Կկռվեմ, քանի դեռ շնչում եմ…

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Զինաիդա Գրիգորյանի հետ

-Ես սիրում եմ իմ ծննդավայրը՝ Ջավախքը: 20 տարեկան էի, երբ տեղափոխվեցի Երևան, ուզում էի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ ընդունվել, դիմեցի, չհաջողվեց: Հաջորդ տարի ընդունվեցի բժշկական ուսումնարան: ՈՒսումնառության տարիներին ինձ գրավեցին բուժքրոջ աշխատանքի հատկապես վիրաբուժական ցիկլերը, զգում էի , որ սա իմ մասնագիտությունն է:

-Եթե չեմ սխալվում, արդեն 35 տարի աշխատում եք այս բուժհաստատությունում. 35 տարի՝ նույն ճանապարհը, նույն հիվանդանոցը… և պատմություն, որ ամեն օր նորովի էր կրկնվում:

-Այո, 1979-ին եկա Երկաթգծի հիվանդանոց. այն օրեցօր ընտանեկան հարկի նման ջերմ ու անփոխարինելի դարձավ: 23 տարի աշխատել եմ վիրահատական բաժանմունքում՝ նախ որպես վիրահատարանի բուժքույր, ապա՝ բաժանմունքի ավագ բուժքույր: Ամեն անգամ վիրահատարան մտնելիս նույն զգացողությունն եմ ունեցել՝ նույն երկյուղածությունը … 2002-ից վնասվածքաբանական բաժանմունքում եմ՝ որպես ավագ բուժքույր:

-Ձեր ընտրյալին Երևանո՞ւմ հանդիպեցիք:

-Ուսանողական տարիներին Երևանում ծանոթացա Արշակի՝ ամուսնուս հետ: Երբ ամուսինս ծնվել է (նրանց ընտանիքը այն ժամանակ Կիրովաբադում է ապրել), թույլ չեն տվել անունը Արշակ դնել, գրել են Արկադի (Գրիգորյան Արկադի Հրանտի), բայց բոլոր հարազատները, ընկերները նրան միշտ Արշակ են ասել: Թուրքերեն շատ լավ հասկացել է ու խոսել: Թուրքերի հետ միշտ վիճել է, մի քանի անգամ նույնիսկ դանակահարել են: Տարիներ անց, հաշվի առնելով դանակահարության հետևանքները, նրան ազատել են պարտադիր զինվորական ծառայությունից: Արշակը դա համարել է անպատվաբեր, պահանջել է, որ իրեն էլ բանակ ուղարկեն: Ուղարկել են Գերմանիա, ծառայել է, վերադարձել: Հայրը որոշել է ընտանիքով տեղափոխվել Երևան. համոզված էր՝ եթե մնային, պատմությունը թուրքերի հետ կրկնվելու էր, մյուս կողմից էլ, աղջիկների համար է վախեցել…

Ամուսնացանք: Ծնվեցին մեր երկու դստրերը ՝ Ջավահիրը, Հասմիկը, և որդին՝ Արան: Նրանք արդեն մեծացել են, ամուսնացել… Վեց թոռնիկ ունեմ. նրանցից երկուսը ծառայում են բանակում՝ զինվոր են: Հպարտությամբ եմ նայում նրանց՝ իրենց Արշակ պապին արժանի թոռնիկներ են (նրանց Արշակ Երկրորդ ու Արշակ Երրորդ եմ ասում.Արշակ Առաջինը պապիկն է):

Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, Արշակը միացավ կռվող ջոկատներին ու գնաց Արցախ: Ես միշտ մտածում եմ՝ ինչպես կընթանար մեր կյանքը, եթե պատերազմը չխլեր նրան…

-Փորձե՞լ եք արգելել, հետ պահել նրան:

– Համոզում էի, որ տանը մնար… չէր լսում… Ասում էր. «Ես թուրքերի դեմ իմ կռիվն ունեմ»: Վրեժի ծարավ էր:

-Դո՞ւք էլ վրեժի ծարավ ունեիք, երբ որոշեցիք մեկնել Արցախ…

-Ոչ, ես ուզում էի օգտակար լինել, օգնել, փրկել վիրավոր զինվորներին… 1994-ի սկիզբն էր: Արշակը մի քանի օրով եկել էր Երևան: Ձմեռ էր, հունվար ամիսը… Մարտական գործողությունների գոտիներում բուժակների, բուժքույրերի կարիք կար… Մի ներքին, անբացատրելի ուժ մղում էր ինձ ճակատ … որոշեցի գնալ… Երկու բուժքույր էինք՝ ես ու Օֆելյա Պողոսյանը… Հասանք Ստեփանակերտ, գնացինք հոսպիտալ…. Աղջիկները մեզ ջերմ ընդունեցին. ասացի՝ վիրահատարանի բուժքույր եմ, ուզում եմ օգնել՝ ինչով կարող եմ… Չթողեցին, պատասխանեցին, որ դեռ չգիտեմ, թե ուր եմ եկել… Ինձ տարան մի տեղ. նեղ, երկար տարածք էր՝ միջանցքի նման… Վառված վերքի, արյան հոտը խփեց դեմքիս… Մոտեցա սավաններով ծածկված զոհերին, անկախ ինձանից արագ-արագ սկսեցի բացել, նայել բոլորի դեմքերը, այն ժամանակ չէի հասկանում՝ ինչ էի անում… Մի բուժքույր ձեռքս բռնեց, ասաց՝ կանգնիր, ի՛նչ ես անում… Ասացի՝ թողեք… տեսնեմ՝ ովքեր են… Կարծես բոլորին ճանաչում էի… Կարծես բոլորը իմն էին… հետո անցա վիրավորներին… Նրանց մեջ մի զինվոր տեսա, հայ էր, ավտոմատը ձեռքին, մի վիրավորի գլխավերևում կանգնած, հսկում էր: Հարցրի նրան՝ ինչո՞ւ զենքը վայր չի դնում: Գլխով ցույց տվեց վիրավորին ու ասաց. «Թուրք է, մի վայրկյան աչքս թարթեմ…»… Մենք արտասովոր ազգ ենք…. Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց մենք չենք փոխվում… Մեր մեջ հերոսական բարություն կա… Վիրավոր ազերիներին բուժում էինք…

-Դուք էլ էիք բուժում:

-Այո, չեք հավատա, բայց ես ատելություն չէի զգում այդ թուրքի հանդեպ. մոտեցա, խոսեցի նրա հետ (երկու ոտքերը ցրտահարվել էին)… Ուրախացավ. հասկանում էր, որ կարող ենք «իրենց ձևով պատասխանել», բայց մենք բուժում ենք….

…Շունչս կտրվում էր: Դուրս եկա այդտեղից: Քայլեցի դեպի փողոց: Դրսում բուք էր, սառնամանիք, մառախուղ: Փողոցի վրա ձյան մեջ խրված, ծանոթ մեքենա տեսա, առաջ վազեցի. մեր բարեկամի մեքենան էր: Հանկարծ ցանկություն ունեցա գնալ, նստել մեքենան, վերադառնալ տուն: Բայց մի ներքին ձայն վիճում էր հետս, ասում էի՝ եթե գնացիր, դավաճան ես… Մտածեցի՝ թող ինձ ներեն իմ զավակները… ու մնացի:

-Ստեփանակերտի հոսպիտալում մնացի՞ք:

-Մեզ ուղեգրեցին Հադրութի հոսպիտալ. այնտեղ վիրահատարանի բուժքույր էի: Հոսպիտալից դուրս գալ չէին թողնում. վտանգավոր էր… Օր էր լինում, բացում էի աչքերս ու ինքս ինձ հարցնում՝ ի՞նչ օր է, ամսի քանի՞սն է… Ամեն առավոտ՝ հինգի, վեցի կողմերը, մտնում էի բոլոր հիվանդասենյակները, վառարանները վառում: Մի օր էլ մտա մի սենյակ ու տեսա սև բրդե ծածկոցի մեջ փաթաթված մի երեխայի. դողդղում էր, թե լաց էր լինում, չհասկացա: Մոտեցա, ծածկոցը մի կողմ տարա, որ տեսնեմ՝ ով է: Տղան նայեց ինձ ու զարմացած հարցրեց. «Ջավահիրի մաման չե՞ք Դուք…» :Ոտքերս անկախ ինձանից թուլացան, չոքեցի նրա դիմաց… նայում եմ ու չեմ ճանաչում… Տղան շարունակեց. «Չե՞ք հիշում… Ջավահիրի ընկերուհու՝ Գայանեի եղբայրն եմ…»: Հիշեցի Գայանեին… Փաթաթվեցի եղբորը, ու ինձ թվաց, որ իմ Ջավահիրին եմ գրկում…

Մարտին մի քանի օրով եկա Երևան. վերադառնալիս ասացի, որ ինձ Վեդիում իջեցնեն, որոշել էի աղջկաս՝Հասմիկենց տուն մտնել (միայն նա չգիտեր, որ պատերազմ եմ գնացել, ասել էի՝ նրան չասեն… նոր էր ամուսնացել, հղի էր…)… Աղջիկս դուռը բացեց, չճանաչեց ինձ… Զինվորական համազգեստով էի, հոգնած, հյուծված… Խոսեցի… Աղջիկս ուշաթափվեց… Այդ ժամանակ Հասմիկս 19 տարեկան էր, Արաս՝16… Երեխաներս շատ ծանր օրեր են անցկացրել… Ամեն րոպե վախով սպասել են ճակատից եկող լուրերին…

-Ես հիանում եմ, երբ հայրենիքի ազատության, բարօրության համար մարդիկ իրենց ապահովությունը անտեսում են, երբ մոռանում են իրենց «ես»-ը և ապրում որպես մի մեծ ամբողջական «մենք»-ի անտրոհելի մասնիկ…

-Գիտեք՝ այն ժամանակ էլ, հիմա էլ երբեմն որոշ մարդիկ, կարծես հանդիմանելով, ինձ հարցնում են. «Ինչպե՞ս կարողացար թողնել երեխաներիդ ու գնալ…»… Ես չե՛մ թողել իմ երեխաներին. ոչ մի բուժքույր այդ տարիներին չի թողել իր երեխաներին… Մենք գնացել ենք, որ օգնենք մեր զինվորներին՝ բոլորիս խաղաղությունը, վաղվա օրը կերտող յուրաքանչյուր վիրավոր զինվորի կյանք փրկելով…

-Ի՞նչն եք առավել արժևորում այս կյանքում:

-Խաղաղությունը: Անկախությունը: Ես գեներով ժառանգել եմ ազատության համար պայքարողի կամքը, վճռականությունը: Իմ հայրը զինվորական է եղել, հորս հորեղբայրը՝ հեղափոխական: Պապս ու հայրս՝ Հայրենական պատերազմի մասնակից … Երբ արդեն մեծ էի, մի օր բողոքեցի հորս, թե էս ինչ անուն եք դրել ինձ, հայկական անուն չկա՞ր… Մայրս ասաց, որ հորս ճակատային ընկերն է անվանակոչել ինձ. Զինան Հայրենական պատերազմի տարիներին ռազմադաշտային վիրահատարանի բուժքույր է եղել, զոհվել է պատերազմի ժամանակ… Ես դա հիշել եմ Հադրութում… հոսպիտալում… ու սահմռկել… հիմա ի՞նչ… ես է՞լ եմ զոհվելու… Կատաղի մարտերի ժամանակ, երբ ռումբեր էին նետում մեր ուղղությամբ, ամբողջ կյանքս ակնթարթի նման պատկերվում էր իմ առաջ… Երբ տուն էի վերադարձել, հոգուս մեջ կուտակված մեծ ցավ կար. ոչ մեկի հետ չէի խոսում(մենք շատ դաժան օրեր տեսանք…), թղթի վրա գրում էի ինձ տանջող հուշերը, հետո պատռում… ինձ համոզում էի, որ թեթևացնում է…

-Ներեցեք, որ ցավոտ հիշողություններ եմ արթնացնում. ե՞րբ եք վերջին անգամ ճանապարհել Ձեր ամուսնուն:

-1994-ի գարնանը: Ամուսինս գնաց Ֆիզուլի… Ընկերները պատմում էին, որ իրենց և ազերիների դիրքերը շատ մոտ են եղել՝ իրարից 60 մետր հեռավորության վրա, ջրի միակ աղբյուրը՝ իրենց դիրքից դեպի ներքև. Արշակը երբեք չի թողել, որ երիտասարդները գնան, ջուր բերեն, ասել է. «Դուք ջահել եք, սերունդ եք տալու, ես արդեն երեք երեխա ունեմ…»… Ապրիլի լույս 24-ի գիշերը երազ տեսա. շատ ծանր երազ էր. հարված զգացի, գլխարկս ընկավ ցեխաջրի մեջ, կռացա, վերցրի, դրեցի գլխիս, ճակատիս սև, թաց հող քսվեց, մաքրեցի, հետքը մնաց… Ամուսինս զոհվեց: Ընկերները պատմեցին, որ մարտի ժամանակ վիրավորվել է, ընկել ինչ-որ ակոսի մեջ, դիմահար կրակն այնքան ուժեղ է եղել, չեն կարողացել առաջանալ, հանել նրան… 8 ժամ մնացել է ակոսի մեջ, արնաքամ եղել… Նայեցի վերքին… Նույն տեղն էր… Ճակատիս քսված սև, թաց հողի տեղը…

Զինադադարի կնքումից հետո մի քանի անգամ գործուղվել եմ ԼՂՀ, մասնակցել որոշ շրջաններում վրանների տակ դաշտային հոսպիտալների ստեղծման աշխատանքներին, վրանները հետագայում փոխարինվեցին թիթեղյա տնակներով: Օրեցօր ռազմաբժշկական ծառայությունը Արցախում ձևավորվում, զարգանում էր: Ինձ երջանիկ էի զգում, որովհետև իմ փոքրիկ լուման եմ ունեցել այդ գործում:

-Բազմաթիվ շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ, պարգևներ ունեք. օրերս պարգևատրվեցիք Ծովակալ Իսակովի անվան մեդալով: Ո՞րն է ամենասիրելին… ո՞րն է ամենամեծ պարգևը…

– Ամենամեծ պարգևը այն խաղաղությունն է, որ այսօր ունենք: Խաղաղություն, որ հակառակորդը, պատմությունից դասեր չքաղելով, կրկին փորձում է խաթարել, բայց հերթական հարված-պատասխանն է ստանում: Մեր առաջնագիծը ամուր է, մեր տղաները երբեք չեն նահանջի, որովհետև գիտեն, որ իրենց թիկունքում ժողովուրդն է:

Երբ ամռանը թշնամու կողմից դիվերսիաները հաճախակի դարձան, ես ինքս ինձ հարցնում էի. «Աստված չանի, Աստված չանի, եթե նորից սկսվի պատերազմը, ի՞նչ եմ անելու, էլի կգնա՞մ»… Աղջիկս՝ Ջավահիրը, որը նույնպես ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում է աշխատում, թերապիայի բուժքույր է, նայում էր դեմքիս, կարծես հասկանում էր՝ ինչի մասին եմ մտածում… Ու նույն հարցը տվեց… Խոստովանեցի… Էլի կգնամ, հիմա էլ կգնամ իմ թոռների համար, չէ որ նրանք էլ են ծառայում… Կգնամ մեր բոլոր զինվորների համար… Քանի դեռ ապրում եմ, քանի դեռ կարող եմ, քանի դեռ շնչում եմ, հայ զինվորին պիտի օգնեմ… ցավը մեղմեմ, կյանքը փրկեմ… Ուրիշ կերպ իմ կյանքը չեմ պատկերացնում:

Էդիտա Մելքոնյան