Միաբանություն՝ սա է մեր փրկության բանալին

Օրեր առաջ, երբ այցելել էի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, վնասվածքաբանության բաժանմունքի հիվանդ զինվորները պատմեցին «բժիշկ Արտաշի» մասին՝ «կենսախինդ, ուշադիր, հոգատար անձնավորություն»,որ իրենց ընկերն է դարձել, «ճիշտ» ու «սխալ» է բացատրել ոչ թե փողոցային արատավոր բարքերի տրամաբանությամբ, այլ այն իմաստությամբ, որ վեր է բոլոր «չգրված օրենքներից»…

Որոշեցի հանդիպել նրան՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի ատամնաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Արտաշես Քարտաշյանին՝ նախապես պարզելով, որ ավարտել է «Հայբուսակ» բժշկական համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը, մեկ տարի ինտերնատուրա, ապա մեկնել Մոսկվա և երկու տարի սովորել Մոսկվայի պետական բժշկաատամնաբուժական համալսարանում, անցել է հատուկ վերապատրաստման դասընթաց և ստացել իմպլանտոլոգի որակավորում:

– Երկու տարի աշխատել եմ Մոսկվայի ուռուցքաբանության գիտական ինստիտուտում որպես ուռուցքաբան-վիրաբույժ. իմ ուղղությունը գլխի և պարանոցի շրջանի ուռուցքները վիրահատելն էր: Մինչ այդ ես չէի պատկերացնում՝ ինչ է մահը… Բայց երբ ծանոթացա չարորակ ուռուցքներով տառապող հիվանդների հետ, նրանց հետ շփվելիս ես մի նպատակ դրեցի իմ առաջ՝ հաղթել հիվանդությանը, հաղթել մահին: Գալիս էին մարդիկ, ովքեր իրենց վերջին միջոցներն էին օգտագործում փրկվելու համար… Հուսադրում էի նրանց, որ ամեն ինչ լավ կլինի… Ու գիտեք՝ ինչ ծանր էր ինձ համար, երբ տեսնում էի, որ հիվանդը հավատում է ինձ, իսկ ես չեմ կարող հիվանդի հետ անկեղծ լինել ու անզոր եմ փրկելու նրա կյանքը… Ինձ զգում էի, ինչպես դավաճան… Ծանր էր գիտակցելը, որ լինելով բժիշկ՝ չես կարող ծառայել քո կոչմանը՝ կյանք պարգևել…

Այդ ամենը այնքան ծանր էր, որ թողեցի՞ք ուռուցքաբանությունը:

-Այո, որոշեցի զբաղվել այն աշխատանքով, որը կօգնի հիվանդին… Որոշեցի մոռանալ ուռուցքաբանությունը, թողնել Մոսկվան ու վերադարձա հայրենիք, որովհետև ես եկել էի Մոսկվա միայն սովորելու համար…

Մոսկվայում մնալը, աշխատելը «շահեկան» էր և նյութական առումով, և աշխատանքային փորձի : Մոսկվայում աշխատավարձը իսկապես գայթակղիչ էր, ինքս ինձ մի հարց եմ տալիս. ինչ ուժ էր, որ հաղթեց անհոգ ու բարեկեցիկ ապրելու ցանկությանը….

Քանի՞ տարի մնացիք Մոսկվայում:

-Վեց, բայց այդ տարիներին գրեթե ամեն ամիս գալիս էի տուն, գնում էի գյուղ՝ Տավուշի մարզ՝ մեր գյուղը Այգեձորն է. բազմաթիվ դատարկված տներ էի տեսնում, լսում էի պատմություններ հայրենի շենը թողած ընտանիքների՝ ինձ ծանոթ մարդկանց մասին….Գյուղում մնացել էին ծերերը, որոնցից շատերը հիվանդ էին, կային նաև անկողնային ծանր վիճակում գտնվող մեծահասակներ… Ես էլ արդեն երեք երեխա ունեի ու մի պահ ինձ էի պատկերացնում նրանց փոխարեն… Սարսափում էի այն մտքից, որ տարիներ հետո, երբ ես էլ ծերության հասնեմ, իմ զավակները կթողնեն ինձ օտարների խնամքին:

-Պատկերացնո՞ւմ էիք, որ գալով Հայաստան՝ ռազմաբժշկական ծառայության մի մասնիկը կդառնաք:

– Վերադառնալուց հետո մի քանի ամիս սպասումների մեջ էի, չէի գտնում իմը… Ու վերջապես ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Մանկուց սիրել եմ զինվորականի մասնագիտությունը և պատիվ եմ համարում զինվորական լինելը, Հայոց բանակին, Հայոց բանակում ծառայելը: Հասկանում եմ, որ լինելով զինվորական՝ ես ամենից առաջ իմ բանակի դեմքն եմ ներկայացնում, իմ առջև դրել եմ մի հստակ առաջադրանք՝ միշտ լինել կոկիկ, պարկեշտ, կարգապահ, իմ ընտանիքը նույնպես պիտի օրինակելի լինի:

-Ինչպե՞ս է իրականացվում ատամնաբուժական ծառայությունը հոսպիտալում կամ զորամասեր գործուղումների ժամանակ:

– Երբ զորամասից զինվոր են ուղեգրում մեզ մոտ ատամների, լնդերի ամենատարբեր հիվանդություններով, կամ մեզ են դիմում զինվորականներ, նրանց ընտանիքի անդամներ, մենք ամեն ինչ անում ենք նրանցից յուրաքանչյուրին գոհացնելու համար… Մեր հոսպիտալն ունի նաև քաղաքացիներին ընդունելու, վճարովի հիմունքներով բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն. ստացված միջոցներները նույնպես ներդրվում են զինծառայողների բուժօգնության համար անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար:

Մասնագիտական գործունեության ընթացքում մենք իրականացրել ենք նաև այլ աշխատանքներ: Տարիներ առաջ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ անապահով ընտանիքների համար կարևոր մի ծրագիր մշակվեց և հետագայում իրականացվեց. նշանակված օրերին ՀՀ տարբեր մարզերից ՊՆ տրամադրած երթևեկության միջոցներով անապահով ընտանիքներում ապրող զինծառայողների հարազատները գնում էին տեսակցելու բանակում ծառայող իրենց հարազատին: Մեզ՝ որպես բուժաշխատողների կցում էին այդ խմբերին՝ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն, բուժական այլ միջամտություններ իրականացնելու համար: Դրանք կարճատև գործուղումներ էին:

Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, գործուղումները ավելի հաճախ էին լինում: Ե’վ հոգնում էի, և’ գոհանում, որովհետև զգում էի, որ կարևոր գործ եմ անում… ուզում էի, որ բոլորն էլ էլ ինձ պես մտածեն, հասկանան, որ ոչ թե հայրենիքը պիտի տա մեզ, այլ մենք պիտի տանք հայրենիքին՝ մեր կյանքը, մեր ուժերը, հնարավորությունները: Ու երբ որևէ գործ ես անում, պետք չի փող հնչեցնել ու սպասել հատուցման … Մենք բոլորս ասում ենք՝ ես սիրում եմ իմ երկիրը, բայց եթե ոչինչ չենք անում երկրի համար, մեզ նեղություն չենք տալիս մեր հայրենիքին մի օգուտ տալու համար, ուրեմն դատարկ ծնծղա ենք…

-Զինվորական ծառայություն, բուժծառայություն. հնարավո՞ր է՝ հետագայում նաև հոգևոր ծառայությունը դառնա Ձերը:

– Ես չգիտեմ՝ ինչ կանեմ հետագայում … Եթե ՏԵՐԸ կամենա, գուցե գա այդ օրը… Իմ մոր պապը քահանա է եղել:

-Եթե չեմ սխալվում, Ձեր եղբայրը՝ տեր Աբելը, նույնպես քահանա է ձեռնադրվել, Մոսեսգեղի հոգևոր հովիվն է…

-Այո:

Հաճա՞խ եք լինում Տավուշում:

-Գրեթե ամեն շաբաթ. հանգստյան օրերը գյուղում ենք անցկացնում:

Տարին լարված սկսվեց… Ինչպե՞ս են սահմանամերձ գյուղերի բնակիչները դիմակայում այդ լարվածությանը:

-Շարունակում են ապրել՝ իրենց հողին կառչած.. Մենք էլ պիտի աղոթենք մեր զինվորների համար, մեր իշխանավորների համար…Մեր նախարարը Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Խաչքավոր է եղել… Ես ասում եմ՝ ամեն ինչում է Բարձրյալի կամքը… Կարդացե՞լ եք նրա ուղերձը, հայրենանվեր մտքեր են, հրաշալի ձևակերպումներ: Մտածում եմ՝ ամեն ինչ ճիշտ է ասված, բայց ո՞րն է ճանապարհը: Ճանապարհը սկսվում է մեզանից… Եթե մեզանից յուրաքանչյուրը ասի՝ ես չգիտեմ, թե ումով է սկսվել կաշառակերությունը, բայց ինձնով կավարտվի այն, եթե մեզանից յուրաքանչյուրը ասի՝ ես չգիտեմ՝ ումով է սկսվել հայհոյությունը, սուտը, բայց ինձնով կավարտվի այն, հավատացեք, բոլոր արատավոր երևույթները կանհետանան մեր հասարակության միջից: Միաբան լինենք. սա է մեր փրկության բանալին:

-Ուղերձում Դարեհ արքայի խոսքերը գտա. «Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել»… Ուզում եմ հավատալ, որ պատմությունից դասեր կքաղենք, և ոչ մի աներևույթ ուժ այլևս չի բաժանի մեզ:

Էդիտա Մելքոնյան