Երբ զինվորը խրամատում տեսնում է բժշկին, ավելի է ամրանում

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր, բ/ծ մայոր Միքայել Սամսոնյանի հետ

– Ծնվել եմ 1981 թվականին` Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: Սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում մինչև 8-րդ դասարանը, ապա Արմավիր քաղաքի վարժարանում: 1998-ին ընդունվել եմ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ: 2005 թվականին ինտերնատուրան ավարտելով` նշանակվել եմ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանում` բոլորին ծանոթ Եղնիկներ զորամասում` որպես բժիշկ մասնագետ, ապա բուժկետի պետ, այնուհետև բ/ծ պետ: 2008-ից ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա` ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, որն անցել եմ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ապա 2011 թվականին ավարտելով` նշանակվել եմ Մեխակավանի հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատորի, այնուհետև բաժանմունքի պետի, 2014 թվականի մայիս ամսից` նույն հոսպիտալի պետի` բուժական գծով տեղակալի պաշտոնում: Մի քանի ամիս առաջ տեղափոխվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունք, նշանակվել բաժանմունքի օրդինատորի պաշտոնում:

-Պարոն մայոր, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը հիմնականում համալրված է երիտասարդ կադրերով: Ո՞րն է դրա առավելությունը` ըստ Ձեզ:

-Բաժանմունքին ծանոթ եմ դեռ ուսանողական տարիներից: Մասնագիտությունս ստացել եմ այստեղ: Բոլոր բժիշկներին ճանաչել եմ: Բոլորն էլ սիրով սովորեցրել են և օգնել ինձ: Շատ ողջունելի է, որ բաժանմունքում երիտասարդ կադրերն արդեն մեծամասնություն են կազմում: Երիտասարդ բժիշկն ավելի եռանդուն է, հակված` յուրացնելու նորը, ավելի արդիական մտածելակերպ ունի: Երիտասարդ կադրերին առավել հմտանալու հնարավորություն է տրվում: Միևնույն ժամանակ մեր թիկունքին մեր ղեկավարներն են, ովքեր, իհարկե, ավելի փորձառու են, ցանկացած ժամանակ օգնում են` ինչպես խորհուրդներով, այնպես էլ գործնական հարցերում:

-Բժիշկ-զինվոր փոխհարաբերություններում ի՞նչն եք առաջնային համարում…

-Բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները պետք է ջերմ ու մտերիմ լինեն: Հիվանդը բժշկից գաղտնիքներ չպիտի ունենա: Մեր հիմնական առաքելությունը զինվորին բուժելն է, բարենպաստ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի արագ կազդուրվի և շուտ վերադառնա շարք: Երբեմն լինում են նաև փոքր-ինչ կամակոր զինվորներ, սակայն հիմանակնում հաջողվում է հասնել փոխըմբռման և փոխադարձ վստահության:

-Ծառայել եք մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, շփվել սահմանապահ զինվորների հետ: Ինչո՞վ է առանձնահատուկ սահմանապահ զինվորի հոգեբանությունը:

-Միանշանակ, սահմանապահ զինվորների հոգեբանությունը տարբերվում է: Նա ողջ խորությամբ է գիտակցում իր գործը: Գիտի` ով է իր թիկունքում, ում է պաշտպանում:

Սահմանի զինվորների ոգին էլ տարբերվում է, նրանց քննարկման առարկան, զրույցներն էլ տարբեր են: Բավական է մի քանի բառ փոխանակել զինվորի հետ, անմիջապես հասկանում ես, որ նա ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, հակառակորդին տեսել է ոչ թե հեռուստացույցով, այլ իր դիտակետից: Եղնիկներ զորամասում ծառայության ժամանակ զինվորների հետ շփումն ավելի մեծ էր: Հաճախ եմ գնացել առաջնագիծ: Երբ զինվորը խրամատում տեսնում է բժշկին, ավելի է ամրանում:

Հասմիկ Գյոզալյան