Պատրաստ ենք զենքով պաշտպանելու մեր հողն ու պատիվը, բայց խաղաղություն ենք ուզում…

ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում այցելեցինք հիվանդ զինվորներին… Ժամկետային զինծառայող Խոսրով Խուտոյանի կույրաղիքը ժամեր առաջ էին հեռացրել, բայց տղան հանգիստ էր.

-Երկու օր առաջ սուր ցավեր զգացի, դիմեցի զորամասի բուժկետի բժշկին. զննելուց հետո ինձ հոսպիտալ տեղափոխեցին: Շատ արագ հետազոտություններ կատարեցին, ու … վիրահատեցին: Հիմա լավ եմ, թեթև ցավեր կան, բայց դե դա միշտ էլ լինում է բոլոր վիրահատություններից հետո: Կարևորը՝ վտանգն անցել է:

Հիվանդասենյակի փոքր պահարանների վրա գրքեր էին դրված:

-Ի՞նչ եք կարդում,-հարցրի հիվանդասենյակի տղաներին:

-Սահմանադրություն:

-Ռազմական ամսագիր:

-Իմը Նոր կտակարան է:

-Զինվորների աստվածաշունչ:

Նրանցից յուրաքանչյուրը իր գիրքն էր ցույց տալիս:

-Ամեն օր կարդո՞ւմ եք:

-Պարտադիր,- պատասխանեց Հարությունը:

Ո՞ր հատվածն ես կարդացել այսօր:

-Ես մի հետաքրքիր սովորություն ունեմ. միշտ, երբ վերցնում եմ Աստվածաշունչը, սկզբից եմ սկսում…

Ու վերջին չե՞ս հասնում…

-Չէ, հասնում եմ… Գիտեմ՝ հետո ինչ է լինում: Թերթում եմ, տարբեր հատվածներ եմ կարդում, բայց ավելի շատ աշխարհի արարման պատմությունն եմ սիրում… Հասնում եմ Ադամի ու Եվայի դավաճանությանը ու էլ չեմ կարդում. գոհանալու փոխարեն դավաճանեցին… Բարկանում եմ…

-Բայց ձեր սենյակում «մեծ գիրքը» չտեսա:

-Ընկերս ուներ, նա դուրս գրվեց հոսպիտալից, իր հետ տարավ,- ասաց Հարությունը:

-Դու չունե՞ս:

-Ոչ:

Դիմիկը բացեց պահարանը, հանեց իր Աստվածաշունչը ու ցույց տվեց Հարությունին.

-Սրա՞ մասին ես ասում:

Ընկերը հաստատեց:

-Արդեն ունես, քեզ եմ տալիս,-ասաց Դիմիկը ու իր Աստվածաշունչը Հարությունին նվիրեց:

-Ասում են՝ Աստվածաշունչը միակ գիրքն է, որի հեղինակը քեզ հետ է, երբ այն կարդում ես… Եղե՞լ են պահեր, երբ բացել եք գիրքը, ու այն կարծես պատասխանել է ձեզ…

Կոլյան հիշեց.

-Ինձ հետ եղել է… Երբ փոքր էի, մեր ընտանիքը այնքան էլ հարուստ չէր, ես նեղվում էի… Մի օր վերցրի գիրքը, բացեցի մի պատահական էջ ու կարդացի. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»… Ես հասկացա,որ հարստությունը այս կյանքում ամենակարևորը չէ… Ամենամեծ հարստությունը խաղաղությունն է. երբ լույսը բացվում է, աչքերս բացում եմ, աղոթում եմ, որ այս օրն էլ խաղաղ անցնի… Սահմանին կանգնած ոչ մի զինվոր չընկնի թշնամու գնդակից…

-Երազանք պահել եք Ամանորի գիշերը,- հարցրի ես ու տեսնելով տղաների զսպված ժպիտը՝ շարունակեցի,- ես պահել եմ:

-Դե… ո՞վ չի երազում, բոլորս էլ երազում ենք:

Ինչի՞ մասին:

-Որ բոլոր զինվորները անփորձանք վերադառնան տուն:

-Աստված պահպանի բոլոր մայրերին:

– Չհիվանդանան… չհիվանդանանք…

-Առաջնագծում կանգնած մեր ընկերներին` խաղաղ ծառայություն: Մենք պատրաստ ենք զենքով պաշտպանելու մեր հողն ու պատիվը, բայց խաղաղություն ենք ուզում….

Ես նկատեցի՝ ինչպես Կոլյայի՝ մայրերին ուղղված բարեմաղթանքից հետո վիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույր Էդմիլա Աթանեսյանը «թաքնվեց» իմ թիկունքում, որ կուլ տա արցունքները… Երբ տղաները ավարտեցին, նա ասաց.

-Ինչքան լույս ու սեր կա մեր տղաների՝ մեր զինվորների սրտերում: Տղաներ ջան, ես ձեզանով հպարտանում եմ:

Էդիտա Մելքոնյան

  • unnamed (21)
  • unnamed (20)
  • unnamed (19)
  • unnamed (18)