Չէի պատկերացնում, որ Բանակը նաև բուժելու է ինձ

Էդուարդ Մանուչարյանին զորամասից տեղափոխել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունք լեղապարկի ցավերով:

-«Ամենաբարդը» վիրահատությունից հետո է լինելու,- ասաց Էդուարդը,- պիտի դիետա պահեմ…

Վիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույրը պատասխանեց նրան.

-Եթե նույնիսկ քեզ չվիրահատեն, դու պարտավոր ես քո սննդակարգին ավելի լուրջ հետևել. ինքդ գիտես՝ ինչ կարող ես ուտել և ինչից պետք է հրաժարվես: Նման հիվանդությունների ժամանակ, իհարկե, ամենակարևորը «ռումբը» հեռացնելն է, այն թողնելն է վտանգավոր: Մարդու օրգանիզմը մի կատարյալ կենդանի համակարգ է, որին ընդամենը պետք է հետևել: Կտեսնես՝ ինչպես է նա ինքն իրեն նորոգում, վերականգնում: Իսկ եթե խախտում ես, նրան չես լսում, չես խնայում, սկսում է ըմբոստանալ քո դեմ… Ինչի՞ց է, որ բոլոր հիվանդությունները երիտասարդանում են, գիտե՞ք… որովհետև սխալ սնվելուց մեր օրգանիզմն է շուտ ծերանում և չի կարողանում պայքարել հիվանդությունների դեմ:

Էդուարդը, Կառլենը, Սարմենը առայժմ «դասախոսությանն» էին հետևում. ավագ բուժքույր Էդմիլա Աթանեսյանը գեղեցիկ հայերեն, պատկերավոր բացատրում էր ու բացատրում: Երբ նա ավարտեց, Էդուարդը ասաց.

Ես կատակում էի… Դիետա պահելը ինչ է, որ չկարողանանք պահել. մյուս կողմից էլ՝ բժիշկների աշխատանքն եմ ափսոսում:

Նախքան բանակ գնալս երբեմն լեղապարկի ցավեր էի ունենում: Մտավախություն ունեի, որ հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել, խանգարել: Չէի պատկերացնում, որ Բանակը նաև բուժելու է ինձ. առաջին իսկ օրը, երբ գանգատներ ունեցա, ինձ տեղափոխեցին բուժկետ, ապա հոսպիտալ: Ամեն վայրկյան զգացել եմ մեր զինվորական բժիշկների ուշադրությունն ու հոգատարությունը: Նրանք բուժում են ինձ, վիրահատելու են, ես չեմ կարող նրանց աշխատանքը ջուրը գցել… Ամեն ինչ հասկանում եմ:

Էդիտա Մելքոնյան