Սեյրան Օհանյան. Մենք հակառակորդին հաղթեցինք բոլոր ճակատներում

Հունվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014 թ. ամփոփիչ ասուլիսը, որին ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ, բարձրաստիճան զինվորականներ, լրագրողներ:

Ողջունելով ներկաներին` նախարարը ներկայացրեց 2014-ին պաշտպանության համակարգի գործունեությունը, ձեռքբերումներն ու 2015-ի կարևորագույն խնդիրները: Ռազմական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշեց, որ 2014-ը անցել է բարդ միջազգային և տարածաշրջանային զարգացումների պայմաններում, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել իրականացվող պաշտպանական քաղաքականության վրա. պահանջվել է իրավիճակի ճշգրիտ գնահատում, ճկունություն, նախաձեռնողականություն, նոր մոտեցումներ…. Ընդհանուր առմամբ՝ 2014-ի միջազգային զարգացումները ցույց տվեցին, որ աշխարհը թևակոխել է նոր փուլ, ու հարավային Կովկասում և մերձատարածքում առկա են անվտանգության ապակայունացման լուրջ միտումներ…

«Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից՝ այդ երկրի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ՝ աննախադեպ լարվածություն ստեղծելով ՀՀ և ԼՂՀ սահմաններին՝ հայկական կողմին պարտադրել քաղաքական զիջումներ… Ադրբեջանը շարունակում է գերռազմանակացման քաղաքականությունը՝ սեփական ժողովրդի մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ և չհրաժարվելով մերժողական դիրքորոշումից ԼՂՀ բանակցային գործընթացում»,-նշեց Սեյրան Օհանյանը:

2014-ի ընթացքում և այս տարի հակառակորդը իրականացրել է դիվերսիոն-հետախուզական գործողություններ, ինչը նպատակ ուներ շոշափելու մեր Զիված ուժերի պաշտպանունակությունը և սրելու սահմանային լարվածությունը :

«Ադրբեջանը բոլոր հարթակներում առաջ է մղում հակահայկական քարոզչություն՝ փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ: Իսկ նման գործելաոճը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով՝ 2014-ին ՀՀ պաշտպանության քաղաքականության ջանքերը հիմնականում կենտրոնացվել են մի կողմից պաշտպանական համակարգի զարգացման և Զինված ուժերի ռազմական կարողությունների ավելացման, մյուս կողմից՝ Զինված ուժերի միջազգային ինտեգրման և պաշտպանության մեխամիզմների զարգացման վրա»,- ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը:

Սեյրան Օհանյանը ներկաներին տեղեկացրեց, որ 2016-2020 թվականների համար կազվել է ԶՈՒ հեռանկարային զարգացման ծրագիր, համակողմանի դիտարկվել է անվտանգության միջավայրը, դրանից բխող բոլոր սպառնալիքները, մշակվել է սպառնալիքներին հակազդելու միջոցառումների ծրագիր…: 21-րդ դարի բանակներին հատուկ չափորոշիչներ են ներդրվել ԶՈւ կաևորագույն ոլորտներում: Պաշտպանության նախարարը կարևորեց հատկապես կրթական բարձր մակարդակով օժտված հրամանատարների պատրաստումը, նրանց ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորության ընձեռումը, բարեփոխումները ռազմական կրթության ասպարեզում, արհեստավարժ սերժանտական կազմի ներդրումը, անձնակազմի արդյունավետ կառավարումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մեջ բանակի և հրամանատարների դերի բարձրացումը և այլն:

«Այսօր մեր հրամանատարը զինվորների հանդեպ ավելի շատ ընկերական ու ծնողական վերաբերմունք ունի: Մենք մեր շարքերից օտարում ենք բռի հրամանատարի կերպարը. զինվորամոլությունը մեր ազգին հարիր չէ»– բանաձևեց պաշտպանության նախարարը…
Նախարարը անդրադարձավ նաև դաշնակցային և գործընկերային հարաբերություններին` նշելով, որ այն թույլ է տվել ամրապնդելու ՀՀ պաշտպանական ոլորտի ներուժն ու կարողությունները՝ ըստ այդմ փոխհատուցելով հավանական հակառակորդի և ՀՀ Զինված ուժերի միջև եղած անհավասարակշռությունը: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև հայ խաղաղապահների գործունեությանը, հավաստիացնելով,որ նրանք պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Բարձր գնահատեց հայկական կողմի մասնակցությունը տարբեր մակարդակի զորավարժություններին` առանձնացնելով Մոսկվայում անցկացված համաշխարհային տանկային բիաթլոնը, որտեղ հայկական անձնակազմը գրավել է պատվավոր երկրորդ տեղը:

ԶՈւ մարտունակության բարձրացման և կարգապահության ամրապնդման համար 2014 թվականին պաշտպանության համակարգում կատարվել է հսկայական աշխատանք:
«Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» նշանաբանով անողոք պայքար է տարվել բանակում բռնության յուրաքանչյուր դրսևորման դեմ: …Արդյունքներն ակնհայտ են. ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով՝ մահվան ելքով պատահարների թիվը կրճատվել է ավելի քան 60 տոկոսով: Կտրուկ նվազել են ինքնասպանությունները, արձանագրելով նվազագույն ցուցանիշներից մեկը աշխարհում…

«Մենք ունենալու ենք բանակ՝ լավագույն միջանձնային հարաբերություններով: Գրեթե զրոյականի ենք հասցնելու միջանձնային հարաբերությունների հետևանքով կատարվող հանցանքները»,- հավաստիացրեց ռազմական գերատեսչության ղեկավարը:

«Մեր հրամանատարների գիտելիքներն ու փորձը, մեր զինվորների հմտություններն ու քաջությունն ամեն օր հաղթանակ են պարգևում հայ ազգին: 2014-ը լարվածության առումով աննախադեպ էր: Բայց մենք հակառակորդին հաղթեցինք բոլոր ճակատներում: Նրանց ձեռնարկած բոլոր քայլերն ավարտվեցին պարտությամբ: Սակայն մենք ունեցանք զոհեր: 2015 թվականը նույնպես սկսվել է լարվածությամբ: Հակառակորդը հերթական անգամ պարտվեց, քանի որ հայ զինվորն իր տունն է պաշտպանում, նրա գործը ճշմարիտ է և ազնիվ: Մենք չենք կորցրել, այլ իրականում գտել ենք մեր հերոսներին, ովքեր բարձր են պահել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը»,- այս խոսքերով պաշտպանության նախարարը բնորոշեց հարենիքի սահմանները պաշտպանելիս հայ զինվորականների կատարած սխրագործությունները:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին հուլիս-օգոստոսյան միկրոպատերազմի օրերին դեպքերը ճշգրիտ լուսաբանելու, օպերատիվության, զսպվածություն ցուցաբերելու, ՊՆ աշխատանքը չխոչընդոտելու և համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչը հնարավորություն տվեց հակառակորդին հաղթել նաև տեղեկատվական ճակատում:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարարը նշեց, որ ՀՀ Զինված ուժերը որդեգրել են սեփական գործունեությունը քննադատորեն գնահատելու, անցյալի դասերը վերլուծելու ու շարունակաբար կատարելագործվելու ուղին:

Այնուհետև նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:
Առաջին հարցը, ինչպես և սպասվում էր, վերաբերում էր հայ-ադրբեջանական հակամարտությանը և որոշակի էր՝ ՀՀ Զինված ուժերը պատրա՞ստ են անհրաժեշտության դեպքում խորտակիչ հարված հասցնելու հակառակորդին: Պաշտպանության նախարարի պատասխանը նույնքան կտրուկ էր և պարզ՝ մենք կարող ենք արժանի հակահարված տալ հրադադարի ռեժիմը խախտող հակառակորդին:

Իսկ «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կատարե՞լ է ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռը խոցելու՝ հակառակորդի հանդգնությանը արժանի հակահարված տալու խոստումը, և արդյոք հարուցված քրեական գործի արդյունքում որևէ մեկը պատժվել է, ռազմական գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ հակառակորդը հայկական կողմի անհամաչափ պատասխանի հետևանքով կրել է մեծ կորուստներ: Անցկացվել է ծառայողական քննություն. պաշտպանության համակարգի մի քանի աշխատակիցներ ենթարկվել են տույժերի:

Հաջորդ հարցը վերաբերում էր հունվար ամսին հակառակորդի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բազմապատկելու գործելաոճին:
Պաշտպանության նախարարը ադրբեջանական կողմի գործողությունները պայմանավորեց 2 պատճառով՝ ներքին և արտաքին: Պաշտոնական Ադրբեջանը խնդիր ունի իր քաղաքացիների ուշադրությունը շեղելու սեփական երկրում տիրող բռնությունների ու ճնշումների, մարդու ազատությունների ոտնահարման հետևանքով առաջացած ընդվզումներից և սևեռելու սահմանային ընդհարումների վրա: Արտաքին դաշտում Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն ուզում է խափանել բանակցային գործընթացը և ստեղծել խնդրի խաղաղ կարգավորման անհնարինության պատրանք:
Լրագրող Արթուր Գրիգորյանը խնդրեց պաշտպանության նախարարին բնութագրել այն իրավիճակը՝ «կարմիր գիծը», որին կհաջորդեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունները:

Մենք պետք է խաղաղություն պարտադրենք հրադադարի ռեժիմը խախտող հակառակորդին՝ նրա յուրաքանչյուր ոտնձգությանը տալով արժանի հակահարված՝ ասաց Սեյրան Օհանյանը, ապա շարունակելով զարգացնել միտքը՝ նշեց, որ հայկական Զինված ուժերն անընդհատ հզորացող և կատարելագործվող կառույց է և այսօր լավագույնս կատարում է իր առջև դրված խնդիրները: Սահմանային ընդհարումներն առայժմ փոքրամասշտաբ են, կրում են տեղային բնույթ, և հայկական կողմն ամեն ինչ անում է լայնամասշտաբ գործողություններից խուսափելու համար` իրականացնելով նաև կանխարգելիչ գործողություններ…

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ Սեյրան Օհանյանը մեծապես կարևորեց այն՝ ասելով, որ հայկական կողմը վստահում է Մինսկի խմբին, համոզված է, որ նաև նրանց ջանքերի շնորհիվ է պահպանվել երկարատև խաղաղությունը: Նախարարը մեկ անգամ ևս փաստեց, որ հայկական կողմը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միայն մեկ՝ խաղաղ, բանակցային ճանապարհ է տեսնում:

Լրագրողները հետաքրքրված էին նաև Գյումրիում կատարված ոճրագործության փաստով հարուցված քրեական գործի քննությամբ: Նախարարը լրագրողներին հորդորեց վստահել հայ և ռուս իրավապահներին և անհարկի միջամտություններով չխոչընդոտել քրեական գործի քննության ընթացքը, նշելով, որ այդ ոճրագործությունը չի կարող խաթարել հայ-ռուսական բարձր մակարդակի ռազմաքաղաքական համագործակցությունը: Այդուհանդերձ լրագրողները բարձրաձայնեցին իրենց մտահոգության մասին, կապված ռուսական բանակի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում տիրող ներքին կարգուկանոնի հետ, ինչը կարող է հետագայում ևս միջադեպերի պատճառ դառնալ: Նախարարը տեղեկացրեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայում կատարվում են հիմնարար բարեփոխումներ, և ռազմաբազայի ղեկավարության հետևողական աշխատանքը եղել է և այսուհետ նույնպես կլինի նպատակային և արդյունավետ:

Լրագրողներից մեկը ադրբեջանական կողմի վերջին շրջանի ակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանին պայմանավորեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով և ցանկացավ իմանալ պաշտպանության նախարարի կարծիքը:
Նախարարը չբացառեց, որ հակառակորդը կարող է օգտվել իր համար շահեկան յուրաքանչյուր իրավիճակից: Մենք պետք է զգոն լինենք, հասկանանք, որ մեր դեմ գործում է ոչ թե մեկ հակառակորդ, այլ մենք խնդիր ունենք դիմակայելու համակարգված հարձակումների՝ ասաց նախարարը:

Հարց հնչեց նաև նախարարին կից հանրային խորհրդի և հանրապետական զորակոչային հանձաժողովի աշխատանքների մասին: Նախարարը հավաստիացրեց, որ վերջին տարիներին կոռուպցիոն ռիսկերը մեծապես նվազել են. ձևավորվել է նոր հանձնաժողով՝ նոր սկզբունքներով: Նրա աշխատանքը դարձել է առավել թափանցիկ ու վերահսկելի:

«Չեմ բացառում, որ կլինեն որոշ թերություններ ու բացթողումներ, ինչը շտկելու համար գոյություն ունեն բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Ես մնում եմ այն համոզման, որ ավելի լավ է առողջական որոշ խնդիրներ ունեցող պատանին զորակոչվի, բուժվի բանակում, այնուհետև շարունակի ծառայությունը կամ զորացրվի՝ ելնելով զինվորի առողջական վիճակից, քան մենք հնարավորություն ընձեռենք որևէ մեկին կաշառք տալու միջոցով խուսափել զինծառայությունից կամ ստանալ տարկետում»,- ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի հերթական երեք հատորների շնորհանդեսը: Նախագծի հեղինակն ու խմբագիրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով պարգևատրեց բանակի ակտիվ լուսաբանմամբ և ռազմական գերատեսչության հետ արդյունավետ համագործակցությամբ աչքի ընկած լրագրողներին…

Էդիտա Մելքոնյան
Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26