Թիմային աշխատանքը` հաջողության երաշխիք

Թիմային աշխատանքը` հաջողության երաշխիք

Զանգեզուրի կայազորային հոսպիտալում մեզ հյուրընկալեցին հարազատի ջերմությամբ: Մի քանի օրով դարձանք այդ համերաշխ ու մեծ ընտանիքի անդամները: Ընտանիք, որտեղ հոգատարություն ու սրտացավություն կա յուրաքանչյուր զինվորի ու քաղաքացու նկատմամբ…

Հոսպիտալի տաքուկ ու խաղաղ հարկի տակ ջերմությունն այնքան առատ էր, որ… հետո դժվար էր հեռանալը:

Անձնակազմի` աշխատանքին անմնացորդ նվիրվածության շնորհիվ հոսպիտալն աննախադեպ հաջողություն է ունեցել. 3 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը:

Միջանցքներում պատահականությամբ ընտրված ցանկացած զինվոր ու քաղաքացի հիացմունքի խոսքեր էր ասում բժիշկների և բուժքույրերի մասին` առաջին տեղում նշելով վստահությունը. ո՞րն է գաղտնիքը…

Մեր զրուցակիցը Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Դանիել Մկրտչյանն է.

– Պարոն փոխգնդապետ, 3 տարի անընդմեջ Զանգեզուրի կայազորային հոսպիտալը ճանաչվել է լավագույնը: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

-Հաջողությունը պայմանավորված է նախևառաջ թիմային աշխատանքով: Մեր անձնակազմն աշխատում է «մեկը բոլորի, բոլորը` մեկի համար» սկզբունքով: Հոսպիտալի նախկին պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանի ջանքերով մեծ աշխատանք է կատարվել, նկատելի առաջընթաց ենք ունեցել: (Ես այդ ժամանակ բուժգծով տեղակալ էի): Կարողացանք համախմբել անձմակազմին և դաստիարակել մի կարևոր գաղափար. մենք ունենք գերագույն խնդիր` հիվանդին առողջություն պարգևել: Նաև զինվորական կառույց ենք և դրանով պայմանավորված` ունենք այլ պարտականություններ ևս, որոնցից մեկը սպա բժշկի մարտական պատրաստականությունն է: Գոյություն ունեն մարտական պատրաստվածության աստիճաններ, չափանիշներ, որոնց պետք է համապատասխանենք: Կարողացանք հաջողության հասնել նաև այդ առումով: Ունենք անձնակազմ, որը կարողանում է լավ կրակել, լավ քայլել, լավ բուժել (ժպտում է ) … և դարձանք լավագույնը: Միակ գաղտնիքը թիմային աշխատանքն է:

-Այս օրերի ընթացքում անհնար էր չնկատել աշխատակիցների փոխադարձ ջերմությունը …ամբողջ անձնակազմը մի ընտանիքի նման է: Ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան:

-Դժվար է հասնել նրան, որ անձնակազմի շրջանում փոխադարձ նվիրվածություն լինի, բայց մեզ հաջողվել է: Իհարկե, կատարյալ ոչինչ չկա: Կան նաև թերություններ: Այս առումով էլ, կարելի է ասել, որ հաջողությունը մեծապես պայմանավորված է թիմային աշխատանքով: Կարևորում եմ նաև հրամանատարության կողմից տարվող աշխատանքը` միաժամանակ թե´ կոլեկտիվի, թե՛ առանձին անհատների հետ: Այսինքն` ես աշխատում եմ բաժանմունքների հետ` որպես առանձին միավոր, դիցուք` ժողով եմ հրավիրում բաժանմունքներից միայն մեկի աշխատակիցների համար, իրենք խոսում են իրենց թերությունների, ձեռքբերումների մասին: Լսում եմ առաջարկները, ներկայացնում իմ տեսակետը: Սակայն, հնարավոր է նաև` գնամ բաժանմունք և աշխատողներից մեկին կանչեմ առանձնազրույցի: Այսինքն` կատարվում է նաև անհատական աշխատանք:

– Անցած օրերի բացահայտումներից էր նաև Ձեր և Ձեր աշխատակիցների միջև ընկերական ու ջերմ հարաբերությունները…

 

-Բացահայտեմ գաղտնիքը. կա հին, խորհրդային մի կարգախոս` բաժանիր, որ տիրես, և կան ղեկավարներ, որոնք այսօր, ցավոք, այդ սկզբունքով են առաջնորդվում: Իմ սկզբունքը, մոտեցումը հետևյալն է. պետք է աջակցել, որ կոլեկտիվը միասնական լինի: Եթե աշխատում ես համախմբելով, թիմ ստեղծելով, մարդկանց բացահայտելով, չկաշկանդելով, հաջողությունն անխուսափելի է: Չկաշկանդելու դեպքում` ավելի արդյունավետ են աշխատում: Ես, իհարկե, նաև հետևում եմ բոլորին` իմ պաշտոնից ելնելով: Դրական հատկանիշներն առանձնանցում եմ, վերջապես նաև ճանաչում եմ մարդկանց: Իմ աշխատասենյակի դուռը միշտ բաց է բոլորի առջև: Որտեղ կա ազատ, բաց քննարկում, կա նաև շահած գործ:

-Հոսպիտալի` վերջին տարիների ձեռքբերումներից որո՞նք կառանձնացնեք` տեխնիկական հագեցվածության առումով:

 

– Հագեցվածությունը բավարար է: Զինվորական բուժծառայության մեջ, ի տարբերություն քաղաքացիականի, գոյություն ունի սպասարկման էտապայնություն` այսինքն` մարտի դաշտում զինվորների ինքնօգնությունից և փոխօգնությունից մինչև որակավորված բժշկական օգնություն: Մենք համարվում ենք որակավորված բժշկական օգնության օղակ և այդ օղակին համապատասխան` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հոսպիտալը հագեցված է: Վերջին շրջանում ձեռք ենք բերել իմունաֆերմենտային անալիզատոր, ժամանակակակից սոնոգրաֆիկ ապարատ, վիրահատական միջամտությունների համար նախատեսված հարմոնիկ դանակ:

-Մեր ռազմաբժշկական ծառայությունը դժվարին պայմաններում է ստեղծվել, բայց կայացման օրինակելի ճանապարհ է անցել: Ի՞նչ փուլում է այն այսօր: Խոսենք արդի վիճակի մասին…

 

-«Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով` հոկտեմբերին կայացած գիտաժողովին մասնակցում էին այնպիսի պետությունների ներկայացուցիչներ, որոնց բուժծառայությունը հարյուրամյակների պատմություն ունի: Մեր բուժծառայությունն ընդամենը 22-23 տարեկան է, բայց լիովին կազմակերպված է` մանրամասն ու մանրակրկիտ` խրամատներում զինվորների ինքնօգնությունից և փոխօգնությունից մինչև մասնագիտացված բուժօգնություն: Շատերը զարմանում էին, թե ինչպես կարող է 2 տասնամյակի պատմություն ունեցող բուժծառայությունն այսքան կազմակերպված լինել: Իհարկե, ցավոք, դա նաև պայմանավորված է այն փաստով, որ պատերազմի թոհուբոհում է ձևավորվել: Եթե հիշում եք, գիտաժողովի ամփոփման ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչն էլ խոսեց այդ մասին: Այն, ինչ ուրիշ երկրներում դասագրքերում են կարդացել, մենք անցել ենք այդ ճանապարհը: Այսօր մեր բուժծառայությունում իրենց մեծ ավանդն ունեն այն բժիշկները, ովքեր պատերազմ են անցել և իրենց փորձն են փոխանցում երիտասարդ սերնդին:

– Հոսպիտալում գտնվելու օրերին նկատեցինք, որ բացի զինվորականներից, այստեղ բուժվում են նաև քաղաքացիներ: Շատերի հետ զրուցեցինք, հիմնականում ասում էին, որ հոսպիտալի բժիշկներին ավելի շատ են վստահում: Ինչ եք կարծում` ի՞նչն է այդ ընտրության հիմքում:

-Ընտրության հիմքում առաջին հերթին որակյալ բժշկական օգնություն ստանալու ցանկությունն է: Մյուս հարցերը երկրորդական են: Ցանկացած մարդ երբ դիմում է բժշկի, առաջին հերթին պետք է վստահ լինի, որ որակյալ բուժօգնություն կստանա:

-Զինվորական բժշկությունը, թերևս, կարելի է համարել ամենաբարդ մասնագիտություններից մեկը, ավելի ճիշտ` 2 բարդ մասնագիտությունների համատեղում: Գիտեմ, որ դժվարությունները շատ են: Ո՞րն է ամենամեծ դժվարությունը:

-Մեր աշխատանքում ոչինչ հեշտ չէ: Ամեն ինչ դժվար է, բայց հաղթահարելի: Պետք է պարզապես նպատակասլաց ու հետևողական աշխատանք տանել:

-Խոսեցինք «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտաժոովի մասին: Խոսենք նաև դրա կարևորության մասին: Ի՞նչ տվեց…

-Նախ նշեմ, որ գիտաժողովն իր ծավալով բավական մեծ էր: Ամենակարևորը` ընդգրկված էր մեր ռազմաբժշկական ծառայությունն` իր ողջ ծավալով` զորամասային օղակ, ռազմաբժշկական ֆակուլտետ, հոսպիտալներ : Նման ծավալի միջոցառումը մեզ համար մեծ ձեռբերում է: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ միջազգային փորձի փոխանակման հնարավորություն ընձեռվեց: Տարբեր երկրներից ժամանած մասնագետները ներկայացրին իրենց մոտեցումները, արդյունքում` վերլուծելու, համեմատելու, քննարկելու նյութ կուտակվեց:

-Ի՞նչ եք կարծում` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեծումն անհրաժեշտությու՞ն էր…

-Այո, անհրաժեշտություն իսկապես կար: Ռազմաբժշկական զորամասերը` ռազմաբժշկական ֆակուլտետից, ֆակուլտետը զորամասերի բուժծառայությունից, զինվորական բժիշկները քաղաքացիական բժիշկներից տարանջատված էին: Իսկ այժմ կա մի միջավայր, որտեղ բոլորս կարող ենք համախմբվել: Բոլոր օղակները կապող կառույց է:

– Եվ վերջին հարցը` ո՞րն է զինվորական բժշկի համար ամենակարևոր ձեռքբերումը:

 

-Առհասարակ, յուրքանչյուր բժշկի համար գերագույն նպատակն ու ամենակարևոր ձեռքբերումը հիվանդի բուժումն է, իսկ զինվորական բժշկի համար` նաև շարք վերադարձնելը:

Հասմիկ Գյոզալյան

  • unnamed (15)