Ուզում եմ ռազմական բժիշկ դառնալ

Երբ արդեն դուրս էինք գալիս ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքից, մեզ մոտեցավ Հարություն Առաքելյանը ու հարցրեց.

-Ներեցեք, ո՞ր կայքում եք դնելու մեր նկարները:

-amda.am:

Ի՞նչ կայք է:

-«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության…

Չգիտեի, որ ռազմական բժիշկների կայք գոյություն ունի. ե՞րբ է բացվել:

Ամիսներ առաջ:

-Ուզում էի ռազմական բժիշկ դառնալ, բայց չկարողացա ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվել. գիտեք՝ տեղերը սահմանափակ են, և ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվում են այն դիմորդները, ովքեր ամենաբարձր միավորներն ունեն… Իմ միավորները այնքան էլ բարձր չէին, բուժական ֆակուլտետ ընդունվեցի… Ես կկարողանա՞մ բուժական ֆակուլտետը ավարտելուց հետո ռազմական բժիշկ դառնալ. իմ երազանքն է:

Ընկերներից մեկը, որ Հարությունի թիկունքում կանգնած լսում էր մեր խոսակցությունը, հարցրեց.

-Բժիշկը բժի՞շկ չի, ի՞նչ տարբերություն:

-Ռազմական բժիշկները ուրիշ են… կարգապահ, նվիրված, իրենց գործը լավ գիտեն,- պատասխանեց Հարությունը:

Նայեցի աչքերին. կամք ու վճռականություն կար, հավատացի, որ ռազմական բժիշկ է դառնալու:

Էդիտա Մելքոնյան