Բարի լույս, վստահ եմ, որ դուք այսօր ավելի լավ եք…

«Որդիս 23 տարեկան է, դուստրս` 16: Երբ հետադարձ հայացք եմ ձգում, հասկանում եմ` ժամանակը հոսել է, երեխաներս մեծացել են… ակնթարթի պես անցան տարիները: Հոսպիտալը դարձել է տունս, իսկ զինվորները`  տղաներս,  գրեթե իմ որդու տարեկիցներն են: Ամեն մեկի համար սիրտս տրոփում է: Հուզվում եմ, երբ զինվորների աչքերում կարոտ եմ տեսնեում… »

Եվ այսպես` արդեն  20 տարի…

Մերթ  զարմանալի անկեղծ ու վարակիչ ժպիտով, մերթ արցունքներից փայլող աչքերով իր աշխատանքի  մասին է պատմում  ՀՀ Պն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույր Էդմիլա  Աթանեսյանը:

Բաժանմունքում է ստեղծման օրվանից, իսկ շուրջ 15 տարի զբաղեցնում է ավագ բուժքրոջ պատասխանատու պաշտոնը…

Մտնում եմ սենյակ, կրկին նույն պայծառ ժպիտով հրավիրում է նստելու:

-Նստիր իմ տեղը, կզգաս ավագ բուժքրոջ աթոռի ծանրությունը.

Ժպտում եմ և ես` թող մի քանի րոպե ավագ բուժքույր լինեմ:

Զրուցում ենք` անկաշկանդ, վաղուց իրար ճանաչող հարազատի ջերմությամբ…

Էդմիլա Աթանեսյանը  ծնվել է 1970 թվականին` Նախիջևանում: Ծննդավայրում  հայկական կրթօջախ չկար, իսկ  ավանդույթներին ամուր կառչած հայ  ընտանիքը չէր կարող թույլ տալ, որ երեխաները հեռանան արմատներից:  Ծնողների որոշմամբ`  7 տարեկանից տատիկի հետ ապրել է Սումգայիթում, որ կարողանա հայկական դպրոց հաճախել:

Թիվ 11  միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է  Սումգայիթի բժշկական ուսումնարանում:

1988 թվականն էր. փետրվարը…

Ճակատագրական օրվա նույնիսկ աննշան թվացող դրվագները զարմանալիորեն դաջվել են հիշողության մեջ…

«Այդ օրն անգամ  եղանակը տարօրինակ էր:  Կարծես պատրաստվում էր ինչ-որ  արտառոց բանի: Սուր, սառը քամի էր»:

Որպես առաջին կուրսի ուսանողուհիներ` ժամանակ առ ժամանակ մասնակցում էին շտապօգնության կանչերին` նաև գործնական գիտելիքներ ձեռք բերելու համար: Այդ օրն էլ` վաղ առավոտյան, ներկայացավ:

– Դու ինչու ՞ ես եկել

Հարցնողը բժիշկն էր, ով գիտեր իր ազգությունը:

-Եկել եմ, որ սովորեմ,- երեխայի պարզությամբ պատասխանեց   առաջին կուրսի ուսանողուհին

-Խոսակցություններ եմ լսել, որ այսօր հայերին կոտորելու են,- շարունակեց  բժիշկը:

«Գործածեց  հենց կոտորել բառը… ես էլ կենսուրախ, համարձակ, կայտառ աղջիկ էի,  մի փոքր էլ վայրի բնավորություն ունեի, նույն զվարթ տոնով  ասացի, որ ոչ մի բանից չեմ վախենում»,-հիշում է զրուցակիցս ու շարունակում.

«Բժիշկներն անհանգիստ էին, անընդատ խոսում էին… երբեմն  հատվածներ էի լսում խոսակցությունից: Նրանցից մեկի ձայնը հասավ ականջիս.  ասում էր`  այս երեխան չի հասկանում.. ինչու՞ են ծնողները թույլ տվել դուրս գալ տնից»:

Երբ գրանցվեց առաջին կանչը,  ինքն էլ ցանկություն հայտնեց մասնակցելու: Հետո պետք է իմանար, որ կանչը հենց այն  թաղամասից էր, որտեղից սկսվել էր հայերի  ջարդը:

«Հսկայական ամբոխ էր հավաքվել: Մինչև հիմա հիշում եմ դեմքերը. երկար մազերով, չսափրված երիտասարդներ էին: Ձեռքներին զենք չկար, բայց զինված էին  փայտերով  ու  երկաթե ձողերով: Ես  չէի պատկերացնում, թե  ինչ կարող է լինել: Երբ շատ առաջացանք, բժիշկը շրջվեց, ասաց` եթե հարցնեն ազգությունդ, ասա, որ լեզգի ես: Չհակաճառեցի: Օղակը սեղմվեց,  և  ամբոխն աղմուկով շրջափակեց շտապօգնության մեքենան: Հարցրեցին`   հա՞յի կանչի եք գնում, հայ ունե՞ք ձեր մեջ  և սկսեցին մեքենան հետ  հրել: Շտապօգնության բժիշկն ասաց` արի ես քեզ տուն հասցնեմ: Ինձ բերեցին մեր թաղամաս և ասացին`   երբ  տուն մտնեմ,  լույսը վառեմ, որ հասկանան` հասել եմ: Խոհանոցի լույսը վառեցի:  Դրանից հետո երբեք չեմ  հանդիպել նրանց»

Այդ գիշեր քնել էր  դանակը բարձի տակ` ձեռքերով ամուր սեղմած, որպեսզի հարկ եղած դեպքում գոնե կարողանար հարձակվողներին վնասել, տատիկին ու քրոջը պաշտպանել:

Այդ օրվա տեսածն ու զգացածը հավերժ դաջվելու էին հիշողության մեջ. Ճանապարհին նկատել էր, թե ինչպես էին հայկական թաղամասում շենքերի  պատուհաններից մահացածներին և կահույքի մասերը ցած նետում: Հայերի ունեցվածքը այրում էին կրակի վրա: Քիմիայի ուսուցչուհին այդ թաղամասում էր ապրում,  և միայն տարիներ հետո իմացավ, որ ուսուցչուհու աչքի առաջ անմարդկային տանջանքների էին ենթարկել  հղի հարսին: Ուսուցչուհին հոգեկան խանգարում էր ստացել:

Մի քանի օր անց, ինչպես հիշում է զրուցակիցս,   բոլոր հայերին հավաքել են, հայտարարել,  որ  32 մարդ մահացել է: Մինչդեռ թիվը հասնում էր 300-ի:

Հենց այդ օրվանից հայերը սկսել են լքել քաղաքը: Կառավարությունը պնդում էր, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և վստահեցնում, որ   խաղաղություն է լինելու: Մարդկանց մի որոշակի հատված հավատաց Բաքվի խոստումներին:  Այդ թվում` իր հայրը: Սակայն  ընդամենը երեք օր անց հայաթափվեց Նախիջևանը:  Միակ փրկությունը օր առաջ հայրենիք հասնելն էր.

«Մենք գնացքով էինք գալիս Հայաստան: Հիշում եմ`  ինչպես առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան: Հայերեն, իհարկե, Սումգայիթում էլ էինք խոսում, սակայն երբ բոլորն են խոսում, դա այլ զգացողություն է: Հիշում եմ`  մորեղբայրս պետք է գար մեզ դիմավորելու:  Փորձում էինք  նրան  գտնել, այդ պահին մեկը մոտեցավ մեզ ու ասաց`  ախպեր ջան, ու՞ր ես գնում: Ես առաջին անգամ զգացի այդ բառի քաղցրությունը: Այդ քաղցր ձայնը հիմա չեմ կարողանում գտնել մարդկանց մեջ : Հիմա այդ   «ախպեր ջան»-ը նույն քաղցրությամբ չի հնչում»:

Զրուցակցիս աչքերում կարոտ կա. ծննդավայրի կարոտ, հողի կարոտ. Աչքերը կրկին թացանում են.

«Շատ եմ կարոտում իմ ծննդավայրը: Ես միշտ ասել եմ` եթե երբևիցե  Նախիջևանն ազատագրենք, ես  ոտքով եմ հասնելու իմ ծննդավայր` ուխտագնացության պես:  Գնալու եմ  հողը գրկեմ, հոտ քաշեմ: Մեր հողից ուրիշ հոտ էր գալիս»:

Էրեբունիի բժշկական ուսումնարանը ավարտելուց հետո ամուսնացել է, ապա աշխատել  4-րդ մանկական հիվանդանոցում`  որպես բուժքույր:

1994 թվականին կազմավորվեց զինվորական հոսպիտալը: Էդմիլա Աթանեսյանը ներկայացավ և ցանկություն հայտնեց աշխատանքի անցնել  վերակենդանացման բաժամունքում, սակայն  բոլոր տեղերն զբաղված էին: Առաջարկեցին այլ բաժանմունք: Անդրվելի էր: Ժամանակավոր ընդունեցին վիրաբուժության  բաժանմունք.

«Կյանքս փոխվեց: Դա ամենածանր շրջանն էր: Մարտի դաշտից ծանր վիրավորներ էին բերում: Ես հիշում եմ մի տղայի`  Արթուր էր անունը: Խնդրեց`  զանգահարեմ մորը և ասեմ, որ հոսպիտալում է: Թղթի վրա համարն էր գրում և հանկարծ աչքիս առաջ մահացավ…»

Արդեն 2 տասնյակ է` աշխատում է վիրաբուժության բաժանմունքում` անմնացորդ նվիրումով ու սիրով:

«Վիրաբուժության բաժանմունքը նվիրում է պահանջում: Այստեղ շփվում ես վիրահատության կարիք ունեցող մարդկանց հետ:  Եվ քո ջերմությունն այնքան շատ պետք է լինի, որ հիվանդներն իրենց վստահելի ձեռքերում զգան, հավատան, որ բժիշկները ջանք չեն խնայում իրենց բուժելու համար: Ամեն մի հիվանդ` շարքային զինվոր, սպա, զինծառայողի ընտանիքի անդամ,   թե քաղաքացի,   անհատական մոտեցում,   քնքշանք ու ուշադրություն է պահանջում: Այդուամենայնիվ, յուրաքանչյուր հիվանդին  ժպիտ է պետք…  երբ  առավոտյան  հիվանդասենյակի դուռը բացում եմ և ասում`  բարի լույս, վստահ  եմ, որ դուք այսօր ավելի լավ եք, պետք է տեսնեք, թե ինչ  պայծառացած  դեմքերով են դիմավորում: Պիտի ժպիտով տաքացնես հիվանդին»:

Զրուցակիցս չի ժխտում, որ զինվորների հետ լեզու գտնելն այդքան հեշտ չէ:

«Նույնիսկ նույն  ընտանիքում մեծացող երեխաները կարող են միանգամայն  տարբեր լինել:  Պատկերացրեք` որքան դժվար է, երբ նրանք բոլորը տարբեր ընտանիքներից են»:  

 

Հոգատարությունից ու մայրական ջերմությունից զատ` ավագ բուժքույրը կարևորում է նաև զգոնությունը:

«Չափազանց ուշադիր ենք: Անընդհատ հետևում ենք, թե հիվանդասենյակներում ինչ է կատարվում:  Տղաներից մեկը հանգիստ է, մյուսը բռնկուն, մեկ ուրիշը` մտահոգ, անհանգիստ, ընկճված…   Պիտի կարողանաս խաղաղեցնել բոլորին, թույլ չտաս, որ տարաձայնությունները վերաճեն կոնֆլիկտի»:  

Իսկ մասնագիտությունը համարում ի վերուստ տրված կոչում.

«Ես  հպարտ եմ իմ  կոչումով: Երկար տարիներ են անցել, մազերս  սկսել են ճերմակել, աշխատանքս հեշտ չի եղել,  բայց ոչ մի վայրկյան չեմ զղջացել իմ ընտրության համար, չեմ զղջացել այն մեծ սիրո համար,  որ նվիրել եմ հիվանդերին»:

 

Հասմիկ Գյոզալյան