Ուզում եմ օգտակար լինել իմ հայրենիքին

ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում ծանոթացանք շարքային զինծառայողներ Արմանի ու  Գեղամի հետ:

-Երկուսն էլ արդեն ապաքինվել են, շուտով նրանց էլ դուրս կգրենք,- ասաց բուժքույրը:

  -Ես Արարատում եմ ծառայում,-պատմեց Արմանը,- ծնվել, ապրել եմ Մեղրիում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական ագրարային համալսարանի լեռնարդյունաբերության տնտեսության և կառավարման ֆակուլտետը:

-Քո ընտրությո՞ւնն էր, թե այդպես ստացվեց,- հարցրի նրան…

-Ես ուրիշ մասնագիտություն  էի նշել առաջին հայտով, բայց այդտեղ ընդունվեցի… Հիմա ուրախ եմ, որ այդպես է ստացվել: Շատ հետաքրքիր մասնագիտություն է… ու պետքական: Մեզ մոտ՝ Հայաստանում, լեռնարդյունբերությունն այսօր  հմուտ մասնագետների  կարիք ունի… Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում մենք մեր բոլոր կորուստները կվերականգնենք, այդպես չի մնա, կտեսնեք… Ծառայության ընթացքում հաճախ եմ մտածում դրա  մասին… Ուզում եմ օգտակար լինել իմ հայրենիքին:

Հայրենիքին օգտակար լինելու մղումը անբացատրելի ուժ ունի: Այդ ուժն ու պատրաստակամությունը ես տեսնում էի Արմանի աչքերում:

Իր մասին Գեղամը պատմեց.

 -12 տարեկանից զբաղվում եմ հունահռոմեական ըմբշամարտով. Հայաստանի առաջնությունում 2-րդ տեղ եմ զբաղեցրել, Եվրոպայի առաջնությունում՝ 1-ին: Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի ֆիզկուլտինստիտուտի՝ իմ մարզաձևի բաժինը, մի քանի ամիս սովորել ու զորակոչվել բանակ:

Արմանը, լսելով ընկերոջը, ասաց.

  -Մեր զորամասում սպորտի զարգացման, մարզիկ զինծառայողների ֆիզիկական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով մարզասրահ  է բացվել, դրսից մարզիչներ են գալիս (ոչ զինվորական) ու շատ կազմակերպված իրականացնում պարապմունքները տարբեր մարզաձևերից՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ: Մեր զորամասում սպորտի վարպետներ ունենք. նրանք այդ մարզումների շնորհիվ ուժից չեն ընկնում, իսկ մյուսները դառնում են ֆիզիկապես ավելի վստահ ու ուժեղ:

  -Ամենակարևորը  սահման պահող զինվորի համար ոգո՛ւ ուժն է, ոգո՛վ պիտի չկոտրվեն, չվախենան, չհանձնվեն,- ընկերոջ խոսքը ընդհատեց Գեղամը:

Արմանը համաձայն էր: Նրանք գիտեն՝ ինչ է նշանակում սահման պահել…

-Մեր հոսպիտալի երկրորդ հարկում մի փոքրիկ մատուռ կա,- պատմեց բուժքույրը,- ամեն առավոտ ու երեկոյան ժամերգություն է լինում:  Հիվանդները, բժիշկները իջնում են, մասնակցում, մյուս բաժանմունքներում հոգևորականների հետ երգող զինվորներ էլ ունենք… Բոլորս աղոթում ենք, որ  սահմանի վրա միջադեպեր չլինեն, մեր զինվորները խաղաղ ծառայեն… Հիվանդ զինվորները բոլորն էլ ապաքինվեն…   Մենք հոսպիտալում օրը սկսում ենք Աստծո հետ… Նրան ապավինած ծառայում ենք…

Էդիտա Մելքոնյան