Բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը

Զրույց Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետի` բուժծառայության գծով տեղակալ, բ/ծ կապիտան Կարեն Գրիգորյանի հետ

-խնդրում եմ նախ կարճ անդրադառնաք Ձեր ծառայողական ուղուն…

– 2000 թվականին ընդունվել եմ ԵրՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ, 2006-ին ավարտել: 2007 թվականին ինտերնատուրան ավարտելով` ծառայության եմ անցել տարբեր զորամասերում որպես բուժկետի պետ, ապա բուժծառայության պետ: 2010 թվականին ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա` ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ: Այն ավարտել եմ 2013-ի նոյեմբերին և նշանակվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի օրդինատորի պաշտոնում, որից հետո նույն հոսպիտալում նշանակվել եմ հրամանատարի բուժ գծով տեղակալի պաշտոնում:

– Պարոն կապիտան, Ձեր աշխատանքում հաջողության ամենակարևոր երաշխիքը հիվանդի վստահությունն է իրեն բուժող բժշկի նկատմամբ: Այս օրերին շրջեցի հոսպիտալի բոլոր բաժանմունքներում, զրուցեցի շատերի հետ… հոսպիտալի անձնակազմը վաստակել է այդ վստահությունը: Ինչպե՞ս է հաջողվել…

-Առաջին հերթին անձնակազմի յուրաքանչյուր բուժաշխատող ծառայում և աշխատում է պատրաստակամությամբ, պատասխանատվության մեծ զգացումով և ուժերի գերլարումով… Հաջողությունը ինչպես հոսպիտալի հրամանատարի, այնպես էլ ռազմաբժշկական վարչության պետի` ճիշտ կազմակերպած աշխատանքի արդյունքն է:

– Կարծեք թե արդեն սովորական է, որ զինվորական բուժհիմնարկներում բուժվում են նաև քաղաքացիներ: Այստեղ ևս այդպես է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ մեր հոսպիտալի աշխատակազմը վստահություն է վայելում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունվում է մեր հոսպիտալ կամ սպասարկվում է ամբուլատոր կարգով, գոհունակությամբ է հեռանում: Մենք ամեն ինչ անում ենք հիվանդի համար…նա արժանանում է հոգատար վերաբերմունքի, բաձրորակ բուժսպասարկման…

-Վիրաբուժությունը, հավանաբար, ամենածանր ու պատասխանատու մասնագիտություններից է: Վիրաբույժը հաճախ է կռիվ տալիս մահվան հետ….հաճախ է կյանքեր փրկում… Երբ հիվանդը զինվոր է` հայրենիքի պաշտպան, դժվարությունները, պատասխնատավությունն ինչ-որ չափով ավելանու՞մ են:

– Երկու դեպքում էլ մենք գործ ունենք մարդու կյանքի, առողջության հետ, ուստի պատասխանատվությունը հնարավոր չէ չափել կամ համեմատել: Պարզապես, առանձնահատուկ սեր ունենք հայրենիքի պաշտապանի հանդեպ…և բուժելուց բացի, ամեն ինչ անում ենք, որ նա հնարավորինս շուտ շարք վերադառնա…

-Շարքային զինծառայողների հետ շփումներում ի՞նչն է ամենադժվարը:

-Կան զինվորներ, որոնց առաջին հերթին հոգեբանական օգնություն է անհրաժեշտ: Այս առումով դժվարություններ երբեմն լինում են: Հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ զինվորը, փորձում է ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել հոսպիտալում, երբեմն ներկայացնում է գանգատներ, որոնք չափազանցված են: Նրանց հետ զրույցը, հոգեբանական – բացատրական աշխատանքը արդյունք են տալիս, և զինվորները գիտակցում են իրենց պարտքը, գոտեպնդվում են և վերադառնում ծառայության: Լինում է նաև հակառակը՝ զինվորը թաքցնում է գանգատները, ուզում է ուժեղ երևալ և չի ասում, որ ցավեր ունի…նման դեպքերը ավելի շատ են…

-Վերջնական արդյունքի հասնելու համար կարևոր է, որ հիվանդը հավատա իր բժշկին… Դժվա՞ր է հասնել դրան:

-Յուրաքանչյուրի հետ պետք է անհատապես աշխատել… կա այսպիսի արտահայտություն` բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը, ինչով և մենք առաջնորդվում ենք: Այսինքն` պետք է բուժել ոչ թե կոնկրետ ախտորոշված պաթոլգիան, այլ դիտարկել և՛ հիվանդի ինքնազգացողությունը, և՛ տրամադրվածությունը, և՛ առկա բոլոր ախտորոշումները, ապա այդ ամենի արդյունքում մշակել բուժման պլան:

– Պարոն Գրիգորյան, տեղեկացա, որ հոսպիտալում նոր` գինեկոլոգիայի կաբինետ է բացվել:

-Գինեկոլոգի պահանջարկը մեծ էր: Այսօր ունենք բարձրորակ մասնագետ, ով կարճ ժամանակում հասցրել է վստահություն ձեռք բերել: Դիմելիությունը մեծ է:

-Մենք առիթ ունեցանք մասնակցելու բժիշկների կրակային պատրաստությանը, խոսենք նաև դրա կարևորության մասին…

-Հաշվի առնելով, որ մենք զինվորական կոլեկտիվ ենք, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինենք նաև որպես սպա զենքով պաշտպանելու հայրենիքը: Մարտական պատրաստականությունը չպետք է զիջի բժշկական պատրաստությանը, քանի որ, հաշվի առնելով ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը, ամեն րոպե կարող է առաջին պլան մղվել զինվորական պատրաստությունը:

-Դժվա՞ր է երկու մասնագիտությունները համատեղել:

– Պատվաբեր է: Իհարկե, դժվարություններ կան, բայց երբ սիրում ես աշխատանքդ, դժվարությունները հեշտ են հաղթահարվում….

-Ե՞րբ է զինվորական բժիշկը հոգեպես բավարարված և հանգիստ:

-Երբ հիվանդն առողջանում է և վերադառնում ծառայության:

Հասմիկ Գյոզալյան