ… դուք պիտի նրանց աչքերը տեսնեիք, նրանց հայացքը… Տարիներ են անցել, մոռանալ չեմ կարողանում…

Երբ վիրավորներին տեղափոխեցինք Երևան, օրեր անց Շահումյանի մի մասը  ազերիների ձեռքն անցավ…  Որբացած երեխաների մասին ոչինչ չկարողացա պարզել… Մարդկանց մեծ մասը տեղափոխվել էր Կալինինգրադ կամ Ռուսաստանի մյուս քաղաքներում էին հաստատվել. նրանցից շատերի հետ մինչև այսօր կապը չի կտրվել. զանգում ենք, խոսում… Հարգանքով են հիշում այն բժիշկներին, որոնք լսել են իրենց ցավը ու հասկացել…

Մեծ մասամբ Էրքեջ, Վերիշեն, Ղարաչինար գյուղերում էի լինում… Տեղի բնակիչները անկեղծ, աշխատավոր մարդիկ էին. բոլորի հետ բարեկամացել էինք…  Հիշում եմ՝ մի տարեց եկավ, ասաց.

-Դոկտոր Մհերին եմ ուզում:

Պատասխանեցի՝ ես եմ:

-Դոկտո՛ր, ուզում եմ հյուրասիրել Ձեզ,- ուրախացած շարունակեց նա:

Ասացի՝ պետք չէ: Պնդեց…

-Լավ,- համաձայնեցի ես, որպեսզի չկոտրեմ հայրիկի սիրտը,- բայց պիտի մյուսներին էլ հյուրասիրես…

Մի օր էլ հղի բերեցին, պիտի կեսարյան հատում անեինք: Հարազատներից մեկը գոռգոռալով ասում էր.

-Եթե նրանց մի բան լինի, կսպանեմ ձեզ…

Մեր գինեկոլոգ Սաշան վիրահատեց… Երկուսի կյանքն էլ հնարավոր եղավ փրկել. երեխայի անունը դրեցին Սաշա…

Մենք օգնում էինք բոլորին: Նույնիսկ երբ վիրավոր էին բերում, մեզ համար նշանակություն չուներ՝ վիրավորը հայ է, թե ազերի. առանց վայրկյան կորցնելու սկսում էինք վիրահատությունը…

Իմ գործընկեր բժիշկներին, որոնցից շատերը այսօր, ցավոք, արդեն չկան, ես հիշում եմ կյանքիս բոլոր՝ թե ուրախ, թե տխուր օրերում… Նրանց մասին հուշերը իմ երակերում են… Բազմիցս մեկնել եմ Սերգեյ Հարությունյանի հետ. վիրաբույժ, որի մասին որքան էլ պատմես, քիչ կլինի՝ աննկարագրելի հայրենասեր, իր գործի անթերի գիտակ, նվիրյալ՝ ինքն իրեն մոռացած. որտեղ մի դեպք էր լսում, ասում էր՝ ես կգնամ… Այդպես էլ գնաց… 2000 թ. էր… Գնացին փրկելու վիրավորին (ուղղաթիռում երեք բժիշկ կար)… չվերադարձան…

…Մեկնել եմ երիտասարդ վիրաբույժ Վազգենի հետ (Էջմիածնից էր… նա էլ մահացավ…). տեղում բարդ վիրահատություններ էր անում…

 -Ե՞րբ եք տեղափոխվել ՀՀ ՊՆ զինվորական կայազորային հոսպիտալ:

1993-ին… Ես ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ ընդհանուր վիրաբուժություն և անեսթեզեոլոգիա մասնագիտությամբ, երկար տարիներ աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի անեսթեզիոլոգիայի բաժանմունքում, ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի կազմավորման առաջին  օրվանից ղեկավարել անեսթեզիոլոգիայի բաժանմունքը: Աշխատել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում:  Արդեն մի քանի տարի «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի անեսթեզեոլոգիայի բաժանմունքի վարիչն եմ:

Բանակում ծառայող զինվորի նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ յուրահատուկ է եղել.  հայրաբար եմ նայել բոլոր զինվորներին… Նրանք իրենց ծնողներից հեռու են և գուցե այդ պահին բժշկական միջամտությունից առավել մարդկային ջերմության, սիրո, հոգատարության կարիք ունեն… Ես էլ երեք որդի ունեմ, նրանք իմ հպարտությունն են. մեկը կենսաբանական գիտությունների թեկնածու է, մյուսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու (իր հայրենիքին օգտակար լինելու հզոր ձգտում ունի, ատոմային էներգետիկայի վերաբերյալ համարձակ ծրագրեր է ներկայացնում…), երրորդ որդիս զինվորական էր, զորացրվել է…  Ապրում ենք՝ ծառայելով   ազգին… Դա մեր կենսակերպն է, մենք  այդպես ենք ապրում…

 Բժշկին զանգեցին, խոսեց, անջատեց հեռախոսը, կանգնեց ու ասաց.

-Ներեցեք, մի ծանր հիվանդ ունենք, քիմիաթերապիա է ընդունում. վաղը վիրահատելու ենք… Պիտի գնամ, տեսնեմ՝ ինչ են ասում…

 Էդիտա Մելքոնյան