Ազնիվ և ազնվացնող

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի միջանցքում նախատոնական իրարանցում էր: Երիտասարդ զինծառայող Հովհաննես Թադևոսյանը, տեղաշարժվելով երկու ձեռնափայտերին հենված, օգնում էր բուժքույրերին, ընկերներին: Բաժանմունքի ավագ բուժքույր Զինաիդա Գրիգորյանը պատմեց, որ Հովհաննեսը հրազենային վնասվածք է ստացել ծնկի շրջանում՝ ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով: Նրան տեղափոխել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ էլ վիրահատել են:

– Մի սովորություն ունենք,- ասաց Հովհաննեսը,- դիրքեր բարձրանալուց առաջ 9-10 հոգով նստում ենք, զրուցում: Եթե մինչ այդ պահը իրար չենք հասկացել, իրար չենք զիջել, հաշտվում-մոռանում ենք… Առաջնագծում մենք մի թշնամի ունենք ու իրար նայելիս պիտի հակառակորդ չտեսնենք: Մոռանում ենք ամեն տարաձայնություն, դառնում իրար հարազատ, մի մարդու նման…. ու գալիս է մի պահ, երբ դու զգում ես, որ պատրաստ ես կյանքդ տալ քո ծառայակից ընկերոջ համար, պատրաստ ես կյանքդ տալ այն հողի համար, որի վրա կանգնած ես: Դա մի անբացատրելի զգացում է՝ ազնիվ ու ազնվացնող:

Օրեր անց, երբ կրկին կենտրոնական հոսպիտալում էի, իմացա, որ Հովհաննեսը այլևս հոսպիտալում չէ: Հիշեցի՝ ինչ հպարտությամբ էր նա պատմում, որ պատիվ է ունեցել առաջնագծում ծառայելու…

Էդիտա Մելքոնյան