Ամեն վայրկյանը պայքար էր

Պատմում է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի պետ Մհեր Հարությունյանը:

Իմ ծառայությունը անեսթեզիոլոգիական վերակենդանացումն էր, որը պարտադիր պահանջներ է ներկայացնում՝ դեղորայքի, սարքավորումների, առանց դրանց անհնար էր վիրավորին, հիվանդին վիրահատելը: Շրջափակման, պատերազմի տարիներին դժվար էր հայթայթել դրանք, այն էլ այդքան մեծ քանակությամբ, բայց անում էինք հնարավոր ամեն ինչ հիվանդին, վիրավորին չկորցնելու համար: Անզգայացնող դեղամիջոցներին փոխարինող տարբերակներ էինք կիրառում՝ ռիսկի գնալով, միայն թե վիրավորը ողջ մնար: Վիրահատությունը սկսվում էր անզգայացումից, այսինքն, իմ աշխատանքից. իմ աշխատանքը զրո կդառնար, եթե բուժօգնությունը լիարժեք չլիներ: Ռազմադաշտային վիրահատարաններ միայն Քելբաջարում ստեղծվեցին, մյուս գոտիներում վիրահատություններն իրականացնում էինք կամ մոտակա զորամասի վիրահատարանում, կամ… տանկի վրա էլ ենք վիրահատել…

Ինքներս մեզանից երբեմն անհնարինն էինք պահանջում՝ փրկել… Որոշ վիրավորների ուղղաթիռներով, մեքենաներով տեղափոխում էինք Երևան: Այդ օրերին քաղաքային հիվանդանոցներում տեղ ու դադար չկար, ամեն օր վիրավորներ ու զոհեր էին բերում՝ բոլորն էլ երիտասարդ…

Ամեն վայրկյանը պայքար էր՝ կյանքի ու մահվան…

Մեր վիրավորներից էին Բեկոր Աշոտը, Ցվետանա Պասկալևան: Երեկոյան, երբ Ցվետանային արդեն վիրահատել էինք, բաժանմունքի վարիչն ասաց, որ չտեսնված ֆիլմեր ունի պատերազմի մասնակիցների, դրվագների մասին… Ուշ ժամ էր, վիրահատություն չունեինք, հավաքվեցինք, սկսեցինք դիտել դրանք… Պիտի տեսնեիք Հրայր Հովակիմյանին… երեխայի նման հոնգուր-հոնգուր լալիս էր: Հրայր Հովակիմյանը եզակի հայ է՝ հայրենանվեր, անմնացորդ նվիրումով իր ժողովրդին կապված: Երբ եկել էր Հայաստան, անվճար վիրահատություններ էր անում, վիրահատություններ, որոնց արժեքը չափազանց բարձր է արտերկրում, այսօր նաև Հայաստանում:

Ես խորին հարգանքով հիշում եմ նրանց. այս բժիշկները հերոսներ են, մարդիկ, որոնց ապավինել է ժողովուրդը, երբ եղել է հիվանդ կամ վիրավոր, ապավինել են փրկվելու հույսով…