Հիվանդի ժպիտն ամենամեծ վարձատրությունն է

Զրույց  ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի բժիշկ, բ/ծ  կապիտան Գևորգ  Դատումյանի հետ:

 

– Ծնվել եմ  1977 թվականին Աշտարակ քաղաքում: 1995-2001 թվականներին սովորել եմ  Մխիթար Հերացու անվան  ԵՊԲՀ բուժական ֆակուլտետում, ապա կլինիկական օրդինատուրա` վիրաբուժություն մասնագիտությամբ:  2005 թվականին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն: 2006-թվականից ծառայում  եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական  հոսպիտալի վիրաբուժության  բաժանմունքում:

 

-Պարոն կապիտան, խնդրում եմ նախ խոսենք վիրաբուժության բաժանմունքի կարևորության մասին…

 

-Ընդհանրապես, վիրաբուժության  բաժանմունքը  համարվում է  հիվանդանոցի, տվյալ պարագայում`  զինվորական հոսպիտալի  ծանր հրետանին, որովհետև իր ուսերին  է վերցնում և՛ պատերազմական,  և՛ խաղաղ ժամանակներում հրազենային վիրավորումերի  հետևանքով տուժած հիվանդների կյանքը փրկելու պատասխանատվությունը,  նրանց բուժումը և վերադարձը շարք:  Վիրաբուժության  բաժանմունքը բավական հարուստ ավանդույթներ ունի: Բաժանմունքի  պետերը միշտ ուշադրություն են դարձրել թե՛ բուժական հարցերին, և՛ թե գիտության ուղղությամբ կատարվող  աշխատանքներին: Բոլոր բժիշկներս ներգրավված ենք գիտական աշխատանքների,  փորձարարական ծրագրերի մեջ:

 

-Ի՞նչն եք ամենաշատը կարևորում Ձեր առաքելության մեջ…

 

-Ամենակարևորն այն է,  որ հիվանդին` առավել ևս զինվորին, ընդունենք  որպես մեր զավակ,  կրտսեր եղբայր  և  առողջություն պարգևենք նրան, որպեսզի հայրենիքի պաշտպանը  լիարժեք  վերադառնա շարք:

 

-Ե՞րբ է զինվորական  բժիշկն իրեն գնահատված զգում..

 

-Հիվանդի ժպիտը ամենամեծ վարձատրությունն է ու գնահատանքը. այն լիարժեք հոգեկան  բավարարվածություն է պարգևում վիրաբույժին:

 

-Որո՞նք են բժիշկ-զինվոր հարաբերությունների առանձնահատկությունները:

 

-Քանի որ զինվորները դեռահասության  տարիքում են և լիովին ձևավորված չեն, յուրքանչյուր  բառ կարող են  սխալ ընկալել և շատ բուռն արձագանքել:  Այդ պատճառով նրանց պետք է ընդունել  որպես հարազատի. երբեք չվիրավորել, երբեք ձայնի տոնը չբարձրացնել…  հավատացեք`  ջերմ վերաբերմունքի արդյունքում է ծնվում  վստահությունը  բժշկի նկատմամբ:

 

-Քաղաքացիները  ևս  դիմում են զինվորական հոսպիտալ:   Ըստ Ձեզ` Ինչո՞վ է դա պայմանավորված:

 

– Առանց ավելորդ համեստության ասեմ, որ  մեր անձնակազմի մասնագիտական  որակը, բարձր հմտությունները միշտ էլ արժանիորեն  գնահատվել են   հասարակության կողմից: Նախընտրության հիմքում վստահությունն է  մեր նկատմամբ և բարձրորակ բուժսպասարկումը:

 

Հասմիկ Գյոզալյան