Նվիրում և աշխատանք

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ մայոր Հայկ Հովհաննիսյաննի հետ.

-Ծնվել եմ 1979 թվականին Սիսիանում: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո` 1997-ին, ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ, որն ավարտել եմ 2003-ին` գերազանցության դիպլոմով: 2003-2004 թվականներին կլինիկական ինտերնատուրան սովորել եմ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում` վիրաբուժության բաժանմունքում: 2004-2005 թթ ծառայել եմ զորամասերից մեկում` որպես բուժկետի բժիշկ-մասնագետ, որից հետո ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա` վիրաբուժություն մասնագիտությամբ: 2008-ին ավարտելով` նշանակվել եմ վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր, 2014-ի սեպտեմբերին` ավագ օրդինատոր: 2013-ի հունվար-մարտ ամիսներին սովորել եմ Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքի Սուրբ Ջոնի համալսարանում` մասնակցելով ռազմական անգլերենի դասընթացներին: 2 անգամ խաղաղապահ զորամախմբի հետ` Միջազգային Անվտանգության Աջակցող Ուժերի կազմում գործուղվել եմ Աֆղանստան: 1 ամիս վերապատրաստման դասընթացներ եմ անցել Գերմանիայում, 6 ամիս` Աֆղանստանում:

– Բժիշկ լինելը կոչում է… Ի՞նչն եք ամենաշատը կարևորում Ձեր առաքելության մեջ:

-Զինվորական բժշկի մասնագիտության մեջ ամենաշատը կարևորում եմ նվիրումը: Պետք է նվիրվել և աշխատել առավելագույն պատասխանատվությամբ: Ցանկացած աշխատանքում կարևորում եմ պատասխանատվությունը, իսկ բժշկության մեջ` առավել ևս, քանի որ գործ ունես մարդու կյանքի հետ: Բժշկի կոչումն ի վերուստ է տրված:

– Խոսենք զինվորների, սպաների և քաղաքացիների հետ աշխատելու առանձնահատկությունների, պատասխանատվության չափի մասին:

-Թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիների հետ աշխատելիս մասնագիտական առումով պատասխանատվության չափը նույնն է. բժշկի խնդիրը և նպատակը հիվանդին առողջացնելն է: 2 դեպքում էլ ձգտում ես դրան: Զինվորի պարագայում` աշխատում ես անել առավելագույնը` կարճ ժամանակում նրան շարք վերադարձնելու համար: Գաղտնիք չէ, որ մենք սպասարկում ենք նաև քաղաքացիներին: Երևի նկատեցիք, որ շենքային պայմանները զիջում են նոր բուժկլինիկաներին, մեր առավելությունը բժիշկների մասնագիտական բարձր որակն է: Համենայնդեպս, երբեք որևէ մեկը դժգոհ չի հեռացել մեր բաժանմունից: Նման դեպք ես չեմ հիշում:

– Հիվանդությանը հաղթելու նախապայմաններից մեկը հիվանդի վստահությունն է բժշկի նկատմամբ: Հե՞շտ է նվաճել զինվորի վստահությունը:

-Հեշտ չէ: Երբ զինվորը գալիս է բաժանմունք, եթե իհարկե շտապ դեպք չէ, նախ ծանոթանում է ներքին կարգուկանոնին: Այսինքն` նա մեզ ընդունում է նախ որպես սպա, ապա` բժիշկ: Ճիշտ է` սա զորամաս է, այստեղ զորամասային կարգուկանոն է, իհարկե որոշ վերապահումներով, այսինքն` հանած բուժական գործընթացը, սակայն անհրաժեշտ է զինվորին ցույց տալ, որ, այնուամենայնիվ, զինվոր-բժիշկ հարաբերությունները` իրենց ջերմությամբ ու մեղմությամբ փոքր-ինչ տարբերվում են: Իսկ վստահությունը նվաճում ես ժամանակի ընթացքում, երբ զինվորը զգում է, որ դու անտարբեր չես իր ցավի հանդեպ, պատրաստ ես օգնության հասնել ցանկացած ժամի, խորհուրդներ տալ…

Հասմիկ Գյոզալյան