Երբ դժվարություններն օրինաչափ են…

Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասի(Կապան) բուժկետի պետ, բուժծառայության պետի պաշտոնակատար, բ/ծ կապիտան Սևակ Ղազարյանը ծնվել է 1986 թվականին Արթիկում:

2004-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ:

Ւնտերնատուրան ավարտել է 2011 թվականին և ծառայության անցել Էջմիածնի զորամասում` որպես բժիշկ-մասնագետ: 2013 թվականից ծառայում է այս զորամասում.

Սևակ Ղազարյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, բուժապահովման կազմակերպման առանձնահատկությունների, առօրյա աշխատանքների և այլ հարցերի շուրջ.

-Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը: Ինչո՞վ է այն առանձնահատուկ և ի՞նչ տարբերություններ կան ` համեմատած քաղաքացիական բժշկության հետ:

 

– Ընտանիքում և հարազատներիս շրջանում զինվորականներ և բժիշկներ չկան, բայց ես միշտ մեծ հետարքրքություն եմ ունեցել բժշկի մասնագիտության հանդեպ, ինչպես նաև զինվորական գործի: Երբ ընտրության պահը եկավ, երկու նախասիրություններս համատեղեցի և ընտրեցի զինվորական բժշկի մասնագիտությունը: Այսօր վստահ կարող եմ ասել, որ գոհ եմ այդ ընտրության համար: Զինվորական բժշկությունն, անշուշտ, տարբերվում է քաղաքացիականից: Իսկ տարբերությունները բավական շատ են: Այստեղ` զորամասային օղակում, բժիշկներս բոլոր հիվանդությունների հետ գործ ունենք, իսկ քաղաքացիական բժիշկներն աշխատում են ըստ իրենց նեղ մասնագիտության: Բացի դրանից` այստեղ կարծում եմ` պատասխանատվությունն ավելի մեծ է: Մեր հիվանդները զինվորներ են` 18 տարեկան պատանիներ, ովքեր նաև հայրենիքի պաշտպան են: Դրանով ամեն ինչ ասված է: Մեկ տարբերություն ևս կցանկանայի առանձնացնել. քաղաքացիական բուժհիմնարկում կարող է լինել թիմային աշխատանք, այսինքն` եթե որևէ խնդիր լինի, կարող ես դիմել ինչ-որ մեկի, իսկ այստեղ դու ես և քո անձնակազմը: Այս ամենով հանդերձ` ուզում եմ շեշտել, որ քաղաքացիական բուժհիմնարկը միշտ մեր կողքին է: Անհրաժեշտության դեպքերում դիմում ենք նաև քաղաքացիական բուժհաստատություն, քանի որ մինչև Զանգեզուրի կայազորային հոսպիտալ ճանապարհը բավական երկար է:

– Ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքները և գործնական պարապմունքները բավարա՞ր են` անմիջապես ծառայության անցնելու համար:

 

-Այո, բավարար են: Մենք մեկ տարի էլ ինտերնատուրայում ենք սովորում, որը լրացուցիչ գիտելիքներ և փորձառություն է տալիս:

-Մինչ ձեր զորամաս այցելությունս, եղել եմ միայն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի բուժկետերում: Ինչպե՞ս է այստեղ կազմակերպվում բուժապահովումը:

-Ի տարբերություն սահմանային զորամասերի` մենք գումարտակներում բուժկետեր չունենք` բացառությամբ զրահատանկային գումարտակի:

– Այդ դեպքում գումարտակներում ի՞նչ եղանակով է կազմակերպվում բուժապահովումը:

 

– Կրկին մեր ջանքերով: Օրվա կարգացուցակով ժամը 16: 00- 18: 00-ը նշանակված է ամբուլատոր ընդունելության ժամ: Վաշտերում ամեն առավոտ առողջական խնդիր ունեցող զինծառայողները գրանցվում են հիվանդների գրանցման մատյանում և համապատասխան ժամին ներկայանում են բուժկետ` ամբուլատոր ընդունելության: Երբ կան համապատասխան գանգատներ, բնականաբար անմիջապես ընդունում ենք` առանց ժամային սահմանափակումների` թեկուզ գիշերը:

 

-Հետաքրքիր է` լինու՞մ են դեպքեր, երբ առողջական խնդիր ունեցող զինծառայողը, խուսափում է ներկայանալ բուժկետ:

-Իհարկե, նման դեպքերը ևս բացառված չեն: Եղել են զինծառայողներ, որ մի քանի օր բուժում են ստացել և այլևս չեն ներկայացել բուժկետ, բնականաբար, նման դեպքերում մենք ենք կանչում:

-Հիմնականում ի՞նչ գանգատներով են դիմում: Կա՞ն արդյոք տարածքային առանձնահատկություններ: Մեղրիում, օրինակ, նկատեցի, որ ավելի շատ տարածված էին վերքերը:

-Բնական է, այնտեղ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում, մի փոքր ավելի շատ են շփվում հողի հետ, մաշկային հիվանդությունները կարող են ավելի շատ լինել: Այստեղ առանձահատուկ հիվանդություններ չկան: Հենց այս պահին զորքը ֆլյուրագրաֆիա է անցում, թոքաբորբի դեպքեր էլ չեն հայտնաբերվել: Ունենք մի քանի հիվանդներ` սուր շնչառական հիվանդություններով, որոնք սեզոնային բնույթ են կրում:

-Բռնկումներ եղե՞լ են Ձեր ծառայության ընթացքում:

-Այո, անցած ձմռանը սուր չնչառական հիվանդությունների բռնկումներ եղել են ամբողջ բանակում: Զորամասի հրամանատարի հրամանով ռեժիմասահմանափակման միջոցառումներ են իրականացվել: Պատշաճ կարգով կազմակերպվել են նաև մյուս միջոցառումները: Նման դեպքերում ըստ անհրաժեշտության նաև առանձին հիվանդասենյակ ենք ծավալում:

-Ինչպե՞ս կբնութագրեք բժիշկների և զինվորների միջև փոխհարաբերությունները: Նկատել եմ, որ հիմնականում ջերմ են…

 

Ջերմ են և բնական է այդ ջերմությունը: Սպաների հետ փոխհարաբերությունները կարծում եմ` ավելի կանոնագրքային են: Մեր հարաբերությունները փոքր-ինչ տարբերվում են, քանի որ գործ ունենք առողջական խնդիրներ ունեցող զինվորների հետ:

– Առօրյա աշխատանքների ընթացքում հիմնականում ի՞նչ դժվարություններ են ծագում:

 

– Մեր բուժկետը տիպային է և հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով: Լուրջ դժվարությունների առաջ դեռ չենք կանգնել: Միակ խնդիրը եղել է ատամնաբուժական բազկաթոռի հին լինելը, սակայն շուտով այդ խնդիրն էլ կլուծվի: Մյուս դժվարություններն օրինաչափ են, այդպես էլ պիտի լիներ : Բժշկի մասնագիտությունն է այդպիսին:

Հասմիկ Գյոզալյան