Պատրաստ ենք օգնել ինչով կարող ենք

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր, բ/ծ կապիտան Համլետ Ղորխմազյանի հետ.

-Ծնվել եմ 1978 թվականին` Վանաձորում: Ավարտել եմ տեղի թիվ 2 վարժարանը, ապա 1995-2001 թվականներին ուսումս շարունակել ՌԴ Սամարայի պետական բժշկական համալսարանում, որին հետևել է նույն համալսարանի հետդիպլոմային վերապատրաստման փուլը: Ավարտելուց հետո վերադարձել եմ հայրենիք, անցել պարտադիր զինվորական բժշկական ծառայության` Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալում, որտեղ ծառայել եմ մինչև 2012 թվականը որպես վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր: Պարբերաբար մասնակցել եմ վերապատրաստման դասընթացների` օրթոպեդիայի, վնասվածքաբանության ուղղությամբ: Ուսումնական փորձի փոխանակման նպատակով Սերբիայում մասնակցել եմ ՆԱՏՕ-ի զորավարժություններին: 2012 թվականին Պաշտպանության նախարարության կողմից հնարավորություն ընձեռվեց վերապատրաստվել Գերմանիայի դաշնությունում: 2012-2014-ի մարտ ամիսը վերապատրաստվել եմ Քոբլենս քաղաքում` կենտրոնական զինվորական հոսպիտալում:

– Պարոն կապիտան, պարբերաբար մասնակցել եք վերապատրաստման դասընթացների: Մի փոքր խոսենք դրանց նշանակության և անհրաժեշտության մասին:

-Բժշկությունը Եվրոպայում և այլ զարգացած երկրներում ավելի բարձր մակարդակ ունի: Մենք պարբերաբար պահանջ ենք ունենում, որ մեր գիտելիքները կատարելագործվեն Հայաստանի սահմաններից դուրս ևս: Նշանակությունն իհարկե, մեծ է: Մեր համակարգի բոլոր բժիշկները վերապատրաստվում են, զինվում նոր գիտելիքներով, յուրացնում առաջավոր փորձը և վերադառնում Հայաստան` որպես որակյալ մասնագետներ:

-Ձեր դժվարին աշխատանքում ո՞րն է, այնումանենայնիվ, ամենամեծ դժվարությունը…

-Ամենամեծ դժվարությունն այն է, որ պարբերաբար բախվում ես ծանր հիվանդությունների և պետք է կենաց մահու պայքար մղես, որպեսզի փրկես զինվորի կյանքը և ճանապարհես լիովին ապաքինված: Մեր մասնագիտության մեջ կարևոր են մարդասիրությունը, հոգատարությունը, մասնագիտական որակները: Երբ քո հիվանդներն առողջանում են, ավելի ես ոգևորվում և ձգտում ես ավելին անել: Մեզ համար առաջնայինը մեր զինվորներին առողջ տեսնելն է: Չափազանց կարևոր է, որ նրանց հարազատները հանգիստ ու վստահ լինեն` իրենց զավակները գտնվում են հուսալի ձեռքերում: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխային առողջ տեսնել, իսկ մեր պարտքն է նրանց ոչ միայն բուժել, այլև նպաստել կարգապահությանը և հայրենասիրական ոգու բարձրացմանը: Տեսնելով անձնակազմի հոգատարությունը` զինվորներն իրենք էլ իրենց հերթին փորձում են հոգատար լինել միմյանց նկատմամբ: Զինվորների հետ հաճախ ենք զրուցում, հատկապես երբ ընկճված են, խրատներ ենք տալիս ու դա բավական օգնում է:

-Պատմու՞մ են իրենց խնդիրների, մտահոգությունների մասին…

-Այո, իհարկե: Կան տղաներ, որ ավելի անմիջական են, կան նաև այնպիսի զինվորներ, որ ավելի փակ են: Ամեն դեպքում` մենք բոլորին ասում ենք` եթե եկել եք մեր բաժանմունք, պատրաստ ենք ձեզ օգնել ինչով կարող ենք:

-Բաժանմունքում զինվորականներից բացի բուժվում են նաև քաղաքացիներ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մեր անձնակազմի մասնագիտական հմտություններով. և, իհարկե, հոգատարությամբ: Հիվանդն անմիջապես զգում է բժշկի ջերմությունն ու հոգատարությունը: Տարիների ընթացքում մեր բաժանմունքը մեծ վստահության է արժանացել ժողովրդի կողմից: Հուսով եմ` մենք և մեզ հաջորդող բժիշկները նույնպես կշարունակենք այդ ավանդույթները և բարձր կպահենք բաժանմունքի պատիվը:

Հասմիկ Գյոզալյան