Զինվորի հետ… զինվորի համար…

Արդեն երեկոյանում էր, երբ հասանք գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամաս (Կապան): Բուժկետում օրվա շարժը դեռ չէր դադարել:

-Որտե՞ղ ես գիշերելու, աղջիկս, քեզ կտանեմ մեր տանը կգիշերես,- սրտանց իր տուն հրավիրողը միջին տարիքի կին էր:

Ծանոթացանք. բուժկետի երկարամյա բուժքույր Լենա Անտոնյանն է:

Մի քանի րոպե անց արդեն տիկին Լենան թեյի պատրաստություն է տեսնում` միաժամանակ աշխույժ զրուցելով : Հետո մոտեցնում է էլեկտրական տաքացուցիչը.

– Երկար ճանապարհ ես եկել, մրսած կլինես:

 

***

Առավոտյան վերադառնում եմ բուժկետ. մթնոլորտը աշխատանքային է: Սենյակներից մեկին եմ մոտենում: Կիսաբաց դռան արանքից տեսնում եմ քիչ առաջ բուժկետ եկած զինվորին և բ/ծ լեյտենանտ Արա Արշամյանին: Բժիշկը ստուգում է զինվորի ջերմությունը` միաժամանակ նրան հարցեր տալով: Կիսաբաց դռան հետևից լսում եմ նրանց զրույցը, ապա մի քանի քայլ հետ եմ գնում, որ զինվորը օտար աչքից չամաչի: Քիչ անց բժիշկը դուրս է գալիս սենյակից: Զինվորը ջերմություն չունի, արդեն հարդարում է համազգեստը: Ես ներս եմ մտնում:

Սենյակի անկյունում դրված թեյնիկը եռում է: Զինվորը պատրաստվում է դուրս գալ.

-Զինվո′ր, սպասիր, թեյ կխմես, հետո կգնաս,– լսում եմ բուժքրոջ արդեն ծանոթ ձայնը:

Ահա և ինքը` պայծառ ժպիտը դեմքին…. զինվորին թեյ ենք տալիս, ճանապարհում ենք և սկսում զրուցել…

Լենա Անտոնյանը 1994 թվականից աշխատանքի է անցել Կապանի զորամասի բուժկետում:
«Աշխատանք չկար, պատերազմի տարիներ էին: Դժվար, ծանր ժամանակներ… Զորամասն արդեն ստեղծվել էր: Գնացի, խնդրեցի, որ ինձ աշխատանքի ընդունեն: Ընդառաջեցին», – պատմում է տիկին Լենան և շարունակում.
«Պատերազմից հետո առաջին տարիներին դժվարությունները շատ էին: Ամեն ինչ դժվարությամբ էր ձեռք բերվում: Մեր բուժկետը տիպային չէր, պարզապես հարմարեցված շինություն էր: Հիմա, փառք Աստծո, տիպային է, հարմարավետ, մաքուր: Հիմա շատ բան է փոխվել: Ամեն ինչ ավելի հեշտ է կազմակերպել»:

 

Աշխատանքը տիկին Լենայի համար վաղուց վերածվել է կենսակերպի, օդի պես անհրաժեշտ ինչ-որ բանի, առանց որի կյանքն արդեն չի պատկերանցում:

Առանց իմ զինվորների չեմ կարող՝ ասում է բուժքույրը…

Անմիջապես նկատում եմ` զինվորների մասին խոսելիս անընդհատ գործածում է «երեխա» բառը` յուրահատուկ հոգի դնելով այդ բառի մեջ :

Զինվորների սիրելի տիկին Լենան նույն ջերմությամբ ու գորովանքով է խոսում նաև երիտասարդ բժիշկների մասին.
«Միշտ հրաշալի բժիշկների հետ եմ աշխատել: Հիմա էլ մեր բուժկետի բժիշկները խելացի ու գործին նվիրված երիտասարդ մասնագետներ են»:

 

Տիկին Լենան աշխատանքին զուգահեռ 3 որդի է մեծացրել, սակայն, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ հասցրել է.
«Դժվար չէ, ես ամեն ինչ հասցնում եմ: Տղաներս վաղուց համակերպվել են իմ աշխատանքի, իմ ծանրաբեռնվածության, իմ բացակայության հետ: Մեխակավանում աշխատելու տարիներին կրտսեր որդուս հետս նույնիսկ այնտեղ էի տարել: Դպրոցական էր և այդ տարիքից տեսել է զինվորական կյանքը, զինվորական վաշտի հետևից երգելով քայլել է»,-հիշում է տիկին Լենան:
Տիկին Լենան հոգու ամենանուրբ լարերով կապվում է զինվորների հետ: Իսկ սերն ու հարգանքը փոխադարձ է:

Զինծառայողները ծառայությունից հետո հաճախ են զանգահարում, հետաքրքրվում բուժքրոջ որպիսությամբ:

….Տիկին Լենան կարող է նույնիսկ արտասվել, երբ զինվորը զորացրվում է…
Հասմիկ Գյոզալյան

.