Մեր սերունդը հաղթել է սիրում

ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքում մեզ մոտեցավ Գևորգ Զալմյանը՝ կիրթ, համակրելի մի երիտասարդ. ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը՝ տնտեսագետ-քաղաքագետ մասնագիտությամբ՝ վերադարձել է Հայաստան և անցել պարտադիր զինվորական ծառայության: ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում վիրահատել են ծունկը, հետվիրահատական բուժումը դեռ չի ավարտվել:

-Առավոտյան վաղ եմ արթնանում,-պատմեց Գևորգը,- իջնում եմ երկրորդ հարկ (հոսպիտալի մատուռը այնտեղ է գտնվում), տեր Սամուելը արդեն եկած է լինում, մյուս բաժանմունքներից էլի հիվանդներ են գալիս, և ժամերգությունը սկսվում է: Երկրորդ ժամերգությունը երեկոյան է լինում, էլի իջնում եմ: Խաղաղվում եմ… բարկությունս անցնում է…

Ինչի՞ց ես բարկանում:

-Ուզում եմ վերադառնալ զորամաս, կրկին անցնել ծառայության, անել ավելին… հիվանդությունը խանգարում է: Հասկանում եմ, որ ժամանակավոր է. օրերն եմ հաշվում՝ երբ է հիվանդության «ժամանակը» լրանալու… Բաժանմունքի բուժքույրերը, բժիշկները դարձել են հարազատի նման. ամեն օր տեսնում ենք նրանց, արդեն սովորել ենք նրանց ուշադրությանը, նրանք էլ մեզ են սովորել. որևէ մեկին չեն անտեսում, մեկի կամակորությունն են հանդուրժում, մյուսի տրամադրությունն են փորձում բարձրացնել… Մեկին սաստում են , մյուսին ՝ ոգևորում:

Հոսպիտալի բժիշկները յուրահատուկ են: Մատուռում ես ծանոթացա մի բժշկի հետ՝ անունը Արտաշ է, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ: Իր ներկայությամբ ինձ ուժ տվեց, իր խորհուրդներով փոխեց իմ կյանքը: Մի անգամ ասաց՝ ճիշտ ապրել նշանակում է ապրել այնպես, ինչպես Աստվածաշունչն է պատվիրում… Մինչ այդ ես իմ պատկերացումներն ունեի «ճիշտ» ու «սխալ» բառերի մասին… Ապրում էի, ինչպես ես էի ճիշտ համարում:

Գիտեք՝ մեր տարիքի տղաները չեն սիրում, երբ իրենց խրատում են, բայց բժիշկ Արտաշը իր կյանքով լի, ուրախ բնավորությամբ մեզ ձգում է…

Ի՞նչ է ազգանունը:

-Մենք նրան անունով ենք դիմում,-պատասխանեց Սարգիս Հովակիմյանը,- երբ ծանոթացանք, ասաց՝ անունս Արտաշ է, իմացեք՝ ձեր ընկերն եմ… կօգնեմ, ինչով կարողանամ… Ապրել հավատալով՝ սա է նրա ամենաառաջին խորհուրդը. երբ հավատում ես, չես հանձնվում, հաղթում ես… Մեր սերունդը հաղթել է սիրում:

Էդիտա Մելքոնյան